Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԱՄԻԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ

Նոյեմբեր 01,2008 00:00

Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը խանգարում է իր քրոջ տեգորը՝ հայտնվել դպրոցի տնօրենի պաշտոնում

«Առավոտի» հոկտեմբերի 3-ի համարում արդեն տեղեկացրել ենք, թե ինչ ապօրինություններով է համայնքը ղեկավարում Կոտայքի մարզի Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը: Օգտվելով այն հանգամանքից, որ իշխանություններն իր արածների վրա աչք են փակում, այս անգամ էլ նա քաղաքականացրել եւ ընտանեկան ինտրիգի մեջ է ներքաշել գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցութային ողջ գործընթացը:

Ն. Մովսիսյանը նաեւ դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է, եւ դպրոցում աշխատող իր, եղբոր ու ընկերոջ կանանց միջոցով խոչընդոտում է, որպեսզի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցի դպրոցի ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչ Գնել Թադեւոսյանը: Նշենք, որ գյուղապետի քույրը ամուսնացել է Գ. Թադեւոսյանի եղբոր հետ, սակայն վերջինս վաղաժամ մահացել է, եւ կինը, չցանկանալով մնալ ամուսնու տանը, հեռացել է այնտեղից, ինչն էլ թշնամանք է առաջացրել խնամի ընտանիքների միջեւ: Թեեւ տարիներ են անցել, բայց գյուղապետը փորձում է քրոջ «վրեժը» այսպես լուծել Գ. Թադեւոսյանից եւ ամեն ինչ անել, որ տնօրենի աթոռը նրան բաժին չհասնի: «Վերջին տարիներին հաճախ է դպրոցում տնօրեն փոխվում, այս անգամ որոշեցի ես էլ առաջադրվեմ ու մասնակցեմ մրցույթին: Այս ոլորտում նոր մարդ չեմ, երկար տարիներ դպրոցում մանկավարժ եմ աշխատում, բացի դա՝ երկու անգամ էլ տնօրեն եմ եղել… Փորձեցի փաստաթղթերս հավաքել ու ժամանակին ներկայացնել մրցութային հանձնաժողովին, եւ հենց այդ պահից էլ գյուղապետի բարեկամները դուրս ելան իմ դեմ: Առաջինը փորձեց արգելք հանդիսանալ տնօրենի ներկայիս պաշտոնակատար Նվարդ Թորոսյանը, որը գյուղապետի մտերիմ ընկերոջ կինն է: Նա չէր տրամադրում իմ փաստաթղթերը: Միայն վերջերս հասկացա, թե ինչու է պաշտոնակատարն իրեն այդքան ագրեսիվ պահում՝ լուրջ կասկածներ ունեմ, որ հենց նա է գյուղապետի ցանկալի տնօրենի թեկնածուն, եւ հիմա ամեն ինչ արվում է, որ Նվարդ Թորոսյանը ընտրվի տնօրեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գնել Թադեւոսյանը: Նա նշեց, որ մինչեւ վերջ պայքարելու է իր հաղթանակի համար եւ վստահ է, որ մրցույթում կպատասխանի տնօրենի թեկնածուներին առաջարկվող բոլոր 40 հարցերին, սակայն մտահոգ է դպրոցի կառավարման խորհրդի քվեարկությամբ: Գյուղապետը խորհրդի կազմում է ընդգրկել իր բարեկամներին, եւ քանի որ տնօրենի ընտրության համար անհրաժեշտ է խորհրդի 7 անդամներից առնվազն 4-ի քվեն, Գ. Թադեւոսյանը կարծում է, որ գյուղապետի «մարդիկ» կքվեարկեն նրա ուզած ձեւով: «Գյուղապետն ամեն ինչ անում է, որ իր պաշտոնեական դիրքը ի վնաս ինձ օգտագործի: Նա հայտարարել է, թե Գնելը երկու անգամ տնօրեն եղել է եւ երրորդ անգամ իրավունք չունի այդ պաշտոնը ստանձնելու: Նա վերազանցում է իր լիազորությունները: Դեռ իմ տնօրեն եղած ժամանակ էր Մովսիսյան Նորիկը պատերի տակ «կլյաուզաներ» գրում իմ դեմ, այնպես որ՝ իր արարքներից չեմ զարմանում»,- ասում է Գ. Թադեւոսյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին դպրոց է գնացել Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետը եւ ուսուցիչների ներկայությամբ հրապարակել կրթության պետական տեսչության կողմից ուղարկված գրությունը, որով առաջարկվել է կարգապահական պատասխանատվության ենթարկել տնօրենի պաշտոնակատար Նվարդ Թորոսյանին: Մեր տեղեկություններով, տնօրենի պաշտոնակատարին «պատժելու» առիթը նրա կողմից ոչ ճիշտ դասաբաշխումներն են, աշխատակիցներին անօրինական ազատելու դեպքերը, դասացուցակները ուշացնելը եւ այլն: Տեղեկացնենք նաեւ, որ գյուղապետի կինն էլ աշխարհագրության մասնագետ է, բայց դպրոցում պատմություն է դասավանդում:

Կապվեցինք նաեւ գյուղապետ Նորիկ Մովսիսյանի հետ: Նա ասաց, որ խնամիական վրեժխնդրությունն այս պարագայում բացառվում է, ուղղակի ինքը ցանկանում է նորմալ մարդու տեսնել տնօրենի պաշտոնում. «Երկու անգամ Գնել Թադեւոսյանը տնօրեն է եղել, երկու անգամ էլ անփառունակ վախճան է ունեցել»: Ինչ վերաբերում է իր բարեկամներով դպրոցի կառավարման խորհուրդը համալրելուն, այս մասին էլ պարոն Մովսիսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ, որ իմ բարեկամներն արժանի են այնտեղ լինելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել