Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՈՒՀԱՍ ԴԱՐՁԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ

Նոյեմբեր 01,2008 00:00

\"\"Կամ կոլոփոնի, «հունացիների», թակալակարի ու ազբիկի մասին

«Առավոտը» բազմաթիվ դժգոհություններ է ստանում հանրակրթական դպրոցների սաների ծնողներից: Վերջիններս հաճախ ստիպված են լինում անձամբ սովորել սեփական զավակների դասերը, որպեսզի հետո ավելի մատչելի ներկայացնեն երեխաներին, որովհետեւ դասագրքերի տեքստերը խրթին են ու դպրոցականի համար անհասկանալի ձեւակերպումներով: Օրինակ, վերցնենք թեկուզ Գ. Պետրոսյանի, Լ. Սահակյանի, Լ. Գրիգորյանի, Ս. Ներսիսյանի, Ա. Կարապետյանի, Վ. Ավագյանի, Ա. Խաչատրյանի եւ Գ. Ալեքսանյանի հեղինակությամբ ստեղծված 5-րդ դասարանի բնագիտության դասագիրքը (նախատեսված է 12-ամյա հանրակրթական դպրոցի համար): Այն խճողված է մասնագիտական տերմիններով, ձեւակերպումներն էլ գիտական են ու 5-րդ դասարանցու համար գուցե թե անընկալելի: Մեջբերենք որոշ հատվածներ. «Կարճ ժամանակում Բյուրականի աստղադիտարանը դարձավ աշխարհի առաջատար աստղադիտարաններից մեկը: Նրա հիմնադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի առաջ քաշած գաղափարները եւ հայտնագործությունները կանխորոշեցին աստղաֆիզիկայի հետագա զարգացման ուղին ողջ աշխարհում» (էջ 49): «Երկրակեղեւի շարժումները առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն, լայնարձակ տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր (գեոսինկլինալներ)» (էջ 55): «Օվկիանոսի օրգանական աշխարհի ներկայացուցիչները բաժանվում են հատակի բնակիչների, ակտիվ եւ պասիվ լողացողների: Հատակի բնակիչները առավելապես գամված են օվկիանոսի հատակին եւ ջրում քիչ են տեղաշարժվում: Ակտիվ լողացողները հիմնականում ունեն ջրհոսելի մարմին եւ ուժեղ մկաններ» (էջ 80): «Հողմաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը համաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է» (էջ 114): «Մագմային ապարներն առաջանում են հրաբուխների ժամանակ արտահոսող լավայից, երբ այն կարծրանում է Երկրի ներսում կամ մակերեւույթի վրա: Մագմային ապարներն են գրանիտը, տուֆը, բազալտը եւ պեմզան… Այն ապարները կամ հանքանյութերը, որոնք օգտագործվում են ժողովրդական տնտեսության մեջ՝ օգտակար հանածոներ են» (էջ 52):

Իհարկե, ցանկալի է, որ երեխաների բառապաշարը հարստանա նոր բառերով, բայց հաստատ 5-րդ դասարանցին դասը պատմելու համար կդժվարանա նախադասություններ կազմելիս օգտագործել գեոսինկլինալներ, կանխորոշել, գամվել, ջրհոսելի եւ նման այլ բառեր, որոնց իմաստը այդքան էլ լավ չի պատկերացնում:

Այս առումով «ռեկորդակիր» է Կ. Սողոմոնյանի հեղինակած՝ 5-րդ դասարանի համար նախատեսված «Տեխնոլոգիա» դասագիրքը: «Տեխնոլոգիա առարկան ձեզ նախապատրաստում է ժամանակակից հասարակարգում ինքնուրույն աշխատանքային կյանքին եւ դաստիարակում է կիրթ, ստեղծագործող, նախաձեռնող եւ ակտիվ ապագա մասնագետ»,- մանրամասնում է գրքի հեղինակը ներածության մեջ: Այս գրքում էլ «բացառիկ» նմուշներ են տեղ գտել, եւ որոշ կտորներ ստիպված ենք ներկայացնել ընթերցողին: «Աշխատանքը դազգահի վրա պետք է կատարվի ուժերի խնայմամբ եւ նվազագույն ճիգերով» (Պարագրաֆ 7 ): «Ծառերի արմատներից ստանում են տարբեր տեսակի խեժեր, կոլոփոն, սկիպիդար եւ այլն: Տերեւներից եւ փշատերեւներից կարելի է ստանալ եթերային յուղեր, վիտամիններ եւ բուժիչ պատրաստուկներ» (Պարագրաֆ 8 ): Նույն տեքստում իբր հասկանալի բացատրվում է, թե ծառի բունն ինչ կազմություն ունի. «Ծուծաճառագայթները ձգվում են միջուկից մինչեւ կեղեւը եւ ձեւավորում են տեքստուրան»: Պարագրաֆ 17-ում խոսվում է սննդի եւ սնվելու նշանակության մասին. «Սնուցումը օրգանիզմի կենսունակության, առողջության եւ աշխատունակության համար անհրաժեշտ սննդանյութերի (սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների եւ հանքային աղերի) յուրացման գործընթացն է: Ճիշտ եւ ռացիոնալ սնուցումը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ, ռացիոնալ սնուցումը կանխում է վաղաժամ ծերացումը… Մարդու օրգանիզմն ի վիճակի չէ նյութափոխանակության ժամանակ սինթեզել մի շարք նյութեր (օրինակ՝ որոշ վիտամիններ, անփոխարինելի ամինաթթուներ)»: Պարագրաֆ 20-ում դարձյալ բարդ տերմիններով պատմվում է թերթամետաղի եւ մետաղալարի մասին. «Մետաղների գլոցումն իրականացվում է գլոցահաստոնների վրա: Նախապատրաստվածքը պտտվող հոլովակների օգնությամբ մատուցվում է հաստոցի երկու գլանիկներին՝ գրտնակներին…»: Պարագրաֆ 24-ում ասվում է. «Հաստոցի վրա հենքաթելերի շարժումն իրականացվում է իջնող եւ բարձրացող շրջանակների (ազբիկ) օգնությամբ, որոնց օղակներով (աչքեր) անցնում են հենքաթելերը: Ազբիկները բարձրացնում են որոշ հենքաթելեր եւ իջեցնում մյուսները: Դրանց միջեւ գոյացած տարածքում հայտնվում է մաքոքը, որում գտնվող միջնաթելը անցնում է հենքաթելերի արանքով»: Խեղճ 9-ամյա 5-րդ դասարանցի, դե եկ ու գլուխ հանիր բառային այս խառնիճաղանջությունից:

«Խայտաբղետ» հայերենի առումով ինքնատիպ է նաեւ Պարագրաֆ 26-ը՝ նվիրված «Հագուստի կոնստրուկտավորման եւ մոդելավորման տարրերին»: Այստեղից տեղեկանում ենք. «Մարդը միշտ ձգտել է ունենալ գեղեցիկ արտաքին տեսք, որի համար անգնահատելի է հագուստի դերը: Դեռեւս նախնադարյան մարդիկ կրում էին հագուստ՝ կենդանիների մորթուց: Այնուհետեւ հայտնվեցին հունացիների տղամարդու եւ կնոջ զգեստները, որոնք չէին կարվում…»: Հեղինակը հանդես է գալիս իբրեւ «բառաշինարար», հույնը Կ. Սողոմոնյանի «թեթեւ ձեռքով» վերածվել է հունացու: Պարագրաֆ 26-ն էլ նվիրված է կարվածքի մշակման տեխնոլոգիային: Երեխան ուսուցչի առաջ «սեւերես չմնալու» համար պիտի ճգնի անգիր անել, որ «Թակալակարը միմյանց հաջորդող կութերի շարքն է, որտեղ բոլոր կութերը, ինչպես նաեւ դրանց հեռավորություններն իրար հավասար են»: Նշենք որ այս գրքերը հաստատված են ԿԳ նախարարության կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել