Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Նոյեմբեր 01,2008 00:00

\"\"Փաստաբանները դժգոհում են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են եւ գործի նյութերին ծանոթանալու ժամկետները՝ կրճատվում:

Երեկ ՀԺԿ գրասենյակում իրենց «անդրանիկ» մամուլի ասուլիսն էին հրավիրել մարտի 1-ին տեղի ունեցած անկարգությունների մեջ մեղադրվողների՝ «7-ի գործով» ներգրավված փաստաբանները: Ասուլիսին ներկա էին Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը, Սուրեն Սիրունյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, ինչպես նաեւ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Ասուլիսին ներկա չէր միայն Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Պաշտպանի ծառայություններից 7 մեղադրյալներից հրաժարվել է միայն Շանթ Հարությունյանը:

Պաշտպանները ԶԼՄ-ների հետ իրենց հանդիպման անհրաժեշտությունը պատճառաբանեցին վերջին օրերին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մի քանի հայտարարություններով, ըստ որոնց՝ դատախազը մեղադրել էր պաշտպանական կողմին եւ մեղադրյալներին՝ գործի նյութերի ծանոթացման ժամկետները միտումնավոր ձգձգելու համար, ինչին պաշտպանական կողմը համաձայն չէր: Հովիկ Արսենյանի խոսքերով, 2008թ. օգոստոսի 29-ին եւ 30-ին իրենց պաշտպանյալներին առաջադրվել են նոր մեղադրանքներ, մասնավորապես՝ նրանց մեղադրել են Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հեդվածներով եւ միայն սեպտեմբերի 3-ին է հայտարարվել նախաքննության ավարտի մասին: Ըստ նրա, վարույթ իրականացնող մարմինը սեպտեմբերի 11-ից է փուլ առ փուլ պաշտպանական կողմին տվել քրեական գործի նյութերի պատճենները եւ այդ ժամանակ նույնիսկ իրենք տեղյակ չեն եղել, թե քանի հատորից է բաղկացած այդ գործը: Վերջին հատորը, ինչպես նաեւ իրեղեն ապացույց ճանաչված տեսասկավառակները պաշտպաններին տրամադրվել է միայն հոկտեմբերի 17-ին: «Սա գեղարվեստական գրականություն չի, որ մարդը ընթերցի, այնուհետեւ գրի, թե դրանք կարդացի կամ ծանոթացա: Խնդիրն այն է, որ նյութերը կարդում ենք 1-ին հատորից, եւ երբ վերլուծության կարիք է զգացվում՝ համեմատվում են այլ հատորների հետ, սկսում ենք դրանք նորից կարդալ ու վերլուծել: Անձամբ ես 2 անգամ այս գործը կարդացել եմ, սակայն միայն վերլուծություն անելը չէ, պետք է հակասություններ եւ բացթողումներ գտնենք, դատավարական եւ նյութական իրավունքի խախտումներ հայտնաբերենք եւ այլն: Պաշտպանական կողմն այսպես է աշխատում եւ այս ամենը կատարելու համար մեզ ժամանակ է պետք»,- ասաց Հ. Արսենյանը: Նրա խոսքերով, իրենց տրամադրած ժամկետը ողջամիտ չէ, քանի որ, օրինակ, Ալեքսանդր Արզումանյանը ներկա պահին դեռ ծանոթանում է գործի նյութերին եւ 10 հատոր նյութեր էլ կան, որոնց պիտի ծանոթանա: Մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը դեռեւս հոկտեմբերի 27-ին պաշտպանական կողմին գրավոր հիշեցում է ներկայացրել, որ ավարտեն գործի ուսումնասիրումը, իսկ ամսի 28-ին ներկայացրել է որոշում՝ պաշտպանական կողմի ծանոթացումը սահմանափակելու վերաբերյալ եւ տրամադրել էր ժամկետ՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը: «Մի կողմից վարույթն իրականացնող մարմինը ժամկետ է տրամադրում, բայց հաշվի չի առնում, որ նյութերը մեզ պետք է տրամադրվեր միանգամից եւ հենց այդ պահից էլ ժամկետը հաշվարկվեր: Վերջին հատորը առանձին ապացույցներով տրամադրվել է հոկտեմբերի 17-ին, ինչը մեզ համար լրացուցիչ դժվարություններ առաջացրեց: Մի քանի օր առաջ էլ վարույթն իրականացնող մարմինը Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց ընդհանուր իրավասության դատարան՝ 2 ամսով կալանքի ժամկետը երկարացնելու համար: Հոկտեմբերի 28-ին պատճառաբանական մասում նրանք նշել են, որ նկատի ունենալով քրեական գործի նյութերի բազմածավալ լինելը, ինչպես նաեւ մեղադրական եզրակացություն կազմելը՝ եւս երկամսյա ժամկետ է անհրաժեշտ: Ստացվում է այնպես, որ հոկտեմբերի 31-ին ժամկետը սահմանափակվում է պաշտպանական կողմի համար, միեւնույն ժամանակ գործի մեծածավալ լինելու պատճառաբանությամբ 2 ամիս ժամկետ է խնդրում մեղադրական եզրակացություն կազմելու համար: Այսպիսի ժամկետ չի տրամադրվել նույնիսկ պաշտպանական կողմին՝ նյութերին ծանոթանալու համար: Մենք բողոքներ ենք ներկայացրել գլխավոր դատախազին, որ վարույթն իրականացնող մարմնի ոչ իրատեսական որոշումը վերացվի եւ սահմանափակում չլինի պաշտպանական կողմի համար եւ խնդրել ենք մեզ եւս մեկ ամիս ժամանակ տրամադրել»,- ավելացրեց փաստաբանը:

Մելանյա Առուստամյանն էլ փաստեց, որ իրենց հատկացված 50 օրից 14-ը ոչ աշխատանքային է եղել. «Ժամկետը սահմանափակելու մասին նորմը հստակ սահմանում է, որ դա արվում է պաշտպանական կողմի անհարկի ձգձգելու դեպքում, բայց մեր կողմից նման բան չի նկատվել: Իմ պաշտպանյալների նկատմամբ մեղադրանքը հստակեցված չէ, եւ ես հնարավորություն չեմ ունեցել արդյունավետ պաշտպանություն իրականացնել»:

Բոլոր փաստաբաններն էլ ասուլիսում փաստեցին, որ իրենց պաշտպանյալների առողջական վիճակը վատացել է եւ նրանց բուժում է պետք, հակառակ դեպքում՝ նրանց կյանքին վտանգ է սպառնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել