Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՋԵ՞Լ, ԹԵ՞ ՉԶԻՋԵԼ

Նոյեմբեր 01,2008 00:00

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը երեկ «Հայելի» ակումբում «չափազանցություն» որակեց պնդումները, թե ազատագրված տարածքների վերադարձի հարցն արդեն վճռված է: Պնդեց, թե այսօր բանակցային սեղանին դեռեւս չկա փաստաթուղթ, եւ իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե առկա է համաձայնություն:

Նրա հետ բանավիճող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները փոխզիջումների եւ անգամ արդեն իսկ խաղաղապահների տեղակայման մասին, ինչի վերաբերյալ նախօրեին ասուլիսում արտահայտվել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Լրագրողներն էլ իրենց հերթին հիշեցրին, թե Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, որ պատերազմին մասնակցող հրամանատարները շատ լավ գիտեին, թե այդ տարածքներն ազատագրվում են՝ հետո բանակցություններում կարգավիճակի դիմաց հանձնելու համար, ու նաեւ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Այս ամենին Ռուզան Առաքելյանն արձագանքեց. «Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում, որ եթե իրական դառնան խոսակցությունները տարածքներ զիջելու մասին՝ շատ բնական կլինի ընդդիմության աղաղակումը: Եվ մի կարծեք, որ նույնիսկ իշխանության մեջ պիտի բուռն ծափահարելով ընդունեն ցանկացած որոշում, եթե դա կարող է վնասել Հայաստանի ու մեր պետականության շահերին: Մենք կոալիցիայի անդամ լինելով՝ երբեւէ թույլ չենք տա փոխզիջման որեւէ տարբերակ, եթե դա իսկապես կարող է լուրջ վնաս հասցնել Արցախի ապագային, ինքնորոշմանը եւ ազատությանը»:

Panorama.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ «Մադրիդյան սկզբունքներն» ի՞նչ դրույթներ են պարունակում, եթե այնտեղ խոսք չկա տարածքներ զիջելու մասին, եւ ՀՅԴ պատգամավորն ընդունեց. «Մադրիդյան սկզբունքներում դրված է փոխզիջումների հարցը, եւ բնականաբար՝ դա տարածքներին կվերաբերի, բայց չեմ կարող ասել, թե հատկապես որ տարածքներին»: Ըստ նրա՝ փոխզիջումներն անխուսափելի են, բայց դրանք անպայման նախապես կքննարկվեն, ու ժողովրդի կամքը կարտահայտվի՝ քննարկման արդյունքում ընդունված փաստաթղթով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել