Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպաններին մահապատիժը չի հուզում

Նոյեմբեր 01,2008 00:00

\"\"Մահապատժի վերացմանը նվիրված քննարկմանը հրավիրված հ/կ-ներից շատերը չէին մասնակցել

ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկվածները՝ մինչ օրեր առաջ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումը, ԶԼՄ-ներին ու իրավապաշտպան կառույցներին ուղարկել էին մահապատժին, իրենց «համաներմանը» նվիրված մի ողջ փաթեթ: «Ընդդեմ մահապատժի եվրոպական /համաշխարհային օրվան» եւ ՀՀ կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 6՝ «Մահապատժի վերացման մասին» արձանագրության վավերացման 5-րդ տարելիցին նվիրված համաժողովին, սակայն, տեղական կառույցներն անպատրաստ էին: Համաժողովին ելույթներ ունեցան ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը, ՀՀ արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ այլք:

Մինչ օրս աշխարհի 92 երկիր վերացրել է մահապատիժը, 10 երկիր այն կիրառում է այնպիսի հանցագործությունների դեպքում, որոնք կատարվել են պատերազմների ժամանակ, իսկ 35 երկիր, թեեւ օրենքով պահպանել է մահապատիժը, սակայն վերջին 10 տարիների ընթացքում չի իրականացրել: ՀՀ-ում մահապատիժը վերացվել է 2005-ին: Նկատենք, որ այսքանով հանդերձ՝ աշխարհում մահապատժի իրականացման դեպքերի ընդհանուր ցուցանիշը շարունակում է բարձր մնալ: 2007թ. 24 երկրում առնվազն 1.252 մարդ է ենթարկվել մահապատժի, իսկ 51 երկրում առնվազն 3.347 մարդ դատապարտվել է մահապաժի: Գործադրված բոլոր մահապատիժների 88%-ն իրականացրել է հիմնականում հինգ երկիր՝ Չինաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը եւ ԱՄՆ-ն:

Համաժողովին հրավիրված տեղական 42 իրավապաշտպան, հասարակական կազմակերպություններից «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչպիսին էր տպավորությունը, ինչ առաջարկներով իրենք հանդես եկան:

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Կարեն Զադոյանը հայտնեց, որ իրենց հ/կ-ն չի մասնակցել համաժողովին եւ որեւէ բան ասել չի կարող՝ խնդրին չտիրապետելու պատճառաբանությամբ: «Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ղեկավար Ամալյա Կոստանյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցել եւ «իրենց կառույցը այլ ուղղվածություն ունի», ուստի, թեեւ դեմ են մահապատժին, բայց այդ ուղղությամբ նպատակային գործունեություն չեն ծավալել: «Կանանց համալսարանական կենտրոնի» ղեկավար Ջեմմա Հասրաթյանի անունը եւս նշված էր համագումարի մասնակիցների ցուցակում, սակայն մեզ հետ զրույցում տիկինը փաստեց, որ չի մասնակցել համաժողովին: Ջ. Հասրաթյանը հայտնեց, որ մահապատժի վերաբերյալ իրենց հ/կ-ի տեսակետը հնարավոր կլինի լսել միայն հատուկ նիստ գումարելուց հետո:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ղեկավար Արտակ Կիրակոսյանը չի մասնակցել համագումարին, մինչդեռ իրենց հ/կ-ն ներկայացրել է փոխնախագահ Արման Դանիելյանը: Վերջինս հայտնեց իր տպավորությունները. «Կարեւորն այն է, որ ՀՀ-ում մահապատիժը վերացված է, եւ այդ միջոցառումը նվիրված էր մահապատժի վերացման 5-րդ տարելիցին, թեեւ 1991-ից ի վեր գործնականում մեր երկրում որեւէ մեկը մահապատժի չի ենթարկվել: Կարեւորվեց այն, որ բուն մահապատժի հարցը ՀՀ-ում լուծված է՝ այն արգելված է Սահմանադրությամբ: Սակայն այստեղ ուրիշ խնդիր կա, որը վերաբերում է մարդու կյանքի իրավունքին: Օրինակ, ոստիկանը որոշ հանգամանքներում իրավունք ունի կրակել եւ սպանել հանցագործին: Այս առումով անելիք կա մարդու կյանքի իրավունքի ոտնահարման հարցում, քանի որ ոստիկանը հանցագործությունը կանխելու նպատակով մարդուն փաստացի մահապատժի է ենթարկում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել