Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձան հաղթանակով

Հոկտեմբեր 31,2008 00:00

«Հաղթելու ենք» կարգախոսով Վարշավայում հանդես եկան Հայաստանի Ուշու-Սանդայի մարզիկները

Օրերս Վարշավայում կայացավ Ուշու-սանդայի Եվրոպայի 12-րդ առաջնությունը: 30-ից ավելի մասնակից երկրների թվում էր նաեւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում էր մարզաձեւի Հայաստանի հավաքականը:

Ուշու-սանդան աշխարհում մեծ տարածում գ տած չինական ուշու մարտարվեստի 1000-ից ավելի ոճերից մեկն է (սանդա՝ չինարեն նշանակում է ազատ հարված), որը հավակնում է գրանցվել օլիմպիական մարզաձեւերի ցանկում: Այս տարի մարզաձեւն ընդգրկված է եղել Պեկինում կայացած ամառային օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթների ծրագրում:

Վարշավայում հայ մարզիկները տարան մի քանի հաղթանակներ տարբեր քաշային կարգերում: 65 կգ քաշային Սասուն Հայրապետյանը եզրափակիչում, հաղթելով լեհ մարզիկին, նվաճեց ոսկե մեդալ: Մեկական արծաթե մեդալ նվաճեցին Սերգեյ Սեւյանն ու Կարեն Սահակյանը: Բրոնզե մեդալակիրներ դարձան Արման Ավետիսյանն ու Հարություն Սիմոնյանը:

Հավաքականի գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը՝ Լիանա Վարդանյանը, Ուշու Թայդի-տեն ոճում արժանացավ բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականի կորիզը ներկայացնում էր Շենգավիթի թիվ 1 մարզադպրոցը, որը հիմնվել է 1990 թվականին:

Ուշու մարտարվեստի սանդա ուղղությունը Հայաստանում սկսել է զարգանալ 1987 թվականից՝ մի քանի նվիրյալների շնորհիվ, որոնց թվում է մարզադպրոցի տնօրեն եւ հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Աբրահամյանը: Այժմ մեր երկրում մարտարվեստի խմբեր գործում են Գյումրիում, Վանաձորում, Արթիկում, Նոյեմբերյանում եւ այլ քաղաքներում: Այս խմբերում մարզվողները մասնակցում են Հայաստանի առաջնություններին, որոնց հաղթողները իրավունք են ստանում հանդես գալու Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնատներին, որոնք անցկացվում են հաջորդաբար՝ երկու տարին մեկ:

Մեր մեդալակիրներն այսօրվանից արդեն նախապատրաստվում են 2009 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ու չնայած պայքարը շատ ավելի լարված է լինելու՝ հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Աբրահամյանի ակնկալիքները շատ մեծ են: «Եվրոպայի առաջնությունը մեր հաջողությունների սկիզբն է»,- վստահ է մարզիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել