Սփյուռքի նախարարն իր անդրանիկ ասուլիսում հստակեցրեց գերատեսչության անելիքները
Երեկ նորաստեղծ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Հրանուշ Հակոբյանի ասուլիսը: Նա անդրադարձավ գերատեսչության հիմնական նպատակներին ու առաքելությանը:
«Կառավարության որոշմամբ հաստատել ենք Սփյուռքի նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը, ստեղծված է լուրջ աշխատանքային խումբ: Արդեն պատրաստ է Սփյուռք-Հայրենիք գործակցության հայեցակարգը, մշակել ենք նաեւ տասնյակ ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն 2009 թ.-ին: Նախապատրաստել ենք նախարարության ինը վարչությունների կանոնադրությունները, 82 քաղծառայողների պաշտոնների անձնագրերն ուղարկել ենք քաղծառայության խորհրդի հաստատմանը, որպեսզի կարողանանք համապատասխան պաշտոնների համար հայտարարել մրցույթ ու համալրել նախարարության աշխատակազմը»,- տեղեկացրեց նախարարը: Ըստ նրա, ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից նախարարության առջեւ դրած խնդիրները երեքն են. «Առաջինը հայապահպանությունն է՝ պայքար Սփյուռքի ուծացման դեմ, երկրորդը՝ դրսում հայ ժողովրդի ներուժի հայտնաբերումն ու օգտագործումն է Հայաստանի հզորացման եւ զարգացման համար, երրորդն էլ հայրենադարձության ծրագրերի խթանումն է»:
Տիկին Հակոբյանի խոսքերով՝ «Ստեղծվել է համակարգչային մի ծրագիր, որը հնարավորություն կտա մեսրոպյան ուղղագրությունը փոխարինել արեւելահայերենով եւ հակառակը: Շուտով նախարարությունը կունենա ինտերնետային կայք ու վեց լեզվով էլեկտրոնային թերթ»: Նախարարը հավելեց, որ նորաստեղծ նախարարությունը ԳԱԱ-ի հետ ստորագրել է համատեղ գործողությունների ծրագիր, ըստ որի՝ հայագիտության բնագավառում պատրաստվելու են գաղթօջախների համար մասնագետներ՝ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳԱԱ արվեստի ինստիտուտում ստեղծել սփյուռքահայ արվեստի եւ Սփյուռքի բաժին, կազմակերպել «կլոր սեղաններ», համաժողովներ: Գրողների միության հետ ստորագրվել է համատեղ գործողությունների ծրագիր՝ հայաստանյան եւ սփյուռքահայ գրողների ստեղծագործությունների, Սփյուռքի հայ երեխաների համար հեքիաթների գրքերի տպագրման, Հայաստանի ու Սփյուռքի գրական ալմանախի ստեղծման վերաբերյալ:
Նախարարը նշեց, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ ստորագրված համաձայնագրի արդյունքում եւ միջոցներով սփյուռքահայերը հնարավորություն կունենան գալ Հայաստան ու 6 ամիս աշխատել Սփյուռքի նախարարությունում: «Sinopsys ընկերությունը սփյուռքահայ ուսանողների համար ամենամյա մրցանակներ կսահմանի, իսկ առողջապահության նախարարը համաձայնել է սփյուռքահայ ուսանողների բուժօգնության եւ բժշկական ծառայությունների հետ կապված վճարները հավասարեցնել ՀՀ ուսանողների սպասարկման վճարներին»,- ներկայացրեց տիկին Հակոբյանը: