Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագիր է կնքել «մոլորության մեջ»

Հոկտեմբեր 31,2008 00:00

Եվ հիմա՝ հինգ տարի անց, փոշմանել է

Անդրանիկ Այվազյանի եւ Դավիթ Փոլադյանի միջեւ 2004-ից սկսած դատական վեճեր են ընթացել՝ կապված Դավիթ Փոլադյանի կողմից Ա. Այվազյանին 2002թ. ապրիլի 28-ին տրված $362 000-ի ստացականի եւ դրանից հետո՝ 2002թ. հունիսի 13-ին Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի եւ Անդրանիկ Այվազյանի միջեւ կնքված համաձայնագրի հետ: Ըստ Փոլադյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի՝ այդ վեճերը լսվել են վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում եւ վերջնական լուծում են ստացել: Դավիթ Փոլադյանի հայցը բավարարվել է, Անդրանիկ Այվազյանին տրված ստացականից ծագող պարտավորությունները, դրանից հետո կնքված համաձայնագրի հիմքով, դադարած են ճանաչվել եւ Անդրանիկ Այվազյանից, հօգուտ Դավիթ Փոլադյանի, բռնագանձվել է համաձայնագրում նշված գումարը՝ իր տոկոսներով:

2008թ-ին, սակայն, Ա. Այվազյանը դիմել է Երեւանի քաղաքացիական դատարան (նախագահող դատավոր՝ Էդ. Ավետիսյան)՝ համաձայնագիրն իր մասով անվավեր ճանաչելու պահանջով, պատճառաբանելով, թե ինքն այն կնքել է «մոլորության ազդեցության տակ»:

Փաստաբան Կ. Մեժլումյանը դատարան է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ու վերաքննիչ դատարանի վճիռը եւ, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52 հոդվածին, խնդրել է հայցը մերժել, քանի որ այդ դատական ակտերով հաստատված հանգամանքների առկայության պայմաններում Ա. Այվազյանի հայցը միանշանակ ենթակա էր մերժման: «Մենք խնդրել էինք կիրառել հայցային վաղեմություն, պատճառաբանելով, որ համաձայնագիրը կնքվել է դեռեւս 2002թ., իսկ Ա. Այվազյանը դրա անվավերության պահանջ է ներկայացրել ավելի քան 5 տարի անց, այն դեպքում, երբ նման գործերով հայցային վաղեմության ժամկետը 1 տարի է»,- ասում է փաստաբան Մեժլումյանը:

Սակայն Ա. Այվազյանի հայցը դատարանը բավարարել է: «Ուսումնասիրելով վճիռը՝ պարզել ենք, որ վճռում որեւէ հղում չկա ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանն ու վերաքննիչ դատարանի վճռին, ինչպես նաեւ հայցային վաղեմություն կիրառելու մասին մեր կողմի դիմումին: Այսինքն՝ դատավորն իր ակնհայտ անարդար վճիռը կայացնելու համար, օրենքի կոպիտ խախտում կատարելով, թաքցրել է այն փաստը, որ վճռաբեկ ու վերաքննիչ դատարանները վեճին լուծում են տվել, եւ այդ դատական ակտերով այնպիսի փաստեր են հաստատվել, որոնց պայմաններում Ա. Այվազյանի հայցը միանշանակ պետք է մերժվեր»,- հավելում է փաստաբանը:

Ըստ Կ. Մեժլումյանի, դատավորի նման պահվածքը «մարտահրավեր է նախագահի նախաձեռնությանը, ՀՀ վճռաբեկ եւ վերաքննիչ դատարաններին, որոնց կայացրած դատական ակտերն անտեսվել են»: $362 000-ի ստացական ստանալով՝ Անդրանիկ Այվազյանն ու Վլադիմիր Ադամյանը, որ այդ ժամանակ «Տավուշ» գինու գործարան» ՓԲԸ-ի 40% բաժնետոմսերի սեփականատերերն էին, փաստաբան Սերգեյ Մկրտչյանի իրավական օգնությամբ ստիպել են Դավիթ Փոլադյանին՝ իրենց օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող «Տավուշ» գինու գործարան» ՓԲԸ-ում ունեցած 60% բաժնետոմսերը, պայմանով, որ ստացականը վերադարձվի Դավիթ Փոլադյանին եւ նրան վճարվի $120 000:

Երբ 13.06.2002թ. կողմերը հանդիպել են նոտարական գրասենյակի մոտ՝ գործարքը կատարելու համար, Անդրանիկ Այվազյանը հայտարարել է, որ ստացականը չի գտնում եւ որպես իրավիճակից ելք, փաստաբան Սերգեյ Մկրտչյանի եռակողմ համաձայնագիրն է ձեւակերպվել ու կնքվել: Ըստ այդ համաձայնագրի, «Տավուշ» գինու գործարան» ՓԲԸ-ում ունեցած 60% բաժնեմասը Վլադիմիր Ադամյանին օտարելուց հետո, այլեւս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որեւէ պարտք ու պահանջ չունենք եւ չենք ներկայացնելու, բացառությամբ նրա, որ Անդրանիկ Այվազյանս եւ Վլադիմիր Ադամյանս պարտավորվում ենք վերը նշված գործարքը կատարելուց հետո 45 օրվա ընթացքում Դավիթ Փոլադյանին վճարել $120 000»:

Դ. Փոլադյանը նշված պայմանը նույն օրն իսկ կատարել է՝ նոտարի կողմից վավերացված պայմանագրով բաժնետոմսերն օտարելով Վլադիմիր Ադամյանին: Սակայն գումարի վճարումն անընդհատ ձգձգվել է, եւ երբ Դավիթ Փոլադյանը 2004-ին դիմել է դատարան՝ $120 000 գումարը ստանալու պահանջով, Ա. Այվազյանն էլ իր հերթին է դիմել դատարան՝ $362 000-ը Դավիթ Փոլադյանից ստանալու պահանջով, ներկայացնելով ստացականը եւ պատճառաբանելով, որ համաձայնագիրն ինքը ստորագրել է որպես երաշխավոր, այն բանի համար, որ Վլադիմիր Ադամյանը Դավիթ Փոլադյանին կվճարի $120 000:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել