Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապացույցները բավարար չէի՞ն

Հոկտեմբեր 31,2008 00:00

«Նոյյան տապան» ՍՊԸ ղեկավար Տիգրան Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով անընդունելի է ճանաչվել «Նոյյան տապանի» գանգատն ընդդեմ Հայաստանի:

Հիշեցնենք, որ «Նոյյան տապան» ՍՊԸ-ն 2002թ. հոկտեմբերի 18-ին ընդդեմ ՀՀ-ի գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ: Ընկերությունն իր գանգատում պնդում է, որ խախտվել են Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ արդար դատաքննության, 10-րդը՝ արտահայտվելու ազատության, 14-րդը՝ խտրականության արգելման մասին եւ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով (սեփականության պաշտպանություն) երաշխավորված իր իրավունքները: «Նոյյան տապանը» պնդում է, որ իր իրավունքները խախտվել են այն հիմքով, որ ընկերությունը մասնակցել է հեռուստահեռարձակման համար մի շարք հաճախականությունների մրցույթների, որոնցից ոչ մեկում հաղթող չի ճանաչվել: Եվրոպական դատարանը նշված հայցով 2004 թվականի հոկտեմբերի 21-ին կայացրել էր մասնակի անընդունելիության մասին որոշում, որով Կոնվենցիայի 10-րդ եւ 6-րդ հոդվածների վերաբերյալ հայցի քննությունը հետաձգել էր մինչեւ ՀՀ կառավարության հետ քննարկումը, իսկ մնացած հոդվածների մասով հայցը համարել էր անընդունելի:

Այս տարվա հոկտեմբերի 7-ին ՄԻԵԴ-ի երրորդ բաժանմունքի պալատը միաձայն որոշում է կայացրել, որով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մասով «Նոյյան տապանի» գանգատը ճանաչել է «ակնհայտորեն անհիմն»՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի, իսկ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մասով գանգատը ճանաչել է «անընդունելի», քանի որ գանգատի հիմքում ընկած դեպքերը տեղի են ունեցել մինչեւ ՀՀ կողմից Կոնվենցիայի վավերացումը: «Նոյյան տապանի» ղեկավար Տիգրան Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Առանձնապես ասելիք չունեմ, մերժման մեկնաբանությունը պարզ է, եթե կոպիտ ասենք, ապա իրենք ասում են. ինչ եղել է՝ եղել է, բայց եղել է Կոնվենցիան ընդունելուց առաջ»: Փորձեցինք հստակեցնել, թե որոնք են լինելու «Նոյյան տապանի» հետագա քայլերը: Տ. Հարությունյանն ասաց. «Ճիշտն ասած՝ չգիտեմ, որովհետեւ ես մամուլից եմ իմանում այս մասին, դա նշանակում է, որ հարցի վրա աշխատող փաստաբանական խումբը մեզ նախապես չի տեղեկացրել հարցի այսպիսի լուծման մասին: Մենք միջոցներ չունեինք փաստաբան վարձելու, եւ այնտեղ հարցի վրա աշխատում էին կամավորներ, որոնք, երեւի, իրենց հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել են: Նրանց հետ կապ չկա, ես մամուլից իմացա ինչ որ եղել է, եւ ինձ համար մի քիչ տարօրինակ էր, որովհետեւ, այնուամենայնիվ, փաստարկները, որոնք պիտի հաշվի առնվեին Եվրոդատարանի կողմից, մենք ներկայացրել էինք: Այո, բուն իրադարձությունը տեղի է ունեցել Կոնվենցիան հաստատելուց 20 օր առաջ, բայց շարունակական ձեւով դատական գործընթացների ժամանակ այդ խախտումները եղել են նաեւ Կոնվենցիան ընդունելուց հետո: Ըստ երեւույթին, մեր ներկայացրած ապացույցները բավարար չեն եղել, որպեսզի մարդիկ գնահատեն դրանց ծանրակշռությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել