Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտությունների թեկնածու դառնալու «գաղտնիքը»

Նոյեմբեր 01,2008 00:00

Ամուր նյարդեր, գումար եւ հատուկ հմտություններ

Գիտությունների ապագա թեկնածուների եւ արդեն թեկնածուական կյանքի բարիքներին ու դժվարություններին ծանոթ անձանց շրջանում «Առավոտի» կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գիտությունների թեկնածու դառնալու համար անհրաժեշտ են ոչ միայն տվյալ ոլորտի տեսական եւ գործնական գիտելիքներ, այլեւ որոշ հատուկ հմտություններ. օրինակ՝ գիտական քարտուղարի հետ լեզու գտնել, որ նա հնարավորինս շուտ կնիք դնի թեկնածուի ատենախոսության մասին կարծիքի վրա: «Առավոտի» հետ զրույցում գիտությունների թեկնածուի կոչում ունեցող մի շարք անձինք պատմեցին, թե ինչ «ոդիսական» են անցել՝ մինչեւ վաստակել են բաղձալի կոչումը: Այսպես, գիտությունների թեկնածու դառնալու առաջին քայլն արվում է ասպիրանտուրա ընդունվելով: Հետո ընտրվում է ատենախոսության թեման, եւ պարզ է դառնում այն հաստատությունը, որտեղ այդ թեման «թեկնածուացուն» պիտի պաշտպանի: Հետո մեկ ամսվա ընթացքում թեմայի մասին տեղեկացնում են բարձրագույն որակավորման հանձնաժողովին՝ ԲՈՀ-ին, ինչից հետո սկսվում է 3 տարվա քրտնաջան աշխատանքը: Այս ամենին հաջորդում է թեկնածուի կոչմանը հավակնողի «փողաթափման» եւ «նյարդաձգման» գործընթացը: Մինիմումները, եթե դրանք հատկապես հանձնվում են ոչ թե ապագա թեկնածուի սովորած բուհում, այլ ուրիշ հաստատությունում, շոշափելի գումարներ են խլում: Ապագա թեկնածուն սովորաբար հանձնում է 3-4 մինիմում, որոնք «արժեն» 5-15 հազար դրամ: Փաստորեն, միջինը 35 հազար դրամ ծախսվում է մինիմումների հանձնման փուլում: Այնուհետեւ ատենախոսությունը հաստատած հաստատությունը նամակ է ուղարկում այնտեղ, որտեղ պիտի պաշտպանվի ատենախոսությունը: Այս փուլն էլ աչքի է ընկնում «բյուրոկրատիզմով»:

Մեր զրուցակիցները վստահեցրին, որ շաբաթներ շարունակ պիտի ընկնես գիտքարտուղարի հետեւից, որ նա պարզապես կատարի իր աշխատանքը. կնքի ատենախոսության կարծիքը: Նույն քաշքշուկները տեղափոխվում են նաեւ այն հաստատություն, որտեղ պիտի տեղի ունենա ատենախոսության պաշտպանությունը: Դրանից հետո սեղմագիրը տարվում է ԲՈՀ, որ թույլ տան այն տպագրել: Դրա համար էլ վճարվում է ամենաքիչը 30 հազար դրամ: Այն փոստով ուղարկվում է նախկին ԽՍՀՄ երկրների գիտական հաստատություններ, որի համար էլ ամենաքիչը 15 հազար դրամ է ծախսվում: Ապագա թեկնածուին միջինը 80 հազար դրամ ծախսի տակ գցելուց հետո միայն նշանակվում է պաշտպանության օրը, որից հետո սեղմագիրը նորից ԲՈՀ է տարվում: Օրենքով 3 ամիս հետո ԲՈՀ-ից պիտի գա պատասխանը: Բայց դա էլ է կախված թեկնածուի հետեւողականությունից. «Պիտի անընդհատ զանգես, երեսդ պնդես, որ գոնե ժամանակին տան պատասխանը»,- պնդում են թեկնածու դարձած անձինք եւ նկատում. «Եթե ԲՈՀ-ի դերակատարությունը հանվի, բավականին կհեշտացվի գործընթացը: Ախր դա ավելորդ օղակ է, որը բացակայում է արտասահմանում: Այն կոչված է վերահսկելու գիտական հաստատությունների աշխատանքը, բայց իրականում չի կատարում այդ գործառույթը»: Այս դժգոհությունները փոխանցեցինք ԲՈՀ-ի տեղեկատվության եւ արձանագրությունների բաժնի պետ Աշոտ Հովհաննիսյանին: Նա ասաց. «ԲՈՀ-ը ինքնագործունեությամբ չի զբաղվում: Գոյություն ունի գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ, որը հաստատվել է կառավարության կողմից: Ինչ վերաբերում է բյուրոկրատիզմին, դա ԽՍՀՄ-ի տարիներին ավելի երկարաձիգ էր: ԲՈՀ-ը չի կարող ավելորդ մարմին համարվել, քանի որ այն վերահսկողությունն է սահմանում: Ընդհանրապես, պետական ապարատի աշխատանքից բոլորը գոհ լինել չեն կարող, այդտեղ կա սուբյեկտիվիզմի գործոն: Մեկը կարող է ասել 3 ամիսը կարճ է, մյուսը՝ երկու օրը շատ երկար է: Ատենախոսը ԲՈՀ ընդհանրապես չի մտնում, միայն գալիս է իր վկայագիրը ստանալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել