Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ

Հոկտեմբեր 31,2008 00:00

\"\"Ասում է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը

Վերջին մի քանի օրերին իշխանություններն՝ ի դեմս պետական համապատասխան կառույցների, քաղաքական հետապնդումների հերթական արշավն են սկսել ԱԺ պատգամավոր, նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, «Մարտի 1»-ի գործով հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին եւ նրա ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի եւ նրա աշխատակիցների նկատմամբ՝ դադարեցնելով գործարանի արտադրությունը: Հոկտեմբերի 29-ին այդ առնչությամբ առանձին հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ ՀՀ առաջին նախագահը:

Ինչո՞վ է բացատրվում իշխանությունների կողմից այլախոհ գործարարի նկատմամբ փաստացի հետապնդումների նոր ալիքը: Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի համոզմամբ, դրա գնահատականը մեկն է. «Իշխանությունները չեն կարող հաշտվել այն փաստի հետ, որ Հայաստանում գոյություն ունի մի տնտեսվարող, որն աշխատում է թափանցիկ՝ տնտեսական, շուկայական օրենքներին համապատասխան, գործում է օրինականության դաշտում եւ դրա հետ միասին քաղաքական առումով հասուն ու գրագետ անձնավորություն է, ուղղակի՝ թասիբով տղամարդ»: Ա. Մուսինյանի ասելով, Խ. Սուքիասյանին չեն ներում նաեւ այն բանի համար, որ նա, չնայած ակնհայտ բոլոր վտանգներին, անցյալ տարի կանգնեց Համաժողովրդական շարժման եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին:

ՀԱԿ-ի հայտարարած հանրահավաքային «թայմ աութի» ժամանակահատվածում է նաեւ, որ վերջին երկու օրերին ընդհանուր իրավասության դատարանում եւս երկու ամսով երկարացվեցին ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, իսկ երեկ` նաեւ ՀՀՇ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանի խափանման միջոց կալանքի ժամկետները: «Մի բան պարզ է՝ իշխանությունները հիմա փորձում են ձեռքները փրփուրներին գցել եւ դրա համար ստեղծել են «7»-ի գործ, որով անցնում են նաեւ հիշյալ երեք անձինք: Սա բանդիտական իշխանությանը հարիր վարքագիծ է: Կրկնում եմ՝ իշխանությունները վախենում են սկզբունքային, գաղափարական, հասարակության շրջանում հարգանք վայելող անձանցից, որովհետեւ, երբ նրանք գերությունից ազատվեն, Համաժողովրդական շարժումը նոր թափ կհավաքի: Դա նոր լիցք կհաղորդի ոչ միայն մեր հրապարակային պայքարին, այլեւ ներքին կառուցվածքների ամրապնդմանը, կառույցների զարգացմանը, թիմի ոգու էլ ավելի բարձրացմանը: Սա իշխանությանը սարսափեցնում է»,- հայտարարեց Ա. Մուսինյանը: Նա չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե՝ միգուցե հետապնդումների նոր ալիքը խոսում է իշխանության դիրքերն ամուր լինելու եւ նրանց ինքնավստահության մասին. «Բացարձակապես այդպես չէ: Ըստ իս, իշխանությունների այս քայլը կարող է պայմանավորված լինել նաեւ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում առաջիկայում սպասվող էական ակտիվացմամբ, գուցե՝ նաեւ հանգուցալուծմամբ: Անազատության մեջ գտնվող այն տղաների ազատ արձակումը, ովքեր կանգնած են ղարաբաղյան շարժման ակունքներում եւ մասնակցել են մարտական գործողություններին, իրենց կյանքը վտանգի են ենթարկել մեր հաղթանակների համար, իշխանությունները համարում են մեծ վտանգ իրենց համար»:

Բայց արդյոք հանրահավաքային «թայմ աութը» չէ՞ այն առիթը, որը իշխանություններին հնարավորություն տվեց ռեպրեսիաների նոր փուլ իրականացնել: Ըստ Ա. Մուսինյանի, իշխանությունները երբեք չեն կարող օգտվել այդ դադարից, որովհետեւ ՀԱԿ-ը մնում է «շատ ուժեղ, կենսունակ, քաղաքականապես շատ մարտունակ կառույց, որը ցանկացած պահի կարող է ընդամենը մեկ օրում մոբիլիզացնել իր ռեսուրսները եւ քաղաքական այնպիսի ակտիվություն ձեւավորել հասարակության ներսում, որ իշխանությունները կհայտնվեն աննախանձելի վիճակում: Դա շատ լավ գիտակցում են նաեւ իրենք»: ՀԱԿ մամուլի խոսնակի ասելով, այս պահին միայն առաջին հայացքից «թայմ աութը» պայքարի դադարի տպավորություն է թողնում. «Բայց վստահեցնում եմ, որ այս պահին էլ քաղաքական պրոցեսների նախաձեռնությունը գտնվում է Կոնգրեսի վերահսկողության ներքո»:

Երեկ հայտարարվեց նոր՝ «Միացում» ազգային նախաձեռնության ձեւավորման մասին: Նախաձեռնության անդամները, որոնք ընդդիմադիր գործիչներ են, ոմանք նաեւ` ՀԱԿ անդամներ, մտադիր են այս փուլում շատ ավելի ակտիվ, նաեւ հանրահավաքային քաղաքական պայքար ծավալել ԼՂ հակամարտության լուծման համատեքստում ազատագրված տարածքները վերադարձնելու միտումների դեմ: Հնարավո՞ր է, որ «Միացումի» մարտավարությունը այս փուլում ետին պլան մղի ՀԱԿ-ին, եւ որքանո՞վ կարող է դա վնասել Կոնգրեսի՝ իշխանություններին ԼՂ հարցը լուծելուն չխանգարելու մարտավարությանը: «Այստեղ վնասել-չվնասելու խնդիր չկա: Մենք բոլորս կարող ենք ինչ-որ հարցերում տարաձայնություններ ունենալ ոչ թե ընդհանուր պայքարի բովանդակության, այլ՝ դրա ձեւերի, մարտավարության վերաբերյալ: Ես շատ նորմալ եմ գնահատում, որ կան գործիչներ, որոնց հետ մենք շատ սերտորեն ենք համագործակցում ավազակապետության դեմ պայքարի շրջանակներում, եւ որոնք մեր կողմից հարգված գործիչներ են, այս հարցում ընտրում են գործողությունների այլ վարքագիծ: Չի բացառվում, որ իրադարձությունները զարգանան այնպես, որ մենք ընտրենք նրանց վարքագիծը, կամ լինի հակառակը»,- հայտարարեց Ա. Մուսինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել