Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել են կասկածելի արդյունքներով դպրոցներ»

Հոկտեմբեր 31,2008 00:00

Վերլուծելով ավարտական եւ միասնական քննությունները՝ երեկ խոստովանեց ԳԹԿ տնօրենը

«Ուզում եմ, որ հասարակությունը մեզ ընկալի ոչ թե իբրեւ միասնական եւ ավարտական քննություններ կազմակերպող կառույց, այլ հանրակրթության նոր գնահատման համակարգի կայացման հիմնական հաստատություններից մեկը: Մեր նպատակը ոչ թե քննություններ կազմակերպելն է, այլ հանրակրթական հաստատությունների արտաքին գնահատման միջոցով ընդհանուր մակարդակի եւ որակի բարձրացմանը նպաստելը»,- երեկ Գիտելիքների թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) ասաց նրա տնօրեն Մանուկ Մկրտչյանը: Նա նշեց, որ ԳԹԿ-ն այսուհետեւ աշակերտներին հետեւելու է մինչ շրջանավարտ դառնալը. «Դեկտեմբերի վերջերից 10 ավագ դպրոցների 10-րդ դասարաններում կանցկացնենք մաթեմատիկայի, հայոց լեզվի, պատմության կիսամյակային քննություններ: Նույն դպրոցներում քննություններ կանցկացվեն հաջորդ տարվա մարտին, ապա տարեվերջին ու այսպես կհետեւենք այդ 10-րդ դասարանցիների «որակին»: Նմանատիպ աշխատանքներ ենք կատարելու նաեւ 8-րդ դասարանցիների համար՝ հունվարից կազմակերպելով կիսամյակային, քառորդային եւ տարեկան քննություններ»:

ԳԹԿ տնօրենը անդրադարձավ նաեւ վերջերս Ծաղկաձորում կայացած գիտամեթոդական կոնֆերանսին, որտեղ քննարկվել են ավարտական եւ միասնական քննություններին, դրանց կազմակերպման թերություններին, դժվարություններին վերաբերող հարցեր: Այդ ամենն ամփոփելով ու նախկին փորձի վրա հիմնվելով, ԳԹԿ-ն համապատասխան վերլուծություններ է իրականացնում: «Այցելում ենք մարզեր, արդեն եղել ենք Վայքում, Գեղարքունիքում, Կոտայքում: Հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում ենք մեր վերլուծության արդյունքները, լսում նրանց դիտողություններն ու առաջարկությունները: Ունենք տարբեր ուղղություններով վերլուծություններ, օրինակ՝ մարզերի դպրոցներում ինչպիսի՞ն է դրությունը գնահատականի, բարձր բալեր հավաքածների, «կտրվածների», առանձին թեստերի որակի առումով եւ այլն: Առանձնացնում ենք այն դպրոցները, որտեղ ավարտական քննությունների արդյունքները կասկածելի են: Նախարարի հրամանով արդեն ստեղծված են աշխատախմբեր, որոնք ուսումնասիրություններ կանցկացնեն այդպիսի դպրոցներում՝ պարզելու, թե ի՞նչ գործոններ են ազդել արդյունքների վրա: Այս քայլերն արվում են ոչ թե ինչ-որ մեկին պատժելու, այլ դպրոցներին զգոնացնելու համար: Պարզում ենք նաեւ, թե մենք որտեղ ենք թերացել, ու արդյունքում՝ տնօրեններն ու ուսուցիչներն էլ ինչ լծակներից են օգտվել»,- հայտնեց Մ. Մկրտչյանը:

Ըստ նրա, նոյեմբերի վերջերին բոլոր առարկաներից Ուղեցույցները անվճար կտրվեն շրջանավարտներին. «Ուղեցույցների մեջ փորձել ենք շատ բան չփոխել, ընդամենը կատարել ենք լրամշակումներ: Էական փոփոխություն է կատարվել միայն մաթեմատիկայի Ուղեցույցում. փոխվել է թեստերի կառուցվածքը, թեեւ առաջադրանքները նույնն են մնացել»: ԳԹԿ տնօրենը խոստովանեց, որ անցյալ տարվա քննությունների ժամանակ ակնհայտ թերություններ են գրանցվել ու խոստացավ, որ հաջորդ անգամ կաշխատեն դրանցից ձերբազատվել: Կոռուպցիայի մասին խոսելիս՝ Մ. Մկրտչյանը հավելեց. «ԳԹԿ-ի գոյության իմաստը Հայաստանում առաջնակարգ, բարձրակարգ հանրակրթություն ստեղծելն է, ոչ թե կոռուպցիան վերացնելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել