Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ բլեֆ»

Նոյեմբեր 01,2008 00:00

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը այսպես որակեց «Մարտի 1»-ի առնչությամբ փորձագետների փաստահավաք խումբ ձեւավորելու իշխանության որոշումը:

Փաստահավաք խմբի գործունեության եւ դրա կանոնակարգի ու արդյունավետության առնչությամբ վերապահումներ ունեն ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլեւ, մասնավորապես՝ Հելսինկյան միջազգային ընկերակցության հայաստանյան ներկայացուցիչ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Վերջինս «Առավոտի» հետ զրույցում նախ կարծիք հայտնեց, թե փաստահավաք խումբը չի կարող եւ չպետք է կազմված լինի մասնագետ իրավաբաններից, որովհետեւ այն խնդիրը, որը դրված է խմբի առաջ, իրավաբանների խնդիրը չէ: «Փաստահավաք խումբը պետք է ձեւավորվեր իրավապաշտպաններից եւ լրագրողներից: Իսկ մենք էլի փորձում ենք հեծանիվ հնարել: Նման խմբեր ձեւավորելու փորձեր աշխարհում կան, բայց ոչ մի երկրում այդպիսի մարմին ստեղծելու համար նախագահի հրամանագիր կամ կարգադրություն չի պահանջվում: Դա ծիծաղելի է, առավել եւս, երբ նման կարգադրություն ստորագրում է այն նախագահը, որը այդ իրադարձությունների օրերին եղել է երկրի վարչապետ եւ այս կամ այն կերպ մասնակից է այդ դեպքերին: Եթե ինքը չգիտի, թե ինչ է կատարվել երկրում, եթե չգիտի, թե իր ղեկավարած կառույցները որտեղ եւ ինչ են արել մարտի 1-ին, փաստահավաք խումբն ի՞նչ կարող է անել: Ե՛վ ոստիկանությունը, ե՛ւ ազգային անվտանգության ծառայությունը, ի վերջո, գործել եւ գործում են կառավարությանն առընթեր, եւ դրանց աշխատանքը այն ժամանակ համակարգում էր վարչապետը»,- կարծում է իրավապաշտպանը:

Մեր այն դիտարկմանը, թե՝ այդպիսի խումբ ձեւավորելու առաջարկը միջազգային կազմակերպություններինն ու մասնավորապես ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգինն էր, Մ. Դանիելյանը հակադարձեց. «Ներողություն, բայց խոսքը այդ փաստահավաք խումբ ձեւավորելու եւ դրա աշխատանքներին փորձագետներին ընդամենը ներգրավելու մասին էր: Իսկ խումբը, դա ցույց է տալիս այլ երկրների փորձը, պետք է ձեւավորվեր, կրկնում եմ, իրավապաշտպաններից եւ լրագրողներից: Այդպիսի խմբերը շատ ավելի նորմալ եւ արդյունավետ են աշխատում: Ավելին, աշխարհում կան փաստահավաք խմբերի աշխատանքի արդեն փորձարկված մեթոդներ ու ձեւեր, օրինակ՝ Ռուսաստանի փորձը: Եվ վերջապես, ԵԽԽՎ բանաձեւի կոչը վերաբերում է անկախ փորձագետների խումբ ստեղծելուն, որը վերաբերում է ոչ թե հայաստանյան ընդդիմության կամ իշխանության ներկայացուցիչներից, այլ, ինչպես ասված է այդ բանաձեւում՝ անկախ միջազգային փորձագետների ներգրավմամբ փաստահավաք խումբ ձեւավորելուն»:

Իրավապաշտպանի համար անհասկանալի է մնում նաեւ այն, թե ո՞րն է լինելու փաստահավաք խմբում ներգրավված իրավաբանների առաքելությունը՝ իրավական գնահատակա՞ն տալ տեղի ունեցածին, թե՞ վեր հանել դրա ենթատեքստը, շարժառիթները, պատճառներն ու հետեւանքները: «Տեղեկատվությունը պետք է հավաքվի, չէ՞: Եթե մինչեւ հիմա գործող խորհրդարանական հանձնաժողովը, որպես օրենսդիր մարմին եւ իշխանության ներկայացուցիչ, չի կարողացել հավաքել անհրաժեշտ տեղեկությունները, ապա իրավաբաններից ձեւավորված փաստահավաք խումբը դա ինչպե՞ս պիտի անի: Եթե կային դա անելու մեխանիզմներ, ապա ինչո՞ւ դրանք չի սահմանել կամ չի իրացրել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը»,- նկատեց Մ. Դանիելյանը:

Ասել է թե՝ փաստահավաք խումբ ձեւավորելն է՞լ ապարդյուն ջանքեր են «Մարտի 1»-ի մասին իրականությունը վեր հանելու համար: Իրավապաշտպանի համոզմամբ՝ «դա մեծ բլեֆ է՝ միջազգային հանրության եւ մեր հասարակության աչքերին թոզ փչելու եւ ցույց տալու համար, որ իշխանությունները, իբր, շահագրգիռ են բացահայտել «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին ողջ իրականությունը»:

Մյուս կողմից, եթե իշխանություններն իսկապես ուզում էին բացահայտել ճշմարտությունը, ապա, ըստ Մ. Դանիելյանի, փաստահավաք խումբը պետք է ձեւավորեին դեպքերից ոչ թե 7 ամիս հետո, այլ դեռ մարտի 3-ին: «Իշխանությունները շատ լավ գիտեին, թե մարտի 1-ին իրավապահներից ով որտեղ է նստել կամ կանգնել, ուստի՝ մարտի 1-ի մասին ողջ ճշմարտությունն արդեն պիտի բացահայտված լիներ առանց փաստահավաք խումբ ձեւավորելու: Եթե դա էլ չգիտեն, ապա դրա համար պատասխանատու մարդիկ պիտի արդեն հեռացված լինեին իրենց զբաղեցրած պաշտոններից եւ ձերբակալվեին: Եթե հրամանատարը մարտի 1-ից 7 ամիս հետո էլ չգիտի, թե այդ դեպքերի ժամանակ իր զինվորները որտեղ են տեղակայված եղել, իսկ նրանք նույնիսկ կրակել են, ապա այդ հրամանատարը պիտի ձերբակալվեր»,- պնդեց Մ. Դանիելյանը:

Ընդամենը վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե՝ իրենք որոշակի խնդիրներ ունեն, որոնց պարզաբանման հարցում ակնկալում են միջազգային փորձագետների, փորձագիտական հաստատությունների օգնությունը: Խոսքն այն մասին էր, որ հայ փորձագետները որոշակի դժվարություններ ունեն 3 քաղաքացու մահվան պատճառ դարձած եւ կիրառված հատուկ միջոցների նույնացման հարցում, եւ քննչական մարմինն ունի միջազգային փորձագետների մասնագիտական օգնության կարիքը՝ պարզելու կոնկրետ այն ինքնաձիգը, որից կիրառված հատուկ միջոցը դարձել է կոնկրետ քաղաքացու մահվան պատճառ: Մեր դատախազությունն այսօր իրո՞ք այդքան խղճուկ վիճակում է, որ չի կարողանում ինքնաձիգը նույնացնել կրակված փամփուշտների կամ հատուկ միջոցների հետ: «Միանգամից ասեմ՝ ես իրենց չեմ հավատում: Անհրաժեշտության եւ ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է անել: Ի՞նչ է նշանակում՝ փորձագետների օգնության կարիք ունեն: Ունեն՝ թո՛ղ դիմեն կոնկրետ փորձագետների, եթե նման ցանկություն կա»,- տարակուսեց Մ. Դանիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել