Լրահոս
Օրվա լրահոսը

«8-Ի ԳՈՐԾԸ»

Հոկտեմբեր 30,2008 00:00

\"\"«Պետական կարիքների» ութ զոհերը չեն հաշտվել իրենց տրված չնչին փոխհատուցման հետ եւ պահանջում են հանդիպում հանրապետության նախագահի հետ

«Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ Հյուսիսային պողոտայի նախկին 8 բնակիչներ դիմել են դատարան, որպեսզի չեղյալ համարվի Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» (ԾԻԳ) հետ կնքած անշարժ գույքի «առուվաճառքի» պայմանագիրը: Դատարանը բնակիչներից 4-ին արդեն մերժել է եւ նրանք բողոքով դիմել են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան:

«Դատարանները յուրաքանչյուրիս մերժում են նույն բովանդակությամբ, ստանդարտ որոշումներ ընդունելով, թեեւ բերել ենք օրինակներ, թե ինչո՞ւ մարդուն, որն ուներ 19 քմ տարածք, տրվել է $60 000 գումար, իսկ նույն տարածքի համար մի ուրիշին՝ $20 000: ԾԻԳ-ը մեզ տվյալներ չի տրամադրում, ասելով, թե պետք է դիմի բնակչին, նրանից թույլտվություն ստանալու համար: Գումարը արդարացի պետք է տրվեր, որպեսզի չհայտնվեինք «բոմժի» կարգավիճակում»,- ասում է Վ. Հակոբյանը: Ըստ նրա՝ դատարանն ուշադրություն չդարձրեց այն հանգամանքի վրա, որ գործադիր մարմնի անունից հանդես եկող ԾԻԳ-ը ուշացրել էր բնակիչների գումարները: Խոսքը նախնական փոխհատուցման մասին է, որը տրվեց մաս-մաս, մեկ տարի ուշացումով: Շատերը կորցրին բնակարան գնելու հնարավորությունը: «Իմ՝ Պուշկինի փողոցի 30 տունը եւ հողամասը ինձնից օտարելուց հետո կառուցվել է 7 հարկանի շենք, որի 1-ին եւ 2-րդ հարկերը գրասենյակային տարածքներ են: Պետությունը մեր հաշվին ստացել է մաքուր եկամուտ: Մենք էլ կարող էինք բնակարաններ կառուցել, ունենալ մաքուր եկամուտ, ինչպես տվյալ դեպքում ունեցել է պետությունը»,- հավելում է Վ. Հակոբյանը:

Նա բերեց հետեւյալ օրինակը. քաղաքացին իր տան ու հողամասի «առուվաճառքի» գործարքի հետեւանքով կորցրել է 2.720.146 դոլարին համարժեք դրամ: Կորստի չափը ստացվել է «Շեն» անշարժ գույքի գնահատման կենտրոնի Հյուսիսային պողոտայում կառուցած բազմաբնակարան շենքերի վաճառքի գների տեղեկանքի եւ «Կոմպակտ» անշարժ գույքի գործակալության հաշվետվության համադրման արդյունքում: «Բազմաթիվ օրինակներ ենք ներկայացրել դատարաններին, թե ինչպես պետք է հաշվարկը կատարվեր: Մասնավորապես՝ Կենտրոնում: Կառուցապատողը 1քմ-ի դիմաց ունեցել է $24-30 000 մաքուր եկամուտ, այն դեպքում, երբ բնակչին 1քմ-ի դիմաց տվել են $214 -$240»,- նշեց հ/կ-ի նախագահը:

Բնակիչները դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, կառավարությանը, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին: «5 ամիս առաջ հանդիպեցինք արդարադատության նախարարի հետ: Նա ասաց՝ Դավիթ Հարությունյանը սխալվել է, խոսք եմ տալիս անձամբ ծանոթանալ ձեր խնդրին եւ զեկուցել Սերժ Սարգսյանին, որպեսզի լրացուցիչ գումարներ տրամադրվեն, փոխհատուցվեն բնակիչների վնասները: Ամիսներ անցավ, եւ ոչինչ չի արվել: Հանդիպեցինք նրա նախկին տեղակալի՝ Գեւորգ Կոստանյանի հետ: Նա էլ հեռուստատեսությամբ հայտարարեց, որ, իրոք, խախտվել են մարդու իրավունքները, եւ պետք է իշխանությունները փոխհատուցեն իրենց կրած վնասների համար: Վարչապետին խնդրել էինք, որպեսզի ստեղծվի հանձնաժողով: Հանձնարարեց իր տեղակալին՝ Արմեն Գեւորգյանին: Քանի որ վերջինս շահագրգիռ անձ է, պետական կարիքի անվան տակ իրացրեց իր բիզնես-ծրագիրը, հանձնարարեց իր տեղակալին: Նշեմ, որ ընդամենը մեկ անձի է առաջարկվել բնակարանային տարբերակը: Այսինքն՝ սեփականության դիմաց բնակարան են առաջարկել, որը պատրաստ կլինի 2010թ.-ից հետո: Պաշտոնական հանդիպման ժամանակ խնդիր դրվեց բնակիչների առաջ, որ հանդիպումն ընթանա առանց ինձ»,- շարունակեց Վ. Հակոբյանը:

Ի դեպ, հոկտեմբերի 24-ին ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ՝ դժգոհ բնակիչներն ու Վաչագան Հակոբյանը հանդիպեցին տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանի հետ: Հանդիպմանը ներկա էին քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանն ու արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը: Պաշտոնյաներին հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանը ներկայացրել է այն օրենքները, որոնք խախտվել են, բերվել են իրական օրինակներ: «Նելլի Սարդարյանն Աբովյան փողոցում գտնվող 100 քմ բնակարանի դիմաց ստացել է $22000: Այն դեպքում, երբ Սվետլանա Պողոսյանը, Պուշկինի փողոցում ունեցել է 19 քմ բնակարան, որի համար 2004թ.-ին ստացել է $51200, Լալայանց 32-ի «բնակիչ» Արթուր Հարությունյանը, չբնակվելով տվյալ հասցեում, դատարանի վճռով դարձել է ժառանգ եւ ստացել է $243400: Չնայած քաղաքապետը հավաստիացնում էր, թե քաղաքացիներին տվել է $900-1000՝ 1 քմ-ի համար»: Վ. Հակոբյանի պնդմամբ, օրինակները բազմաթիվ են: «Հանդիպման ժամանակ մեր հարցերի պատասխանը տալու փոխարեն՝ նրանք դատախազի կեցվածք ընդունելով սադրանք հրահրեցին Լիդա Աբգարյանի նկատմամբ»,- հայտնեց Հակոբյանը: Վերջինս ունեցել է 160 քմ հողամաս եւ 67 քմ բնակարան: Դրա դիմաց նա ստացել է $80 000: Հրավիրողները ուզում էին, որպեսզի բնակիչը ասի, թե գումարն ի՞նչ է արել: «Այդպես բանակցություններ չեն արվում»,- եզրակացրեց Վ. Հակոբյանը: Լ. Աբգարյանի վիճակը վատացել է եւ հանդիպումն ընդհատվել է: «Այդ սադրանքից հետո մենք հրաժարվեցինք շարունակել եւ հեռացանք»,- պատմեց Վ. Հակոբյանը:

«Առավոտի» հարցին, թե դատարանների հետ կապված ինչ խնդիրներ կան, նա ասաց. «Քանի որ երկրի նախագահը հայտարարեց, որ դատարանը պետք է աշխատի մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով, մենք հույս ունեինք, որ դատարան տալով, վերջապես արդարացի վճիռ կունենանք, պարզվեց՝ 8-ից 4-ը մերժվեց: Վերաքննիչն էլ մերժեց բնակչի հայցը: Դատավորներ Տիգրան Պետրոսյանը, Գոռ Հակոբյանը, Լեւոն Բարսեղյանն աշխատում են հին ոճով՝ հաշվի չառնելով գործող նախագահի կարգադրությունները»:

Հասարակական կազմակերպության նախագահը բնակիչների անունից հավելյալ պահանջում է, որ իրենց դիմում-նամակները չուղարկեն այն մարդկանց անուններով, որոնք գողացել են իրենց սեփականությունը: «Հանրապետության նախագահը թող ընդունի մեզ, ասի վերջնական, թե ինչպես կլուծվի հարցը»,- ասում է Վ. Հակոբյանը:

«Առավոտի» հարցին, թե այս հարցով քանի՞ գործ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պարզվեց՝ այս պահի դրությամբ՝ 14 գործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել