«Բավականին մտահոգիչ է այն փաստը, որ Պետեկամուտների կոմիտեն հետաքրքրվում է ՀԵԿ նախագահ եղած ժամանակաշրջանում Սարգիս Ասատրյանի վարած գործունեությամբ: Մտահոգիչ է, քանի որ, փաստորեն, եղել են գործարքներ, որոնց մասին տեղյակ չի եղել կուսակցության խորհուրդը՝ ղեկավար կազմը»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց ՀԵԿ ներկայիս նախագահ Վահան Բաբայանը: Սակայն նա չցանկացավ գնահատականներ տալ իր նախորդին՝ «դրանք կտան իրավապահները»: Ըստ նրա, կուսակցության կանոնադրության համաձայն, կուսակցությունը պատասխանատու չէ անհատի կատարած գործողությունների համար, անհատն էլ պատասխանատվություն չի կրում կուսակցության գործունեության համար: Ուստի՝ «Բնականաբար, այսօր կուսակցությունը չի կարող պատասխանատվություն կրել Սարգիս Ասատրյանի կնքած գործարքների համար: Առավել եւս, որ նա արդեն կուսակցության նախկին նախագահն է, եւ խնդրում եմ հարցը քաղաքական հարթություն չտեղափոխել: Ամեն դեպքում, հուսով եմ, որ Սարգիս Ասատրյանը կվերադառնա Հայաստան եւ կլուծի այդ խնդիրը: Ինձ համար էլ անընդունելի են մեր նախկին գործընկերոջ եւ ղեկավարի այդ քայլերը, որոնք չեն համապատասխանում օրենքի տառին»,- ասաց Վահան Բաբայանը:
Նա չժխտեց տեղեկությունների իսկությունը, սակայն չցանկացավ էլ մանրամասներ հաղորդել, թե հատկապես ի՞նչ գործարքների մասին է խոսքը եւ ի՞նչ չափի են Սարգիս Ասատրյանի հարկային պարտավորությունները. «Ես մասամբ եմ տեղյակ, թե ինչի մասին է խոսքը, ուղղակի չեմ ցանկանում այդ փաստը քաղաքականացնել եւ ՀԵԿ ներկայիս ղեկավարությանը ներքաշել այդ իրարանցումի մեջ, ուստի որոշակի տեղեկատվություն չեմ տա: ՀԵԿ-ին, նրա ներկայիս ղեկավարությանն ուղղված նման մեղադրանքներ եւ խնդիրներ չկան: Դրանք վերաբերում են 2006-ին Ս. Ասատրյանի գործունեությանը: Այո, այդ տեղեկատվությունը ստույգ է, ես էլ եմ ծանոթացել այդ նյութերի հետ եւ ցանկանում եմ, որպեսզի ամեն ինչ իրականացվի օրենքի տառին համապատասխան: Սպասենք Սարգիս Ասատրյանի վերադարձին եւ պարզաբանումներին»,- ասաց Վ. Բաբայանը:
Պետեկամուտների կոմիտեում «Առավոտին» խոստացան մի քանի օրից ամբողջական տեղեկատվություն տրամադրել Սարգիս Ասատրյանի գործարքների մասին: