Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ» ԵՆ ԳՆԱԼՈՒ ՄԻԱՅՆ ԱՂՋԻԿՆԵ՞ՐԸ

Հոկտեմբեր 31,2008 00:00

\"\"Ըստ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ շուտով իր գրասենյակում կմնան միայն աղջիկները

2009-ի բյուջեի նախագծի երեկվա քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն առաջադրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատավարձի բարձրացման խնդիրը՝ վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, թե աշխատավարձի նվազ լինելու պատճառով կադրերի արտահոսք կա Պաշտպանի աշխատակազմից. «Իսկ ես կարող եմ բացառապես դրական խոսքեր ասել նրա գրասենյակի ներկայացուցիչների այս վերջին 1 տարում կատարած աշխատանքի մասին»: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ի պատասխան համաձայնեց, թե աշխատավարձերի բարձրացման խնդիր կա. «Պաշտպանը հայտ էր ներկայացրել՝ իր գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը շուրջ 50%-ով բարձրացնելու, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ բյուջեի այս նախագծում աշխատավարձերի բարձրացում չի նախատեսված ընդհանրապես որեւէ օղակի համար՝ այդ ստատուս-քվոն պահպանվել է»: Նաեւ հայտնեց, թե արդարադատության նախարարության միջին աշխատավարձն ավելի ցածր է, քան ՄԻՊ աշխատակազմինը:

Սակայն Արմեն Հարությունյանը նկատեց, որ նախարարությունների համակարգը լրիվ այլ է, եւ իրենց աշխատավարձերը հարկ է համեմատել ԱԺ-ի կողմից կազմավորված այլ մարմինների հետ: Համեմատեց՝ Մարդու իրավունքների պաշտպանը ստանում է 340 հազար դրամ աշխատավարձ, իսկ ՍԴ նախագահը՝ 560 հազար դրամ. «Դուք գտնում եք, որ սա հավասա՞ր կարգավիճակ է: Եթե այնտեղ հնից է եկել՝ վերջերս եք ստեղծել Վերահսկիչ պալատ, որի համար նույնպես ձեւավորել եք հավելավճարների համակարգ, եւ պալատի նախագահը շուրջ 700 հազար դրամ աշխատավարձ է ստանում»: Ըստ նրա՝ ՄԻՊ գրասենյակի եւ ԱԺ ձեւավորած այլ մարմինների աշխատավարձերի տարբերությունը 2-3 անգամ է, եւ այդ մասին նա խոսել է ե՛ւ վարչապետի, ե՛ւ ԱԺ նախագահի հետ. «Մենք միշտ այս հարցը բարձրացնում ենք, ու մեզ ասում են՝ սա ֆինանսական խնդիր չէ, այլ քաղաքական որոշման»:

Արմեն Հարությունյանը նաեւ ընդգծեց իրենց աշխատանքի առանձնահատկությունները՝ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին անգամ գիշերվա ժամը 2-ին են կանչում օգնության, հանրահավաքների ժամանակ են հսկողություն իրականացնում եւ այլն: Եվ այս ամենի համար նրանք ստանում են շուրջ 70 հազար դրամ աշխատավարձ: Սա է թերեւս պատճառը, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարը նախընտրել է տեղափոխվել աշխատանքի Հանրային հեռուստաընկերություն՝ իբրեւ իրավաբանական բաժնի վարիչ: Աշխատակազմից մեկ ուրիշը նախընտրել է դառնալ թաղապետի տեղակալ, մյուսը՝ դասախոսել ԵՊՀ-ում, իսկ երրորդը տեղափոխվելու է Վերահսկիչ պալատ: «Աշխատակազմից 5 տղա գնացել են, 2 հոգի էլ պատրաստվում է գնալ՝ ընդամենը 26 փորձագետներից,- իր բնութագրմամբ՝ ահազանգեց Արմեն Հարությունյանը:- Մենք վաղը աղջիկներից բաղկացած գրասենյակ ենք ունենալու: Եվ ո՛չ քրեակատարողական հիմնարկների մոնիտորինգ ենք կարողանալու անել, ո՛չ էլ հանրահավաքների: Մեր լիազորություններն ավելացնում են՝ օրինաստեղծ գործունեությանն էլ ենք մասնակցում, բայց ռեսուրսները բացարձակապե՛ս բավարար չեն»: Եվ վկայակոչեց միջազգային սկզբունքները, թե պետք է արվեն Պաշտպանի բնականոն աշխատանքն ապահովող բյուջետային հատկացումներ:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 24 հոդվածի համաձայն՝ Պաշտպանի «հայտն առանց փոփոխության ընդգրկվում է ՀՀ պետբյուջեի նախագծում: Եթե կառավարության կարծիքով պետբյուջեում պետք է նախատեսել ավելի քիչ ծախսեր, քան ներկայացված է Պաշտպանի բյուջետային հայտում, ապա կառավարությունը պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պետք է ներկայացնի նաեւ իր առաջարկն այդ ծախսերի վերաբերյալ եւ նվազեցման հիմնավորումը»: Եվ Արմեն Հարությունյանը պատգամավորներին առաջարկեց պաշտպանել իրե՛նց հայտը եւ ոչ թե այն, ինչ առաջարկում է կառավարությունը:

«Առավոտը» հիշեցնելով վարչական դատարանի օրերս կայացրած վճիռը, որում նշված էր, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի ընդունում «անձանց համար փաստական հետեւանքներ առաջացնող վարչական ակտեր»՝ պրն Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք իմաստ ունի՞ ավելացնել մի կառույցի ֆինանսավորում, որի գործունեությունը չունի փաստական հետեւանքներ. «Իմաստ ունի: Քանի որ Պաշտպանի ինստիտուտը նրա համար է, որ մենք կարողացանք հասնել, որ ՍԴ-ն անօրինական համարի Հյուսիսային պողոտայի տարածքի բնակիչների սեփականության իրավունքների խախտումը: Մենք ՍԴ-ում 6 հազար հոգու թոշակի հարց լուծեցինք, իսկ անցած տարի 500 հոգու հարց ենք լուծել: Մի քանի օրենքների հակաիրավական դրույթները մենք այնտեղ հանել ենք տվել: Այս ամենը մեծ նշանակություն ունի: Ու մենք նաեւ գործում ենք բարոյականության դաշտում՝ մարդիկ մեր ինստիտուտի շնորհիվ սկսել են ավելի շատ հավատալ, որ այս երկրում կարող են լուծվել ինչ-որ հարցեր: Այս ամենը պետք չի անտեսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել