Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԷՐ»

Հոկտեմբեր 30,2008 00:00

\"\"Երեկ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ մարտի 1-2-ի դեպքերն ամենից շատ բացասական անդրադարձան ՀՀ իշխանությունների վրա. «Պետք է արձանագրենք, որ ամենից շատ իշխանությունների՛ն ձեռնտու չէր, որ նման դեպքեր տեղի ունենային մեր երկրում: Արմատական ընդդիմությունը փորձում է ձեւակերպել, թե դա իշխանությունների ցանկությունն էր եւ սարքածը, ինչն, իմ կարծիքով, աբսուրդ է: Մեր հանրության համար շատ կարեւոր է իմանալ ճշմարտությունը: ՀՀ նախագահից սկսած մինչեւ կառավարություն, Ազգային ժողով եւ իրավապահ մարմիններ, բոլորը ցանկանում են ճշմարտությունը վեր հանել եւ տեղեկացնել հանրությանը»:

Հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը ԱԺ նախագահի նախաձեռնությունն էր։ Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ հարկավոր է հրավիրել մի խումբ ներկա եւ նախկին պաշտոնյաների, ընդդիմության լիդերների եւ այլ անձանց, սակայն դրա համար, հավանաբար, հարկավոր կլինի ԱԺ նախագահի օժանդակությունը, որպեսզի նրանք չմերժեն այդ հրավերը:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր հերթին առաջարկեց. դեռ հրավիրենք՝ թող մերժեն, հետո կորոշենք անելիքը. «Նրանց չգալն էլ ինչ-որ տեղ ինֆորմացիա է»: Հրավիրվելիք ներկա եւ նախկին պաշտոնյաների կոնկրետ անունները չշեշտվեցին, սակայն պարզեցինք, որ այդ 19 հոգանոց ցուցակում կան Ալեքսանդր Աֆյանի, Արարատ Մահտեսյանի, Գորիկ Հակոբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Զավենի Սարգսյանի եւ այլոց անունները: Ցուցակը եզրափակում են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Սամվել Նիկոյանը տեղեկացրեց նաեւ, որ հանձնաժողովում ստեղծել են առանձին աշխատանքային խմբեր, որոնք պետք է ուսումնասիրեն մարտի 1-ի յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքը:

Հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ աշխատանքի ընթացքում հարկավոր է լինում մասնագիտական-փորձաքննական աջակցություն. «Նաեւ այս պատճառով է շատ կարեւոր փաստահավաք խմբի ձեւավորումը»: Պատգամավորն ուզեց պարզել, թե ինչպես է կազմակերպվելու փաստահավաք խմբի եւ հանձնաժողովի աշխատանքների համատեղ մասը: ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն առաջարկեց, որ հանձնաժողովի հետ սկսեն աշխատել եվրոպական կառույցների հետ աշխատող պատգամավորները՝ եվրաինտեգրման հարցերի, պետաիրավական հարցերի հանձնաժողովների նախագահները: ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն էլ առաջարկեց. «Իրադարձությունների ողջ ընթացքում տարբեր կառույցներ իրականացրել են նկարահանումներ, մինչ այսօր չենք կարողանում ստանալ այդ նկարները, տարբեր պատճառաբանությամբ դրանք չեն հասնում հանձնաժողով: Ունենք բազմաթիվ վկայություններ, որ առգրավվել են նկարահանված նյութեր: Պարզապես պետք է ձեր աջակցությունը, որպեսզի կարողանանք պահուստներից հանել այդ նյութերը, առգրավվածների կրկնօրինակները ստանա հանձնաժողովը, որպեսզի հետագայում չպարզվի, որ հանձնաժողովը գալիս է մի եզրակացության, սակայն կա մի պատկեր, որ խոսում է բոլորովին այլ բանի մասին»:

Մարդու իրավունքների պաշտպանը փաստորեն որոշել է ակտիվորեն մասնակցել ոչ միայն փաստահավաք խմբի, այլեւ՝ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, եւ երեկ արդեն պաշտոնապես տեղեկացրեց, որ փաստահավաք խմբում իր ներկայացուցիչը լինելու է իրավագիտության պրոֆեսոր Վահե Ստեփանյանը: Պաշտպանը ասաց նաեւ. «Հիմնական խոչընդոտը, կարծում եմ, այն է, որ պետական կառույցները պատշաճ մակարդակով չեն համագործակցում այս հանձնաժողովի հետ: Ոչ այնքան ընդդիմության չմասնակցությունն ինչ-որ տեղ հանձնաժողովի հեղինակության վրա ազդեց, որքան՝ պետական ինստիտուտների ոչ պատշաճ մասնակցությունը»: Առաջարկեց, որ ԱԺ նախագահն աջակցի նաեւ այս հարցում: Ընդդիմությանը կոչ արեց «ե՛ւ փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցել, ե՛ւ ժամանակավոր հանձնաժողովի, որովհետեւ այս հարցը ո՛չ իշխանության մենաշնորհն է, ո՛չ էլ ընդդիմության, բոլորի խնդիրն է, բոլորս միասնական, իրար օգնելով պետք է կարողանանք այս խնդիրը լուծել»: Ինչպես այլ դեպքերում, այս անգամ էլ ամենից «կասկածելի» առաջարկը ԱԺՄ ներկայացուցչինն էր. Արտավազդ Վարդանյանն ասաց. «Պետական իշխանությունները փակ նիստում մեզ հնարավորություն պետք է տան այն փաստաթղթերի հետ ծանոթանալ, թե ինչպիսի հեղափոխություն էր, կամ՝ հեղափոխությո՞ւն էր, թե՞ ոչ, այդ բոլոր փաստաթղթերին մենք պետք է հնարավորություն ունենանք ծանոթանալու, իհարկե, փակ պայմաններում»: Նաեւ առաջարկեց հանձնաժողով հրավիրել «հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, ասենք՝ «Երկրապահ» կամ ուրիշ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել