Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ՇԱԼՅԱՊԻՆԸ»

Հոկտեմբեր 31,2008 00:00

\"\"Երեւանում է համաշխարհային օպերային աստղ Պաատա Բուրչուլաձեն

Ճանաչված բաս Պաատա Բուրչուլաձեն մեկ համերգով նոյեմբերի 1-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան)՝ հնչեցնելով արիաներ Վերդիի, Գունոյի, Մուսորգսկու օպերաներից:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Պ. Բուրչուլաձեն հիշեց իր միակ բեմելը Երեւանի ազգային օպերային թատրոնում. 1970-ականների վերջին նա հանդես է եկել Վերդիի «Դոն Կարլոս» օպերայում՝ Ֆիլիպի, եւ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչում»՝ Դոն Բազիլիոյի դերերգերով, դիրիժոր Յուրի Դավթյանի ղեկավարությամբ: Երեւանյան այդ միակ ելույթը «խերով է եղել» երգչի համար, քանի որ դրանից հետո՝ 1981-ին Վերդիի, 1982-ին՝ Չայկովսկու եւ 1985-ին՝ Պավարոտիի անվան վոկալիստների միջազգային մրցույթներին մասնակցած Բուրչուլաձեի անունը տեղ է գտել միայն առաջին հորիզոնականներում: Եվ, բնականաբար, սկսվել է նրա՝ որպես երգչի, հաղթարշավը «Լա Սկալա», «Մետրոպոլիտեն», «Քովեն գարդեն», Վիեննայի, Բավարիայի, Համբուրգի եւ մյուս առաջատար օպերային թատրոնների բեմերում՝ հայտնի երգիչների ու դիրիժորների հետ: Բուրչուլաձեն հատկապես հայտնի է Բորիս Գոդունովի դերերգի իր մեկնաբանմամբ՝ Մուսորգսկու նույնանուն օպերայում: 1995 թ. Մյունխենում նշվել է հիշյալ դերերգի նրա 100-րդ կատարումը:

Մեզ հետ զրույցում արվեստագետը, օպերային բեմերից բացի, կարեւորեց նաեւ իր կամերային համերգները, նշելով մեծանուն Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ ժամանակին իր մասնակցությունը Վերդիի, Մոցարտի ռեքվիեմների կատարմանը: Ֆոն Կարայանը երգչին շնորհել է «երկրորդ Շալյապին» գնահատականը: Հիշեց նաեւ, իր խոսքերով՝ 80-ականների առաջին հաջողության մասին. «Դա կապված է Լոնդոնի Royal Opera Hous-ում Ռամֆիսի դերակատարման հետ՝ Վերդիի «Աիդա» օպերայում: Բեմում խաղընկերներս էին Կատյա Ռիչարելին, Լուչիանո Պավարոտին, իսկ ներկայացումը ղեկավարում էր Զուբին Մետայը»:

Եղել են ժամանակներ, երբ 40 օր տեւողությամբ Երեւանի եւ Թբիլիսիի ազգային օպերային թատրոնները փոխայցելություններ են ունեցել, անգամ համատեղ ներկայացրել են Վերդիի «Տրուբադուր» օպերային ներկայացումը, ինչը այլեւս անցել է պատմության գիրկը, հավանաբար, չկրկնվելու պայմանով, եւ դա «արդարացվում» է ֆինանսական սղությամբ: Այս առիթով Պ. Բուրչուլաձեն հայտնեց. «Ֆինանսը բոլոր ժամանակներում էլ չի բավականացրել: Պետք է ավելի գլոբալ մտածել, օգնել մեկմեկու, հնարավորինս շատ հիմնել բարեգործական հիմնադրամներ…»:

Իսկ այն մասին, թե ինչո՞ւ է երգիչը բնակվելու համար վերջին տարիներին ընտրել Բեռլինը, մեր զրուցակիցն ասաց. «Աշխարհը գիտի, որ վրացի եմ ու հպարտ եմ, որ հենց այդ ազգից եմ: Հայրենիքիս հետ կապը երբեք չի ընդհատվել: Վրաստանում հիմնել եմ հաշմանդամ երեխաների օգնության հիմնադրամ ու իմ համեստ օգնությունն եմ կարողանում ցուցաբերել հայրենակիցներիս: Ինչ վերաբերում է Գերմանիայում բնակվելուս, հնարավոր է՝ հենց վաղը աշխատանքի բերումով փոխեմ այն… Յուրաքանչյուր վրացու կարգախոսն է՝ հասնել, օգնել ազգին, որտեղ էլ լինես…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել