Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԷԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎՐԱ ՔՈՉԱՐԻ ՊԱՐԵԼՈՒ»

Նոյեմբեր 01,2008 00:00

\"\"Հարցնում է Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, որի պնդմամբ՝ ինքը չէր պարում Ազատության հրապարակում, քանի որ «երբե՛ք չի պարում քաղաքական հարթակներում, ուր սրեր են խաղում»:

– Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում զանգվածային հրապարակային միջոցառումները դադարեցնելու մասին որոշման մասին հայտարարելուց առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին խորհրդակցե՞լ էր Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ, թե՞ այդ հայտարարությունը Ձեզ համար անակնկալ էր:

– Մինչեւ Ձեր հարցադրմանն անցնելը՝ պիտի ասեմ, որ վերջին ժամանակներս ասեկոսեներ են հնչեցվում, թե Հակոբյանը նախագահի ուղերձի 3 գլխավոր խնդիրները պաշտպանելով՝ նպատակ է հետապնդել թիմարել Ազատիչի գլուխը՝ պաշտոններ ակնկալելու նպատակով: Թվարկվում են հազար ու մի պաշտոններ՝ ՌԴ-ում դեսպան, մարզպետ, ԱԳ նախարարի տեղակալ, նախագահի ներկայացուցիչ ԱԺ-ում եւ այլն: Այս ասեկոսեներին վերջ տալու համար ասում եմ՝ Հակոբյանը քաղաքական արենայից կհեռանա կա՛մ որպես ազգի տրիբուն՝ առանց պաշտոնների ու պաշտոնական դիրքի, կա՛մ որպես հանրապետության նախագահ: Երրորդը տրված չէ: Դուք կհարցնեք՝ սա ռոմանտի՞զմ է, թե՞ մեծամոլություն: Եվ ես կպատասխանեմ՝ որպես պաշտպան հայրենյաց: Եվ այդ հարցն այլեւս մամուլի կողմից թող չարծարծվի:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի «թայմ աութն» ինձ համար անակնկալ էր այնքանով, որքանով որ ես տեղյակ չէի: Ընդհանրապես, նա ինձ հետ երբեք չի խորհրդակցել որեւէ հարցի շուրջ: Ասելիքները փոխանցում է Լեւոն Զուրաբյանի միջոցով: Ես էլ նման մակարդակի խորհրդակցություններին, որպես կանոն, ընդհանրապես չեմ ներկայանում:

Այդ «թայմ աութը» գնահատում եմ որպես խորհրդավոր, հանելուկային, բազմաթիվ հարցականներով: Ճիշտ է, Տեր-Պետրոսյանը պատճառաբանում է իբր ԼՂ հարցին չխոչընդոտելը եւ իշխանություններին ազատ մանեւրելու հնարավորություն ընձեռելը, բայց իրականում դա ճիշտ չէ: Իմ կարծիքով, նա շատ լավ, հեռահար ձեւով՝ մի լա՜վ փիքր արեց իմ խորհուրդները: Ես ասում էի, որ չի կարելի ժողովրդավարության հրապարակախոսական ինստիտուտը բռնաբարել, այն էլ այն դեպքում, երբ արդեն գործ ունենք ընդդիմադիր ընտրազանգվածի բարոյահոգեբանական անկման փուլի հետ: Եվ վերջին հանրահավաքի մասնակիցների թիվը դա ապացուցեց: Այդ փուլում նա շատ ճիշտ քայլ կատարեց ու «թայմ աութ» վերցրեց, բայց նպատակ ունենալով, որ մինչեւ փետրվարի վերջը Արցախյան հիմնահարցի դիվանագիտական փուլը կբերի մի այնպիսի ճգնաժամային իրավիճակի, որ նորից շանս կընձեռվի Տեր-Պետրոսյանին բարձրանալու հարթակ:

– Սակայն նա իր ելույթում նշեց, թե հոկտեմբերի 17-ի հանրահավաքը մարտի 1-ից հետո անցկացվածներից ամենաբազմամարդն էր: Եվ բացի այդ, Դուք մինչ այդ ասում էիք՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի անգլիական բուլդոգի համառությամբ շարունակում է կառչած մնալ դեմոկրատիայի հրապարակախոսական ամբիոնին՝ Մատենադարանի բարձունքին»: Փաստորեն, այս որոշումը ապացույց դարձավ, որ Դուք սխալվում էիք:

– Ես խորհուրդ տվեցի ընդդիմությանը՝ կա՛մ տակտիկական զինանոցի վերանայում, կա՛մ էլ (կրկնում եմ իմ բառերը) այդ զինանոցով ոչ մի այլ արդյունքի, բացի վարկաբեկումից՝ չեք հասնի:

Քրիստոսի խոսքերով ասած՝ մարդկային արատների մեջ ամենավատթարագույնը, ամենանողկալին ու կործանարարը վախկոտությունն է: Իշխանությունը վերցնելու պահը փետրվարի 20-23-ն էր: 20 տարվա պատմության մեջ 4-րդ անգամ ընդդիմադիր սպասավորների ղեկավարությունը ցույց տվեց իր անվճռականությունը: Եվ այսօր, երբ գործ ունենք բարոյահոգեբանական անկման հետ՝ այս փուլում հանրահավաքները շարունակելը եւ դրանք իշխանափոխության համար որպես գործիք օգտագործելն անհնարին է: Ինչո՞ւ եմ ասում վախկոտության մասին. հիշեցնում եմ ֆրանսիական բուրժուական հեղափոխության ամենամեծ տակտիկ ասպետի՝ Դանտոնի խոսքերը. «Սմելո՛ստ, սմելո՛ստ, ի եշչյո ռազ սմելո՛ստ»: Եվ ահա այս էլ որերորդ անգամ ընդդիմությունը հաղթանակն իր ձեռքից բաց թողեց: Այս պարագայում «թայմ աութ» վերցնելը եւ սպասելը գարնանը ԼՂ ճգնաժամի ավելի խորը հասունացմանը՝ կարծում եմ, ճիշտ էր: Այսօր չարժեր այդ հարթակն ավելորդ չարչարել ու շաղակրատել, երբ պնդում եմ՝ գործ ունենք հասարակության բարոյահոգեբանական անկման հետ:

– Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պիտի արվեր փետրվարի 20-23-ին: Ենթադրում էիք, թե ընդդիմությունը պետք է դիմեր բռնի մեթոդների՞, գրոհի՞, այն դեպքում, երբ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ստեփան Դեմիրճյանը ի սկզբանե էին հայտարարել, թե գործելու են բացառապես օրինական մեթոդներով:

– Ես հիշեցնեմ, թե ինչպես Բուրջանաձեն ժողովրդի գլուխն անցած մտավ պառլամենտ՝ այն պահին, երբ Շեւարդնաձեն երդմնակալության ճառն էր կարդում: Դա բացարձակապես զինված ապստամբություն կամ ավանտյուրա չէր, այլ ժողովրդական զանգվածների ցասման կուլմինացիան եւ վերջակետը: Հիշեցնեմ նաեւ Թոմաս Ջեֆերսոնի խոսքերը՝ անգլիացիները կգան մեր դեմ սահմանադրությամբ՝ սահմանադրությամբ գահընկեց կարվեն, կգան սրով՝ սրով էլ կգնան: Վե՛րջ: Այնպես որ՝ աշխարհի եւ ոչ մի բռնապետ գահընկեց չի արվել սահմանադրական ճանապարհով: Ընդդիմությունը պետք է այս 4-րդ անգամ չկրկներ նույն սխալը, երբ ժողովուրդը տվել էր իր «դաբրո»-ն, քվորումը: Իսկ սա հանգեցնում է նրան, որ ժողովուրդն այլեւս չի հավատա ընդդիմությանը, որը կվարկաբեկվի վերջնականապես:

– Հաշվի չեք առնում, որ ի տարբերություն Շեւարդնաձեի՝ Ռոբերտ Քոչարյանը նման խաղաղ հանգուցալուծման կողմնակից չէր: Եվ ինչպես ցույց տվեց մարտի 1-ը՝ նա պատրաստ էր արյան մեջ խեղդել ցանկացած դիմադրություն:

– Փետրվարի 20-23-ը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ գլխավոր դարպասապահը Մոսկվայում էր՝ դարպասն ազատ էր: Մինչեւ ե՞րբ պիտի հարթակի վրա քոչարի պարեին, երբ որ գոնե Դեմիրճյանի որդի Դեմիրճյանի սցենարով՝ պիտի ճնշում գործադրեին ԿԸՀ վրա, որ գոնե իր իսկ կրակած հանցագործ 53%-ն իջեցներ 49-ի, որպեսզի 2-րդ տուրը նվաճեին: Գոնե դա չարեցին: Եվ ժողովուրդը կորցրեց իր հավատը՝ սա շատ ծանր հարված էր ընդդիմությանը, ու սա արդարացնելու ոչինչ չկա: Ես նրանց մեջ էի: Եվ ես էի, որ միտինգում ասում էի, թե անցել են քաղաքական էրոտիկայի ժամանակները՝ եկել է իշխանությունը վերցնելու պահը: Իսկ Քոչարյանը Մոսկվայից վերադառնալով ու, ամենայն հավանականությամբ՝ ստանալով իր ռուսական կոլեգաների «դաբրոները»՝ վաղ թե ուշ «մարտի 1» էր կիրառելու՝ որպես իշխանագողությունը պարտակելու միջոց: Այս մասին պետք է կռահեր Տեր-Պետրոսյանը՝ որպես փորձառու քաղաքական գործիչ: Ես կարող էի չկռահել: Բայց նա պարտավոր էր կռահել: Մինչեւ ե՞րբ էր որոշել քոչարի պարել ու տարվել ամբոխավարությամբ:

– Իր վերջին ճեպազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը չբացառեց, թե կարող են անցկացվել արտահերթ հանրահավաքներ: Գուցե հոկտեմբերի 17-ի ելույթին հետեւած դժգոհություններից հետո նա վերանայե՞լ է ընդունած որոշումը:

– Ոչ, չի վերանայել: Նա շատ ճիշտ է մտածել: Արցախյան հիմնահարցի դիվանագիտական փուլի ճգնաժամը կարող է հասունանալ ավելի շուտ, քան մինչեւ հունվար-փետրվար: Ուստի կարող է պատահի՝ ավելի շուտ հարթակ դուրս գանք, ելնելով ճգնաժամից: Բայց միշտ հիշեք ասածս՝ ազգային եւ տնտեսական մտածողությամբ՝ Ռոբին Հուդից մինչեւ Հալեպցի Լեւոն, «ս օդնոգո գնեզդա, ս օդնոյ բեռլոգի», այսինքն՝ պարտվողական, զիջողական տարբեր երանգներով նույն տարբերակների կողմնակիցներ են: Իսկ այսօր ազգային հոգեբանությունը սկզբունքորեն ազգային դոկտրինայի նոր տարբերակ է ուզում՝ նոր առաջնորդով: Այստեղ է խնդիրը՝ Լեւոնին կընդունե՞ն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իր այսօրվա դոկտրինայով, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել