Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ+ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ-ԲԻԶՆԵՍ

Նոյեմբեր 01,2008 00:00

Հանրապետական օրենսդիրները մտադիր են պայքարել անճաշակ սերիալների եւ անօրինական գովազդների դեմ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը 2009-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել էր, թե հարկավոր է վերջ տալ հեռուստաէկրաններից կրիմինալի «ռոմանտիզացիային», գովազդների չարաշահումներին եւ տափակ հեռուստասերիալներին: Երեկ մենք ուզեցինք հստակեցնել՝ այն խնդիրները, որ բարձրացվեցին, արդյոք ունենալո՞ւ են շարունակություն, թե՞ հնչեցին եւ մոռացվելու են: Արմեն Աշոտյանն ի պատասխան ասաց. «Այս խնդիրը վաղուց հասունացած է, գուցե նաեւ մի քիչ ուշացած է հնչեցվել, բայց հիմա, կարծում եմ, ժամանակն է նաեւ փորձել օրենսդրական լուծումներ տալ, իհարկե, պահպանելով մի կողմից՝ խոսքի ազատության գերակայությունը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, եւ մամուլի ազատությունը նույնպես, մյուս կողմից՝ հասարակական կարգ ու կանոնը պահպանելով, այլոց բարոյականությունը եւ իրավունքները չոտնահարելով, դրանք նույնպես սահմանադրական մեկ այլ եզրի մեջ են, եւ պետք է փորձել գտնել ոսկե միջինը: Գործող օրենքները իրականում կարծես բավարարում եւ համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, սակայն օրենքների կիրարկումը եւ համապատասխան մարմինների՝ օրենքներից օգտվելու կամքը երբեմն ցածր մակարդակի վրա է: Գուցե առաջին հերթին լրացուցիչ օրենսդրական փոփոխությունների եւ վերահսկողական ֆունկցիաների հստակեցման կարիք կա»: Հայտնելով, որ որպես այս բոլոր խնդիրները լուծելու առաջին քայլ՝ մտադրություն կա ստեղծել աշխատանքային խումբ կամ ենթահանձնաժողով, պարոն Աշոտյանը տեղեկացրեց, որ այս աշխատանքային խումբն իր մեջ ներառելու է բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին, հասարակական եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ԱԺ պատգամավորների:

«Առավոտն» իր հերթին նկատեց, որ բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները, այդ թվում նաեւ՝ հարկատուների հաշվին ապրող Հանրայինը, դարձել են առանձին, հզոր տնտեսական-ֆինանսական կառույցներ, եւ, փաստորեն, այս կարգի փոփոխությունները իրենց տնտեսական շահերից չեն բխելու, ուրեմն, ինչպե՞ս են պատգամավորները պատրաստվում պայքարել այդ ուժերի դեմ: Ըստ պարոն Աշոտյանի, խնդիրը հասարակական հնչեղություն ունի, եւ «Ազգային ժողով + հասարակություն» բանաձեւը կարող է հաղթահարել ցանկացած տնտեսական լոբբինգ: «Իհարկե, մենք գործ ունենք գովազդային շուկայի հետ, որը, ըստ ոչ պաշտոնական հաշվարկների, տարվա մեջ շուրջ 100 միլիոն դոլարի շրջանառություն է ապահովում,- նշեց պատգամավորը,- եւ կրկնակի տարակուսելի է, որ 300 խոշոր հարկատուների ցանկում հեռուստաընկերությունները բավականին համեստ տեղեր են զբաղեցնում»:

ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը նկատեց, որ հեռուստասերիալների եւ անօրինական «երկարաշունչ» գովազդների դեմ պետք է սկսել անզիջում պայքար, քանի որ դրանք ուղղակի վնասում են մեր ազգային ճաշակը եւ ազդում են հասարակության հոգեբանության վրա. «Դրանք, անշուշտ, շատ բացասական են ազդում, եւ ես հիմա չեմ կարող առաջարկել դրանց դեմն առնելու լավագույն տարբերակը, ես կասեմ, որ եւ սերիալները, եւ քաղաքական վերլուծություններին նվիրված որոշ հաղորդումները, եւ մնացած եթերաժամը լցնելու պրիմիտիվ ծրագրերը ազդում են հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Ընդհանրապես, պետք չէ մոնիտորինգ անել՝ տեսնելու համար, թե այդ հաղորդումները ինչ աստիճանի են աղավաղում հայ մարդու կերպարը: Այստեղ չպետք է քաղաքական շահարկումների առիթ դարձնել համապատասխան մարմինների առաջարկությունները եւ մաշված տեսություն առաջ քաշել, որ վերականգնվում է 37 թվականի ցենզուրան: Այդ ցենզուրան չպետք է շփոթել գրահետապնդման հետ: Նորից եմ կրկնում, այն, ինչ հարիր չէ հայ մարդուն, հայոց պետականությանը՝ պետք է իսպառ ոչ թե արմատախիլ անել, այլ՝ բնաջնջել»:

ԱԺ մարտի 1-2-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փորձեց այս խիստ գնահատականը մի քիչ մեղմել եւ զուգահեռ անցկացնելով ամերիկյան եւ տեղական «կրիմինալ» ֆիլմերի միջեւ՝ ասաց. «Համանման ամերիկյան կամ եվրոպական ֆիլմերում խնդիրը հետեւյալն է. կա հանցագործություն, կա հանցագործ աշխարհ եւ կա պետություն: Նրանք ցույց են տալիս «բարի» ոստիկանին, որը հաղթում է հանցավոր աշխարհին, եւ «չար» ոստիկանին: Նրանք դաստիարակում են ուժեղ պետության գաղափարը: Մե՞նք ինչ ենք դաստիարակում այս սերիալներով, դա է խնդիրը, դաստիարակում ենք բռնութունը, հանցավոր աշխարհը, գողական գաղափարախոսությունը, որը վտանգավոր է ազգի եւ պետության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել