Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնցեսիոները վնասնե՞ր է կրում

Նոյեմբեր 01,2008 00:00

«Հարավկովկասյան երկաթուղին» թանկացրել է իր մատուցվող ծառայությունները

Այս տարվա հունիսի 1-ից «Հայկական երկաթուղիները» 30 տարի պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելուց հետո՝ նոր կառավարիչը երկաթգծի ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար վճարվող վարձերը բարձրացրել է: Ընկերությունը, որն այժմ կոչվում է «Հարավկովկասյան երկաթուղի», վարձավճարների բարձրացումը պայմանավորում է իր կրած վնասներով: Եթե նախկինում ուղեւորափոխադրումների 1 կմ-ն արժեր 3 դրամ, այսօր դարձել է 6 դրամ: 35%-ով էլ ավելացել է մեկ տոննայի համար գանձվող բեռի գումարը՝ $10,30 ցենտից բարձրանալով $19,1 ցենտի: Բացի այդ, կոնցեսիոները ավելացրել է նաեւ Էրեբունի համայնքում գործող երկաթգծի կայարանում վարձակալական հիմունքներով տրամադրվող առեւտրի տաղավարների վարձավճարները: Որոշ առեւտրականներ մոտ 1 ամիս առաջ հրաժարվել են իրենց զբաղեցրած տարածքներից՝ տեղի վարձի անկանխատեսելի բարձրացման պատճառով: Այդ տարածքում առեւտուր իրականացնողներից Մարգարիտա Եսայանը մեզ հետ զրույցում ասաց. «Նոր կառավարիչն ասում է, որ իրենք չեն կարողանում ծախսերը փակել, այդ պատճառով պետք է մեր տաղավարների վարձերը բարձրացնեն: 1քմ-ի համար պահանջում են վճարել ամսական 9000 դրամ՝ նախկին 1000 դրամի փոխարեն: Կամ պետք է վճարենք, կամ տարածքն ազատենք»: Տնտեսվարողները վարձերի ավելացման դեմ բողոքի ալիք են բարձրացրել: Նրանք դիմել են նաեւ Էրեբունու տարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Արմեն Պուրտոյանին, որի միջամտությունից հետո երկաթուղու տնօրինությունը վերանայել է իր որոշումը եւ նրանց հետ նոր պայմանագիր է կնքել՝ 1քմ-ի համար այս անգամ էլ սահմանելով 4500 դրամ: Սակայն ինչպես տեղեկացանք, նոր կառավարիչը առեւտրականներին ընդառաջել է ընդամենը 6 ամսով:

Վերոնշյալ դժգոհությունների առնչությամբ «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանից: Նրա ներկայացմամբ, համաձայն կոնցեսիոն պայմանագրի՝ իր տնտեսական շահերն ապահովելու համար «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իրավունք ունի վարել ազատ տարիֆային քաղաքականություն. «2008 թվականի օգոստոս ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 59 հազար ուղեւոր: Ընկերության ծախսերը կազմել են 54,6 մլն դրամ, եկամուտը՝ 9 մլն դրամ, ինչը չի ծածկում նույնիսկ 1 ամսվա էլեկտրաէներգիայի ծախսը, որը կազմում է 10,4 մլն դրամ: 2008 թ. օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ուղեւորափոխադրումների իրագործման ոլորտում կրեց 45,6 մլն դրամի կորուստ»: Ըստ Վ. Դավթյանի, շատ անգամ փոխադրող ընկերությունների եկամուտները գերազանցում են երկաթուղու եկամուտներին:

Նշենք, որ ամիսներ առաջ իր ասուլիսներից մեկում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավար Ալեքսանդր Կուզնեցովն ասել էր, որ ներդրումները կավելանան, եթե բացվի ճանապարհի աբխազական հատվածը եւ եթե շահագործվի Թուրքիայի հետ կապող երկաթգիծը:

Վ. Դավթյանից հետաքրքրվեցինք, թե ապագայում Թուրքիայի հետ երկաթգծի ճանապարհի բացում նախատեսվո՞ւմ է. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կոմերցիոն ձեռնարկություն է եւ չի զբաղվում քաղաքական խնդիրներով: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ ճանապարհը բացելուն, ապա կարող եմ ասել, որ օգոստոս ամսվա վերջին մեր ընկերությունը աշխատանքային ջոկատ ուղարկեց Ախուրյան-2 սահմանամերձ կայարան՝ այն վերանորոգելու նպատակով: «Հարավկովկասյան երկաթուղին» տեխնիկապես պատրաստ է Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը բացելուն, սակայն նման հարցեր որոշվում են պետությունների ղեկավարների կողմից, մենք միայն ապահովում ենք հարցի տեխնիկական կողմը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել