Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայության կարծիքը հաշվի չառնել չեն կարող

Նոյեմբեր 01,2008 00:00

\"\"ԱԺ դաշնակցական փոխնախագահ Հրայր Կարապետյանը վստահ է, որ առանց ղարաբաղցիների կամքի Ղարաբաղի հարցը ոչ ոք չի կարող լուծել:

«Դաշնակցությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ եթե բարձր իշխանության քայլերը հակասեն մեր սկզբունքներին, մեր պատկերացմամբ՝ ազգային-պետական շահերին, իսկ այստեղ թիվ մեկ խնդիրը ԼՂ հարցն է, ապա մենք ճանապարհ չունենք անցնելու այդ իշխանությունների հետ: Սակայն այսօր մենք նման հիմք չունենք հայտարարելու»,- երեկ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը: Մամուլի ասուլիսում նա ասաց, որ վերջին շրջանում շատացել են խուճապային, հոռետեսական տրամադրությունները ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ: Եվ այս տրամադրությունների մեղավորն, ըստ իշխող կոալիցիայի անդամի, ընդդիմությունն է: Լրագրողներն անմիջապես հիշեցրին, որ վերջերս ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն արտասահմանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անձամբ էր մտավախություն հայտնել, որ ցեղասպանությունը կարող է կրկնվել Հայաստանի հանդեպ: Հրայր Կարապետյանը, ասելով, թե մանրամասն չգիտի, թե ինչ է ասել ԱԱԾ ղեկավարը, «անհասկանալի» որակեց այդ հայտարարությունը. «Երեկ իմացա, զարմացա. պետական պաշտոնյան, էն էլ էդպիսի կարեւոր ծառայության ղեկավարը ինչո՞ւ պետք է այդպիսի բան ասի»: Իր անձնական լավատեսությունն այս հարցում պարոն Կարապետյանը բացատրեց այսպես՝ հարցի խաղաղ լուծման հնարավորությունները սպառված չեն: Նաեւ հիշեցնելով վրաց-օսական հակամարտությունը՝ ասաց, որ պատերազմ սկսողները տուժում են. «Եթե վաղն Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ոչ միայն խնդիր կունենա ազատագրված տարածքների՝ այդ 7 շրջանների հետ, այլեւ` ընդհանրապես իր տարածքային ամբողջականության, այնպիսի հարցերի հետ, որոնք երազում էլ չի տեսել: Միգուցե նաեւ խնդիր ունենա նրա հետ, որ Հայաստանը ցամաքային սահման կունենա հյուսիսային հարեւանի հետ, կամ ծովային սահման՝ եթե պատերազմ սկսվի: Եվ սրա մասին մեր ժողովրդին պիտի ասենք, որ ինչքան էլ նրանք 10 անգամ բյուջեն բազմապատկեն, չկարողացան անցնել Հայաստանից, հավատացեք»,- ասաց լավատես Հրայր Կարապետյանը: Իսկ ամենակարեւորն այն է, ըստ դաշնակցական պատգամավորի, որ մեր բանակի ոգին ադրբեջանցիները չունեն: Բայց ընդունեց, որ մեր ոգին առաջվանը չէ. «Վերջապես հայկական բանակն ինչո՞վ հաղթեց՝ ոգով հաղթեց, չէ՞: Այդ ոգու պակասը կա այսօր»: Հ. Կարապետյանն ասաց, որ վստահ չէ, թե այդքան մոտ ենք ԼՂ հարցի լուծմանը. «Ոչ ոք չի կարող պնդել, թե ԼՂ հարցը վաղը չէ մյուս օրը կլուծվի»: Նաեւ հավելեց, որ ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որը ռազմատենչ հայտարարություններ է անում եւ առիթը բաց չի թողնում խոսելու ռազմական ծախսերի համար հատկացվող մեծ գումարներից, մեր նախագահը նման բաներ չի խոսում, որովհետեւ «համեստ եւ պարկեշտ մարդ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել