Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱԳԵՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Հոկտեմբեր 31,2008 00:00

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հոկտեմբերի 29-ին Փորձագետների փաստահավաք խմբի անդամ առաջադրեց ՄԻՊ աշխատակազմի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ստեփանյանին: Որոշ լրատվամիջոցներ այս կապակցությամբ անմիջապես հիշեցին, որ նա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք՝ 1990-1996 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը: Վահե Ստեփանյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, այո՛, եղել եմ արդարադատության նախարար, Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք էլ ես հրաժարվել եմ ՍԴ նախագահի տեղակալի պաշտոնից: Ես այն ժամանակ էլ որեւէ կուսակցական պատկանելություն չեմ ունեցել»:

Փաստահավաք խմբի այս առաջին անդամից հետաքրքրվեցինք՝ չի՞ կարծում արդյոք, թե քանի որ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ արդեն իսկ հավաքել են մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված գործողության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը՝ այս առումով իրենք կարող է նորից անեն այն աշխատանքը, որն արդեն իսկ արված է, թե՞ տեսնում է ուսումնասիրման համար սպիտակ մնացած էջեր: «Ես հիմա այդ հարցերին պարզապես չեմ կարող պատասխանել, քանի որ չգիտեմ՝ ինչ նյութեր կան, եւ փաստահավաք խումբն ինչ կորոշի՝ պե՞տք են լրացուցիչ նյութեր, թե՞ ոչ: Այնպես որ՝ չեմ ուզում հիմա վերացական պատասխան տալ»,- ասաց Վահե Ստեփանյանը:

Մեր մյուս հարցին՝ կարեւո՞ր է համարում այս խմբի ձեւավորումը, թե՞ այնուամենայնիվ գտնում է, որ եղած մարմինները՝ նախաքննություն իրականացնողը եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, կարող էին բավարար լինել՝ Վահե Ստեփանյանը հակիրճ պատասխանեց. «Համենայնդեպս, այդ խմբի ստեղծման իմաստ ես տեսնում եմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել