Լրահոս
Օրվա լրահոսը

Դասատուներն ընդդեմ Հեքեքյանի

Նոյեմբեր 01,2008 00:00

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հեռացված դասատուները փորձում են աշխատանքում վերականգնվել դատարանի օգնությամբ:

Երեկ Ժուռնալիստների միությունում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը դպրոցում առաջացած անառողջ մթնոլորտի վերաբերյալ բանավիճեց աշխատանքից ազատված ուսուցիչների հետ: Մանկավարժները մատնանշում էին տնօրենի կողմից թույլ տրված մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ իրենք բազմաթիվ դիմումներ են գրել Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին, վարչապետ Տ. Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին: «Հայաստանի պատանի սաքսոֆոնահարներ» հ/կ-ի նախագահ, Սայաթ-Նովայի անվան դպրոցի նախկին մանկավարժ Կարեն Մանուչարյանի փոխանցմամբ, 2003թ. սկսած, դպրոցում առաջացան լուրջ պրոբլեմներ, քանի որ մանկավարժների հետ սկսել են կնքվել կարճաժամկետ պայմանագրեր, ինչը իրավունքների խախտում էր: «Ուսուցիչներն անընդհատ բարձրաձայնում էին, թե ինչու չունեն վճարվող արձակուրդ, ինչու է խաթարվում իրենց երկու ամսվա ստաժը (հուլիս, օգոստոս), որովհետեւ պայմանագիրը կնքվում էր սեպտեմբերից մինչեւ հունիս: Այս խնդիրների պարզաբանումը հստակ տրվեց, երբ ի պատասխան մեր դիմում-բողոքի, 2008թ. ապրիլին գրություն ստացանք ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետից, որտեղ արձանագրված էր, որ դպրոցում կատարված ուսումնասիրությունները փաստում են ՀՀ աշխատանքային օրենսդրության, կառավարության որոշումների ու աշխատանքային պայմանագրի համապատասխան կետերի խախտումներ»: Ըստ. Կ. Մանուչարյանի՝ դպրոցի փոխտնօրեն Սուրեն Հարությունյանը հետո տեսչությանը տեղեկացրել էր, թե իբր խախտումները վերացվել են, սակայն ոչինչ էլ չէր փոխվել. «Վերջերս, կազմակերպելով կոլեկտիվի ժողով, պարոն Հեքեքյանը հայտարարեց, թե կկնքվեն նորմալ պայմանագրեր, սակայն դա տեղի չունեցավ: Նշեմ, որ դպրոցի ուսուցիչների կողմից կային բազմաթիվ դիմում-բողոքներ, եւ այս ամռանը նախագահի վերահսկողականը եւս ստուգումներ էր անցկացրել դպրոցում, ինչից հետո միայն սկսեցին ուսուցիչների հետ անժամկետ պայմանագրեր կնքել: Կազմակերպվեց արհմիության ժողով եւ հրավիրվեց նաեւ պարոն Հեքեքյանը: Նա այդ ժողովից նեղացած հեռացավ, ինչից հետո դպրոցում սկսվեց «վհուկների որս»: Կանչվում էին դասատուներ, պարզելու, թե ո՞վ է դպրոցի դեմ դուրս եկել ու նրանք, ովքեր հետեւողական իրենց իրավունքները փորձում էին պաշտպանել, այսօր հայտնվել են դպրոցի սահմաններից դուրս: Պատճառաբանելով, որ սեպտեմբերի 1-ից տնօրինությունը ոչ բոլորի հետ կարող է պայմանագիր կնքել՝ շատերին «խաղից» դուրս են թողել»: Կ. Մանուչարյանը հավելեց, որ տնօրինությունը այժմ աշխատանքի է ընդունել երիտասարդ ու անփորձ դասատուների, փոխարենը ազատվել են փորձառուները, անգամ մեկը, որը անցյալ տարի ճանաչվել է ՀՀ լավագույն ուսուցիչ: Կ. Մանուչարյանը հավելեց. «Մեր բազմաթիվ դիմումներում նշել ենք ոչ միայն աշխատանքային ոլորտին վերաբերող, այլեւ ֆինանսահաստիքային խախտումների մասին, օրինակ՝ այն, որ դպրոցից անհետանում էին երաժշտական գործիքներ, որոնցից մեկը պատմամշակութային արժեք հանդիսացող սպիտակ ռոյալն էր: Երբ նախագահի վերահսկողականից եկան ստուգելու, այն հայտնաբերվեց նկուղում՝ անմխիթար վիճակում»:

Նշենք, որ հեռացված մանկավարժներ Սուսաննա Բալայանը, Սուսաննա Արմենակյանը, Նարինե Արմենյանը, Աիդա Փարսադանյանը արդեն դիմել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ աշխատանքում վերականգնվելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով: Այժմ էլ պատրաստվում են բողոքը ներկայացնել վերաքննիչ ատյան: Մանկավարժները հայտարարեցին, որ 2003 թվականից, երբ Տ. Հեքեքյանը տնօրեն է դարձել, դպրոցը լքել է 60 որակյալ մանկավարժ, իսկ սովորողների թիվը չորս անգամ պակասել է: Նրանց հավաստմամբ՝ Տ. Հեքեքյանի տնօրեն դառնալուց հետո դպրոցի սաները զրկված են դահլիճներից, լրացուցիչ պարապմունքներից, տնօրենը նույնիսկ իր դպրոցի սաներից մեկին դահլիճ է տրամադրել $100 վերցնելուց հետո: Ողջ ասուլիսի ընթացքում պարոն Հեքեքյանը լուռ ունկնդրում էր իրեն ուղղված մեղադրանքները:

Վերջում նա ասաց. «Չէի ցանկանա իջնել այն դաշտը, որտեղ դուք խաղում եք եւ որի մեջ արդեն հինգ տարի է՝ փորձում եք ինձ էլ ներքաշել՝ մամուլում հոդվածներ տպելով: Դա իմ ոճը չէ, ես սիրում եմ աշխատել ու այդպես ցույց տալ իմ հնարավորություններն ու կարողությունները: Այսօր մեղադրական հարցերը նորից ու նորից կրկնվում են, ու եթե մեկընդմիշտ վերջ չտրվի այս ամենին, դուք մինչեւ խոր ծերություն կխոսեք: Այն, ինչ այստեղ հնչեցրիք, չի համապատասխանում իրականությանը՝ այլ ուղղակի շուռ տված պատմություն է»: Տ. Հեքեքյանի ձեւակերպմամբ, եթե հանրակրթական դպրոցներում նոր են սկսվել դրական փոփոխությունները, ապա ինքը դա իրականացնում է 2003 թվականից. «Ինչ վերաբերում է դահլիճի համար երեխայի կողմից $100 վճարելուն, ասեմ, որ դահլիճը միայն դրսի մարդկանց համար է վճարովի, իսկ մեր սանը այդ գումարը որպես նվիրատվություն վճարել է դպրոցի ֆոնդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել