Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՐԱԳՐՈՂԸ ՊԻՏԻ ՄԻ ՔԻՉ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԻ»

Հոկտեմբեր 31,2008 00:00

\"\"Ասում է Լիտվայի ժուռնալիստների միության նախագահը

«Երբ լրագրությունը, ո՛չ թե՝ լրատվամիջոցները, բիզնես է դառնում, այն նմանվում է մարմնավաճառության»,- երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լիտվայի լրագրողների միության նախագահ Դայնյուս Ռաձյավիչյուսը: Նա նախ ներկայացրեց, թե Լիտվայում ինչպես կարելի է ստանալ ժուռնալիստական կրթություն: Դայնյուսի խոսքից պարզ դարձավ, որ հայաստանյան կրթական մոտեցումների հետ քիչ նմանություններ կան. մեկն այն է, որ Լիտվայում էլ են ուսանողները սովորում եռաստիճան համակարգում: Տարբերություններն ավելի շատ են. օրինակ՝ Լիտվայում ապագա լրագրողներն ունեն սեփական ռադիոկայան, իրենց կարող են թույլ տալ մեկնել արտասահմանյան տարբեր երկրներ՝ պրակտիկայի, լրագրողներ պատրաստող դասախոսների մեծ մասն էլ գործող ժուռնալիստներ են եւ այլն: ԵՊՀ մագիստրոսներին հետաքրքրեց, թե Լիտվայում է՞լ են լրագրողների մեծամասնությունը կանայք: Դայնյուսը ծիծաղով պատասխանեց. «Այո, լրագրող կանայք իրենց թվով գերազանցում են տղամարդկանց: Սակայն սա միայն լրագրության բնագավառին չի վերաբերում: Ընդհանրապես, մեր երկրում կա տղամարդկանց դեֆիցիտ՝ բոլոր ոլորտներում: Լիտվայում ընդհանրապես որակյալ եւ պրոֆեսիոնալ լրագրողների դեֆիցիտ է նկատվում: Որակյալներին ուղղակի ձեռքից ձեռք են փախցնում»: Մագիստրոսներին նաեւ հետաքրքրեց, թե երկրում իրավիճակի բարելավումն ինչպե՞ս է անդրադառնում լրագրության որակի վրա: Լիտվացի գործընկերը նկատեց. «Լիտվայում լրագրության որակի ետընթաց է նկատվում… Մի տեսակ լրագրողների՝ աստղ դառնալու միտում կա: Որոշ լրագրողներ ավելի շատ հաճույք են ստանում աշխատանքի ժամանակ, քան՝ զբաղվում իրենց մասնագիտական գործունեությամբ: Հաճախ կարելի է հանդիպել այնպիսի լրագրողների, որոնք զբոսանավերի վրա ուղղակի լավ ժամանակ են անցկացնում եւ ձեռքի հետ մի 5 րոպե էլ նվիրում են լրագրությանը: Իսկ հեռուստատեսությունում տղամարդ հաղորդավարների ընտրության հարցում առաջնորդվում են կա՛մ գեղեցիկ, կա՛մ խելացի սկզբունքով»:

«Առավոտի» խնդրանքով պարոն Ռաձյավիչյուսը անդրադարձավ լիտվական ժուռնալիստական միջավայրի «գրված» եւ «չգրված» օրենքներին: Մեր զրուցակիցը հանդիպման սկզբում բանաձեւի պես մի արտահայտություն էր արել, ըստ որի՝ լրագրողը պիտի փոքր-ինչ ընդդիմադիր լինի: Ուստի մանրամասնեց. «Լիտվայում կան բազում թերթեր, ամսագրեր եւ 5 հեռուստաընկերություն: Մեզ մոտ, ինչպես Հայաստանում, պետական լրատվամիջոցներ գոյություն չունեն: Դա ամրագրված է օրենքով, ինչը տարածվում է նաեւ բանկերի եւ այլ կազմակերպությունների վրա: Այնպես որ, լիտվական ԶԼՄ-ները կախում չունեն ինչ-որ կուսակցությունից կամ գերատեսչությունից: Բայց հնարավոր է, որ տարբեր լրատվամիջոցներ լինեն օլիգարխների սեփականությունը, այ, այդ դեպքում տվյալ լրատվամիջոցը տրամաբանորեն չի կարող այդ օլիգարխի մասին վատ նյութեր գրել»: Անցնելով «չգրված» օրենքներին՝ Դայնյուսը նշեց. «Եթե որեւէ մեկը իրեն ընդդիմադիր լրատվամիջոց է հռչակում, ապա պիտի հրապարակայնորեն իրազեկի, թե ինչ նկատի ունի ընդդիմադիր ասելով: Իսկ եթե տվյալ լրատվամիջոցը չքննադատի կառավարությանը, ոչ ոք այդ թերթը չի կարդա: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ լրագրողները կա՛մ պիտի քննադատեն, կա՛մ զբաղեցնեն հանրությանը»: Պետական լրատվամիջոցներ չունեցող եւ, ըստ Դայնյուսի՝ մամուլի ազատության առումով համեմատաբար բարվոք վիճակում գտնվող Լիտվայում եւս լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառվում են. «10 տարի էր, ինչ այդպիսի դեպք չէր եղել, բայց այս տարի ամռանը ֆոտոլրագրողի ծեծեցին, պատվիրատուն էլ մի մաֆիոզ կազմակերպություն էր: Եղել են դեպքեր, երբ լրագրողը բռնության է ենթարկվել սպորտի կամ այլ բնագավառի աստղի պատվերով»: Ըստ Դայնյուսի՝ սկսնակ լրագրողները Լիտվայում վաստակում են ամսական նվազագույնը $1000: Լիտվական ԱԺ-ում՝ լրագրողների աշխատելու տեխնիկայի մասին Դայնյուսն ասաց. «Կարիք էլ չի առաջանում, որպեսզի նրանք գնան ԱԺ-ի շենք: Նիստը հեռարձակվում է ուղիղ եթերով, եւ ժուռնալիստները օն- լայն սկզբունքով կարող են հղել իրենց հարցերը: Բայց պաշտոնյաներն ուզում են լրագրողներին տեսնել, որովհետեւ ձանձրանում են առանց նրանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել