Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հոկտեմբեր 31,2008 00:00

Վիշվանաթան Անանդը՝ շախմատի աշխարհիբացարձակ գահակալ

\"\"Բոննում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնության համար գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) եւ Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) միջեւ մրցամարտը նախավերջին տուրում ավարտվեց Անանդի հաղթանակով:

Կրամնիկը, որ մրցամարտի առաջին հատվածում, կրելով երեք պարտություն, գործնականում հայտնվել էր անհուսալի վիճակում, ճանապարհի երկրորդ կեսն անցկացրեց անհամեմատ ավելի վստահ: Իսկ սկսած իններորդ տուրից, խաղատախտակի վրա տիրում էր նախաձեռնությանը: Ճիշտ է, խաղային առավելությունը նյութականի վերածել նրան հաջողվեց ընդամենը մեկ անգամ, այն էլ 10-րդ տուրում:

Ինչ վերաբերում է Անանդին, որն, անկասկած, մեր ժամանակների մեծագույն շախմատիստներից է, հենց սկզբից հաշվի մեջ միավորների հուսալի տարբերություն ապահովելով, հետագայում ավելորդ ռիսկի չէր գնում եւ խաղում էր հիմնականում իրեն ձեռնտու ոչ-ոքիների համար, ինչ նրան հաջողվեց: Այդպես եղավ նաեւ մրցամարտի վերջնական ելքը վճռած 11-րդ տուրում: Խաղալով սպիտակներով, նա կարողացավ ծանր ֆիգուրների փոխանակումով շատ արագ խաղատախտակի վրա դիրքը պարզեցնել: Եվ մրցակիցը վերջնականապես համոզվելով, որ հաղթանակի հասնելու որեւէ հեռանկար այլեւս չկա, 24-րդ քայլում ինքն առաջարկեց ոչ-ոքիի համաձայնել ու առաջինը շնորհավորեց աշխարհի չեմպիոնին:

Սամվել Տեր-Սահակյանը աշխարհի փոխչեմպիոնն է

\"\"Վիետնամում ավարտվեց շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որտեղ գերազանց հանդես եկավ 18 տարեկան տղաների խմբում հանդես եկող հայաստանցի Սամվել Տեր-Սահակյանը: Եզրափակիչում Սամվելը հանդիպեց առաջատարի դերն ստանձնած Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Սարիչի հետ: Երկու շախմատիստներն էլ ունեին հավասար՝ 7,5-ական միավոր ու հենց նրանց պայքարում էր որոշվելու, թե ո՞վ կդառնա աշխարհի չեմպիոն:

Սակայն, եթե մեր շախմատիստին, որը մրցակցից ետ էր մնում միայն լրացուցիչ գործակիցների հաշվարկով, անպայման հաղթանակ էր անհրաժեշտ, խորվաթին բավարարում էր նաեւ ոչ-ոքին: Ի վերջո, Սարիչը հասավ իր նպատակին: Իսկ Սամվել Տեր-Սահակյանն ամբողջ առաջնության ընթացքում չկրելով ոչ մի պարտություն եւ 11,0 հնարավորից վաստակելով 8,0 միավոր (նույնքան, որքան չեմպիոնը)՝ նվաճեց այդ տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:

Վիկը խոստանում է զարմացնել հանդիսականին

\"\"Վաղը վանաձորցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, առաջին թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում գոտիների միավորման մենամարտ է անցկացնելու մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ, որին պատկանում են WBA-ի եւ WBC-ի գոտիները:

Երեկ Վիկը Կալիֆոռնիայում բաց մարզում անցկացնելուց հետո, ռուսաստանցի մեր հայրենակից Վիկտոր Օգանովի հետ միասին վերջին անգամ հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հայտարարելով, որ ապագա մրցակիցը գերագնահատված բռնցքամարտիկ է, Վախթանգը շարունակել է. «Միխարեսը շատ լավ բռնցքամարտիկ է, բայց իմ հարվածները ստանալուց հետո նրա համար ամեն բան կփոխվի: Նա հանդիպել է ուժեղ բռնցքամարտիկների, սակայն նրանց մեջ ինձ հավասարը չի եղել: Նրանցից ոչ ոք իմ ուժը չունի: Այսպես ասում եմ, որովհետեւ վստահ եմ, որ խոսքերս գործով կհիմնավորեմ: Միխարեսը մարտը վարում է սիրողական ոճով: Այս մենամարտից հետո պատրաստվում եմ աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալ»:

Վիկը խոստացել է զարմացնել իր երկրպագուներին եւ ցույց տալ այնպիսի բռնցքամարտ, ինչպիսին նրանք դեռ երբեք չեն տեսել: «Շաբաթ օրը դուք միանգամայն ուրիշ Վիկ Դարչինյան կտեսնեք,- հայտարարել է նա:- Ես չեմ ձգտի նրան մեկ հարվածով շարքից դուրս բերել: Հանդիսատեսը գումար է վճարում, որովհետեւ ցանկանում է դիտարժան մարտեր տեսնել: Շաբաթ օրը ես նրան այդպիսի հնարավորություն կտամ»:

Վիկտոր Օգանովը, որը նույն օրը մենամարտելու է առայժմ ոչ մի պարտություն չունեցող ամերիկացի Անդրե Դիրելլի հետ, խոստովանել է, որ մրցակիցը մի ամբողջ շարք անվիճելի արժանիքներ ունի, բայց նաեւ ավելացրել, որ դա նրան չի օգնի: «Նա լավ տեխնիկայի է տիրապետում եւ ռինգում խելամիտ է գործում, բայց ես ունեմ ուժ եւ հզորություն: Իմ կարիերայում առաջին անգամ ես անչափ լավ մարզումային հավաք եմ անցկացրել: Իմ բախտը բերեց, որ մարզվում էի Վիկի եւ նրա մարզիչ Վազգեն Բադալյանի հետ: Մենք մարտը վարելու լավ ծրագիր ենք կազմել, եւ ես պատրաստվում եմ օգտվել դրանից»:

Արթուր Աբրահամ. «Մարկեսը թող մտածի մասնագիտությունը փոխելու մասին»

Այն բանից հետո, երբ Ռաուլ Մարկեսը հայտարարեց, որ հոկտեմբերի 4-ին նշանակված մենամարտը մեկ ամսով հետաձգելու պատճառը ոչ թե Արթուր Աբրահամի հիվանդանալն է եղել, այլ անձնական քաշը, «Արքա Արթուրը» պատասխանել է. «Շնորհակալ եմ գոտուս հավակնող մրցակցիս իմ բժշկական ախտորոշմամբ զբաղվելու ջանքերի համար: Բայց ավելի լավ կլիներ, որ նա մտահոգվեր իր հետագա ճակատագրով ու մտածեր, թե ինչո՞վ է զբաղվելու պարտվելուց հետո: Գուցե կկարողանա որպես բժի՞շկ աշխատել: Ես վստահ եմ, որ նա չի դառնալու IBF-ի վարկածով միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն: Այնպես որ, ավելի լավ կլինի մտածի նոր մասնագիտություն ընտրելու մասին: Լսել եմ, որ Մարկեսն իրեն փորձել է հեռուստամեկնաբանի դերում: Բայց եթե նրան ավելի դուր է գալիս ուրիշների քաշի հետ կապված դատողություններ անել, կարող է դիետաբան դառնալ: Գոտիների միավորման իմ ծրագիրն իրականացնելու համար ես պարտավոր եմ հաղթել Մարկեսին: Դրա համար էլ ամբողջապես կենտրոնացած եմ հաղթանակի վրա: Հիվանդանալուց հետո հիմա ես ամբողջովին վերականգնվել եմ ու անմիջապես մարզումներս վերսկսել: Մեկ շաբաթից կլինեմ գերազանց մարզավիճակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել