Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատականը ժողովուրդը թող տա

Հոկտեմբեր 30,2008 00:00

\"\"Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 2005թ. կառավարության որոշումով վաճառքի կերպով օտարվեց Ռուսաստանում շինարարական բիզնեսով զբաղվող հայ Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությանը:

Այն ժամանակ գործարքը բավականին քաղաքականացվեց: Կարծիքներ հնչեցին նաեւ, որ ԲԱՄՕ-ն այդ կառույցը «ջրի գնով» ձեռք է բերել ավելի ձեռնտու գներով վերավաճառելու նպատակով:

Բացառված չէ, որ շատերն այսօր էլ դրանում համոզված են: Սակայն հոկտեմբերի 31-ին նշանակված «Համալիրի» բացման առիթով Մուրադյան եղբայրներից ավագի՝ Բորիս Մուրադյանի հետ ստորեւ ներկայացվող հարցազրույցից ենթադրելի է, որ սա երբեւէ կնքված ամենահաջողված գործարքներից մեկն է:

– Գո՞հ եք Մարզահամերգայինը գնելուց:

– Հայաստանում ձմեռային մարզաձեւերը զարգացնելու՝ չորս եղբայրներիս ցանկության, ազգաբնակչության մեջ առողջ ապրելակերպն արմատավորելու մեր ունեցած մղումի տեսանկյունից, միանշանակ, գոհ ենք ու բավարարված: Անգամ այն դեպքում, որ մեր նախնական հաշվարկները եւ գործարքը պաշտոնապես օրինականացնելուց հետո մարզակառույցի ի հայտ եկած իրական վիճակը բոլորովին չէին համապատասխանում: Բայց մեր ընտանեկան ընկերությունը Հայաստանի սահմաններից դուրս երբեք հայ շինարարի պատիվը գետնով չի տվել: Հիմա էլ այդպես է, առավել եւս, որ խոսքը վերաբերում է մեր ժողովրդի առողջությանը, Հայաստանի հեղինակությանը:

– Ասացիք, որ ձեր ենթադրածը եւ ձեռք բերված մարզակառույցի ֆիզիկական վիճակը միանգամայն տարբեր են եղել: Կմանրամասնե՞ք:

– Մեր ընտանեկան բիզնեսը Ռուսաստանում շինարարական է: Բայց ՄՀՀ-ն գնելիս մանրամասն ուսումնասիրելու հնարավորություն ու ժամանակ չունեցանք: Մենք սկզբնական տարբերակով ենթադրում էինք, որ մոտավորապես $12 միլիոնի ներդրումով մարզակառույցին նոր կյանք կարելի է տալ: Սակայն հետագայում պարզվեց, որ իրականում անելիքներն անհամեմատ շատ են: Նախ, հիմնավորապես պետք էր փոխել մոտ 30 տարի առաջ կառուցված ու լիովին շարքից դուրս եկած կոմունիկացիոն ցանցը: Ապա տեսանք, որ սահադաշտը՝ սառույցն ապահովող իր բոլոր սարքավորումներով, հիմնավորապես փոխելու անհրաժեշտություն ունի, եւ «թաքնված» հազար ու մի խնդիր: Սրան ավելացնենք նախապես մեր ծրագրով նախատեսված նոր օդամաքրման եւ այլ համակարգերի տեղադրումը:

– Եթե գաղտնիք չէ, որքա՞ն ներդրում եք կատարել:

– Այս պահի դրությամբ, մարզակառույցի գնման արժեքն էլ ներառյալ, մոտ $40 միլիոն: Եվ անելիքներ դեռ էլի կան: Մենք կարող էինք որոշ դեպքերում բավարարվել կոսմետիկ փոփոխություններով, բայց դա ճիշտ չէր լինի:

Մեր նպատակը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Հայաստանի մարզամշակութային առանցքային կենտրոն դարձնելն է եղել, որը պետք է ծառայի նաեւ ազգաբնակչության մեջ առողջ ապրելակերպն արմատավորելուն, ինչը մեր գլխավոր նպատակներից է: Իսկ այս գործում խնայողության գնալն անընդունելի է:

– Կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը:

– Այն, ինչ հիմնովին փոխվել է, ձեռք ենք բերել աշխարհի առաջատար ֆիրմաներից՝ Իտալիայից, Ֆրանսիայից, որոնք բավարարում են ժամանակակից միջազգային պահանջները: Նույնը վերաբերում է մարզադահլիճի սառույցի պահպանման տեխնոլոգիային, որը ֆիննական է: Այս հսկայական շենքի հարակից տարածքում նաեւ հատուկ առանձնացված վազքուղի ենք հիմնել, որպեսզի ամեն ոք իրեն հարմար ժամին իր առողջության պահպանման եւ ամրապնդման հնարավորություն ունենա: Արվածի մասին խոսելու շատ բան կա, բայց չեմ ուզում մեզ շատ գովել: Դրա գնահատականը հոկտեմբերի 31-ի հանդիսավոր բացման ժամանակ կտա ժողովուրդը: Այդ օրը մարզական մեծ շոու ենք կազմակերպել: Հրավիրել ենք գեղասահքի ռուսական դպրոցի հանրահայտ աստղերի:

Բայց համալիրի մարզական դահլիճի հիմնական առաքելությունը Հայաստանում գեղասահքի, տափօղակով հոկեյի զարգացմանը, չմուշկները սիրողների ժամանցը կազմակերպելուն ծառայելն է:

Ժողովուրդն այս օջախին տվել է կարճ անվանում՝ «Համալիր», ու յուրաքանչյուր ոք անսխալ գիտի, թե ինչի մասին է խոսքը: Մենք որոշել ենք այդ բառը դարձնել մեր բրենդը: Առավել եւս, որ Մարզահամերգային համալիրը կրում է Կարեն Դեմիրճյանի անունը, ում օրոք ու անձնական հատուկ ուշադրության եւ հոգատարության շնորհիվ գոյություն ունի այս հրաշակերտ կառույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել