Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ՎԵՐՍԿՍԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ

Նոյեմբեր 01,2008 00:00

\"\"Այս կարծիքին է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը

– Պարոն Ռուբինյան, մեր թերթին տված հարցազրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մեղադրել էր առաջին նախագահին եւ նրա թիմակիցներին, որ վերջիններս սատարում են գործող իշխանությանը՝ արցախյան հարցի ոչ հայանպաստ կարգավորման մեջ. մասամբ, որ տարածքների վերադարձը նաեւ առաջին նախագահի ծրագիրն էր, մասամբ էլ՝ իշխանափոխության հարց լուծելու համար:

– Ես էլ եմ վերջին շրջանում նման խոսակցություններ լսել, որոնք տեղի են ունենում ռեժիմից համատարած զզվածության ֆոնի վրա: Որոշ անհեռատես, տգետ կամ անգիտակից մարդկանց մոտ դա անդրադառնում է Ղարաբաղի նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա՝ հիմա Սերժը կծախի Ղարաբաղը եւ կգնա. մենք Սերժից էլ, ղարաբաղցիներից էլ կպրծնենք: Այս կարգի մոտեցումը Համաժողովրդական շարժմանը վերագրելը, մեղմ ասած, քննադատության քաղաքակիրթ ձեւ չէ: Կարծում եմ, որ գիտակից մարդիկ հասկանում են, որ Ղարաբաղը տալով ոչ թե կվերջանա, այլ կսկսվի մեր երկրի կործանումը: Հասկանում են, որ Ղարաբաղի գինը մեր ժողովրդի եւ ազգի համար անհամեմատելի է ինչ-որ մի դուրսպրծուկի հեռացման գնի հետ, որը փորձել է իշխանությունը զավթել: Շարժումն ամենեւին էլ այդպիսի մտադրություններ չունի: Խնդիրն այլ է. իսկապես ահագնանում է վտանգը, որ պարտադրվելու է ղարաբաղյան կոնֆլիկտի շուտափույթ լուծում: Այդ մասին մենք գիտեինք եւ զգուշացնում էինք շատ վաղուց, եւ ժողովրդական շարժման նպատակներից մեկն էլ հենց այն էր, որպեսզի երկրում վերականգնվի ժողովրդավարությունը, եւ այդպիսով վերականգնել աշխարհի առաջադեմ մասի համակրանքը մեր երկրի նկատմամբ եւ դրանով արտառոց դարձնել ժողովրդավարական Հայաստանից կամ Արցախից ինչ-որ կտոր պոկել եւ տալը բռնապետական Ադրբեջանին: Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց մեր ժողովրդի արյան եւ հալածանքների գնով բերել եւ Հայաստանը հավասարեցնել Ադրբեջանին՝ դարձնելով նույնատիպ բռնապետական ռեժիմ, եւ այս իրավիճակում որեւէ տարբերություն չկա՝ Արցախը կգտնվի բռնապետական Հայաստանի, թե Ադրբեջանի տարածքում: Սրան գումարվեցին նաեւ Ռուսաստանի մեծապետական նկրտումները: ՌԴ-ն օգտվելով այն հանգամանքից, որ ԱՄՆ-ում ընտրություններ են եւ դրանից հետո անհրաժեշտ է իշխանությունը փոխանցելու որոշ ժամանակաշրջան, փորձում է իր համար հարմար լուծում տալ, որի դեպքում Արեւմուտքի ազդեցությունը կոնֆլիկտի տարածքում կզրոյացվի եւ ինքը կվերականգնի իր ռազմական ներկայությունն առնվազն հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ թույլ չի տա ԱՄՆ-ի հետագա մուտքը Հարավային Կովկաս, քանի որ Վրաստանից պոկեցին ինչը որ հնարավոր էր, եւ այդքանով հարցը լուծվեց: Այս իրավիճակում Կոնգրեսի առաջնորդը հայտարարեց, թե վտանգ կա, որ մեր ակտիվությունը կարող է օգտագործվել դրսի կողմից՝ Սերժ Սարգսյանին ճնշելու եւ իրենց համար ձեռնտու լուծումներ ստանալու համար: Սա է զանգվածային միջոցառումների ժամանակավորապես դադարեցման միակ պատճառը:

Իսկ որ հայ ժողովուրդը միասնաբար շարունակելու է պայքարը երկիրը ժողովրդավարական դարձնելու համար, եւ որ ԼՂ խնդրում ոչ հայանպաստ լուծումների դեմ ընդվզում է լինելու՝ կասկած չունեմ:

– Հնարավոր համարո՞ւմ եք նախկին ԼՂԻՄ տարածքում պատերազմական գործողությունների վերսկսումը, մոտավորապես վրացական սցենարով:

– Չեմ բացառում, քանի որ, չնայած բոլոր վնասներին, էյֆորիա կա, որ Ռուսաստանը լավ գործողություններ է արել եւ վերականգնել է համաշխարհային թատերաբեմում խաղացողի իր իմիջը: Նույն ոգեւորությամբ ՌԴ-ն առիթից օգտվելով ցանկանում է ամրապնդվել եւ թույլ չտալ այլ ուժերի մուտքը Իրանի սահմանից հյուսիս՝ ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանում:

– Դա մեզ ի՞նչ օգուտ կտա:

– Ոչ մի օգուտ ես առայժմ չեմ տեսնում, որովհետեւ Ռուսաստանն իր արտգործնախարարի բերանով միանշանակ հայտարարեց, որ ինքն Ադրբեջանի տարածքային ամբողջության կողմնակից է, միանշանակ ցույց է տալիս իր ագահ շահագրգռվածությունն ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների վերահսկողության եւ տեր դառնալու առումով, իսկ Հայաստանի իշխանություններին տեսնում է իր գրպանում գոյատեւող մանր-մունր ժուլիկների ձեւով, հայ ժողովրդի շահերն էլ իր համար կոպեկի արժեք չունեն. դա գալիս է դեռ դարերի խորքից, եւ դրա ականատեսն ենք ի դեմս Ռուսաստանում ծավալվող հակակովկասյան շարժման:

– Այդ դեպքում ինչո՞ւ վրացական իրադարձություններից հետո ակտիվ ընդդիմությունը ռուսամետ հայտարարություններ արեց, մասնավորաբար՝ առաջին նախագահի հարցազրույցում նման շեշտադրումներ եղան:

– Տեր-Պետրոսյանն ասաց, որ եթե Ռուսաստանը չմիջամտեր, ապա հարավօսեթական ժողովրդին սպասվում էր իր հայրենիքից լիակատար վտարում, որը հավասար է ցեղասպանության: Ես էլ եմ համաձայն, որ Սահակաշվիլին ցանկանում էր ուժային ձեւով լուծել հարցը, այսինքն՝ տարածքն ազատել օսերից: Ցավոք, այդ հարցազրույցում առաջին նախագահը երեւի միտումնավոր չէր անդրադարձել Ռուսաստանի սադրիչ դերին՝ որպես խաղաղապահ Հարավային Օսեթիայում. ինչպե՞ս եղավ, որ բավականին ոչ հավասարակշիռ խառնվածքի տեր Սահակաշվիլին խայծը կերավ եւ գնաց այդ ուժային լուծմանը: Այն, որ ՌԴ-ն թքած ունի հարավային օսերի կամ աբխազների ինքնորոշման իրավունքի վրա՝ բոլորիս համար ակնհայտ է, եւ ոչ մեկին չես համոզի, որ տվյալ դեպքում ՌԴ-ն բարեսիրտ աջակցող է: ՌԴ-ն, իր շահից ելնելով, գործեց շատ կոպիտ եւ ցանկանում է այդ փորձը շարունակել:

– Այսօր Մոսկվայում կայանալու է երեք նախագահների հանդիպումը. ի՞նչ ակնկալել:

– Լուրերն անհանգստացնող են: Չեմ կարծում, որ գրչի մի հարվածով այսօր մեր ճակատագիրը կլուծվի, բայց որ զարգացումները գնում են դեպի վատը՝ դա երեւում է:

– Ի՞նչ պիտի անի այս իրավիճակում հայ ժողովուրդը:

– Շարունակի իր սկսած պայքարը ավելի մեծ ուժով եւ օր առաջ ձերբազատվի այս ռեժիմից, անցկացնի նորմալ եւ ժողովրդավարական ընտրություններ, գա ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որը ԼՂՀ հարցում պարզ քաղաքականություն պիտի վարի իր ժողովրդի հետ:

– Ինչպե՞ս դա անել, եթե հանրահավաքներ չեն լինում:

– Պետք է վերսկսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել