Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

Նոյեմբեր 01,2008 00:00

Այս ծառայության բուժանձնակազմի որոշ աշխատակիցներ տարիքն առած են, ինչի պատճառով էլ դժվարանում են արագ արձագանքել կանչերին:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ առողջապահության ոլորտի ղեկավարումը ստանձնելուց հետո, որոշ կարեւոր բարեփոխումներ կատարվեցին. օրինակ, անվճար ծննդօգնության ծրագիրը ներդնելուց հետո շատ բժիշկներ այլեւս խուսափում են ծննդկանից գումար վերցնել: Բացի այդ, մի շարք ծննդատների միջեւ սկսվել է մրցակցություն, ինչի շնորհիվ ծառայությունների մատուցման որակը փոքր-ինչ բարձրացել է: Սակայն այն, որ առողջապահության ոլորտում դեռեւս բազմաթիվ բացեր կան, փաստ է: Ազգաբնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերող կարեւորագույն հիմնարկը՝ Շտապօգնության ծառայությունը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Այդ ծառայությունը, զարգանալու փոխարեն, հետընթաց է ապրում: «Առավոտը» բնակիչներից պարբերաբար բազմաթիվ դժգոհություններ է ստանում, որ շտապօգնությունն իր պարտականությունը լիարժեք չի կարողանում կատարել: Մայրաքաղաքի շտապօգնության գրեթե բոլոր մասնաճյուղերում բուժսպասարկում իրականացնող բժիշկներն ու բուժքույրերը մեծահասակ են եւ խիստ դժվարանում են հնարավորինս արագ առաջին օգնություն ցուցաբերել այն մարդկանց, որոնք շտապօգնություն են կանչել: Մասնավորապես, կանչի դեպքում երիտասարդ բժիշկը դժվարանում է թոշակառու բուժքրոջ հետ, օրինակ, արագ բարձրանալ բարձրահարկ շենքի վերջին հարկեր՝ երբ վերելակը չի աշխատում: Բացի նրանից, որ տարիներ ի վեր չի «թարմացվել» բժշկին օժանդակող անձնակազմը, շարժակազմն էլ բարվոք վիճակում չէ եւ չի կարողանում արագ հասնել հասնել: Բնակիչները շատ հաճախ նաեւ դժգոհում են ծառայության ուշ արձագանքից եւ տեսնելով, որ շտապօգնությունն ուշանում է՝ ստիպված իրենց հիվանդին սեփական միջոցներով են հիվանդանոց հասցնում: Սակայն հայտնի է, որ շատ դեպքերում կան հիվանդներ, որոնց տեղաշարժելը պարզապես վտանգավոր է:

Երբեմն էլ հիվանդի հարազատների պահանջին, որ ուղարկեն սրտի բրիգադ, ծառայության աշխատակիցները լուրջ չեն վերաբերվում եւ ուղարկում են ընդհանուր պրոֆիլի մասնագետներ, որոնք չեն կարողանում հիվանդին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել՝ համապատասխան սարքավորումներ չունենալու պատճառով: Պատահում է, որ շտապօգնության աշխատակիցները հարկ չեն համարում բարձր ջերմության կամ էլ ճնշման տատանման դեպքում կանչն ընդունել՝ խորհուրդ տալով «անալգին-դիմեդրոլ սրսկել» կամ էլ՝ «ջերմիջեցնող եւ ճնշումը կարգավորող դեղեր օգտագործել»: Սուր ցավերի դեպքում էլ խորհուրդ են տալիս պարզապես ցավազրկող խմել: Քաղաքացիները դժգոհում են նաեւ, որ շտապօգնության աշխատակիցները հիվանդին շատ կոպիտ եւ ոչ պրոֆեսիոնալ են վերաբերվում:

Շտապօգնության ծառայության թերությունների մասին «Առավոտը» զրուցեց ծառայության տնօրեն Արտյոմ Պետրոսյանի հետ: Նա, անդրադառնալով այն հարցին, թե բուժաշխատողները դժվարանում են հասնել բազմաբնակարան շենքի բարձր հարկեր, եթե վերելակը չի աշխատում, ասաց. «Եթե այդպես է, ուրեմն դա շտապօգնություն չէ, ես չեմ էլ ցանկանում հակադարձել ձեր ասածին, այլ միանգամից ուզում եմ ասել, որ բացառվում է այդպիսի բան: Մենք ունենք թոշակառու աշխատակիցներ, սակայն նրանք մեծ թիվ չեն կազմում, նրանք նոր են անցնում թոշակի, ուստի դա չի կարող խնդիր լինել: Թոշակառու են 4 բուժքույր եւ 3 բժիշկ, իսկ մեզ մոտ աշխատում են 252 բույժքույր եւ մոտ 170 բժիշկ: Ամենայն հավանականությամբ, ձեր խոսքն այն բուժքույրերի մասին է, որ, ասենք, 40 տարեկան են, բայց ավելի մեծ են երեւում, քանի որ նրանց աշխատանքը շատ ծանր է, հերթապահություն են անում, գիշերները չեն քնում: Ունենք նաեւ ոչ մեծ տարիքի բուժքույրեր, որոնք չեն կարողանում բարձր հարկեր բարձրանալ կամ հիվանդ իջեցնել, նրանցից ազատվելն էլ է խնդիր: Ես չեմ կարող նրանց աշխատանքից հեռացնել, նման որոշումներ կայացնում է հանձնաժողովը: Իսկ վարորդների մեջ ունենք շատ թոշակառուներ: Ես կարծում եմ՝ դրա պատճառն այն է, որ Երեւանում վարորդների պակաս կա, քանի որ տաքսի-սերվիսներն ու երթուղայինները նրանց ուղղակի «խժռում» են: Այնտեղ ավելի բարձր աշխատավարձ են տալիս, քան մենք: Պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ մեր վարորդները նաեւ սանիտարներ են, որոնք պետք է պատգարակներ բռնեն, իսկ դրա համար ստանում են 75 հազար դրամ»:

Պարոն Պետրոսյանի կարծիքով՝ մի շարք հարցեր կլուծվեն այն ժամանակ, երբ աշխատավարձերը բարձրանան: Նա տեղեկացրեց, որ ծնունդօգնությունից հետո՝ հաջորդ բարեփոխումները լինելու են շտապօգնության ոլորտում: Ըստ նրա, բժիշկների աշխատավարձը, ներկայիս 42 հազար դրամից՝ դառնալու է 150 հազար: Արտյոմ Պետրոսյանի խոսքերով՝ երիտասարդ կադրերին ներգրավելու համար իրենք Բժշկական համալսարանի հետ պայմանավորվածություն ունեն, որ 3-5-րդ կուրսի ուսանողները գան համատեղության սկզբունքով աշխատեն իրենց մոտ:

Ինչ վերաբերում է սրտի բրիգադի փոխարեն ընդհանուր պրոֆիլի բրիգադ ուղարկելուն, Ա. Պետրոսյանն ասաց. «Մենք ունենք սրտի 8 բրիգադ, այդ պատճառով չենք հասցնում ամեն տեղ գնալ: Կանչի դեպքում դիսպետչերը պարտավոր է արագ արձագանքել եւ ուղարկել սովորական բրիգադ: Այս բրիգադը կարող է առաջին օգնություն ցույց տալ՝ ի վերջո, բժիշկներ են»: Բարձր ջերմության եւ ճնշման դեպքում կանչերը չընդունելն էլ, ըստ տնօրենի, բնակիչների կամքով է, քանի որ վերջիններս միայն խորհրդատվություն են ուզում: Շտապօգնության ուշացումներն էլ, ըստ պարոն Պետրոսյանի, այն պատճառով է, որ համատարած ճանապարհաշինություն է. «Հայաստանցի վարորդները չունեն շտապօգնության մեքենային զիջելու կուլտուրա: Օրական սպասարկում ենք 400-ից ավելի կանչ: Այդ ուշանալն էլ իրավաբանորեն ուշացում չէ, կանչից մինչեւ տուն հասնելը միջինը 11 րոպե է, որում մենք տեղավորվում ենք»: Խոսելով իրենց աշխատակիցների կոպիտ վերաբերմունքի մասին՝ շտապօգնության տնօրենն ասաց. «Մեր անձնակազմի համար ավելի կարեւոր է մարդկանց առողջությունը: Մեր մեկ բրիգադը 12-15 կանչի է գնում, դա է, ամենայն հավանականությամբ, պատճառը, որ նրանք դժվարանում են ավելորդ անգամ ժպտալ կամ դերասանություն անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել