Մայրաքաղաքում եթե փորձես լուսացույցի ցուցումով փողոցն անցնել՝ կընկնես մեքենայի տակ
«Ամեն անգամ փողոցն անցնելիս աղոթում եմ, որ կենդանի մնամ, նունիսկ կանաչ լույսի ժամանակ անցնելիս ինձ վտանգված եմ զգում»,- մեզ հետ զրույցում ասաց Երեւանի բնակիչ Իրինա Առաքելյանը: Չնայած մայրաքաղաքի մոտ 200 խաչմերուկներում հիմնականում գործում են դիոդներով աշխատող (սրանց ՕԳԳ-ն ավելի բարձր է) լուսացույցեր, սակայն նույնիսկ կենտրոնական փողոցների լուսացույցերը շատ հաճախ անսարք են լինում: Լավ չեն աշխատում, մասնավորապես՝ Տերյան-Սայաթ-Նովա, Տերյան-Մոսկովյան, Վարդանանց-Ալեք Մանուկյան եւ Սախարովի հրապարակի մի քանի լուսացույցերը, ինչի հետեւանքով կենտրոնական փողոցներում մեծ խցանումներ են առաջանում: Մայրաքաղաքի լուսացույցերի անխափան աշխատանքի պատասխանատուն «Լուսանշան» ՊՈԱԿ-ն է: Այս առնչությամբ, «Առավոտի» հետ զրույցում ՊՈԱԿ-ի տնօրեն Էդուարդ Սաֆարյանը պարզաբանեց. «Հնարավոր է՝ օրվա մեջ մի ժամ որեւէ լուսացույց չաշխատի: Պատահում է, որ հոսանքն են անջատում կամ կաբել է վնասվում, դա արդեն մենք չենք կարող կարգավորել»: ՊՈԱԿ-ի երթեւեկության գլխավոր մասնագետ Ռուբեն Մարկոսյանի հավաստմամբ՝ «Ամեն առավոտ մեր խումբը հսկում է լուսացույցերի աշխատանքը եւ թերություն հայտնաբերելիս անմիջապես շտկում: Այդուհանդերձ, անհնար է ամեն օր հսկել քաղաքի բոլոր լուսացույցերը, այդ պատճառով էլ դրանց անսարքության մասին հաճախ մեզ հայտնում են ճանապարհատրանսպորտային ոստիկանները: Ի դեպ, քաղաքացիներն էլ ամեն պահի կարող են զանգահարել կազմակերպության «թեժ գծին»՝ 58-37-31 հեռախոսահամարով, եւ հայտնել, որ այս կամ այն խաչմերուկի լուսացույցը չի աշխատում»: Ռ. Մարկոսյանը հավաստիացրեց, որ իրենք անմիջապես կժամանեն «դեպքի վայր» եւ կկարգավորեն լուսացույցի աշխատանքը. «Մեզ շատ կօգնեն քաղաքացիները, եթե զգուշացնեն: Մինչեւ որ ձեռք կբերենք հատուկ սարք, որի օգնությամբ առանց փողոց ելնելու կարելի կլինի իմանալ, թե որ լուսացույցն ինչպես է աշխատում»:
Ռ. Մարկոսյանի խոսքերով, մեր հետիոտնը կողմնորոշվում է ոչ թե լուսացույցով, այլ փողոցում մեքենա լինել-չլինելով, ինչն էլ բերում է վթարների: «Երբ մի քանի օր կենտրոնի որոշ խաչմերուկներում ոստիկանները պարտադրում էին մարդկանց ճանապարհը ճիշտ անցնել, տեսնեիք, թե մեր քաղաքացիներն ինչպես էին արհամարհում այդ ցուցումները եւ անցնում կարմիր լույսի տակով: Վարորդներն էլ թեքվելիս երբեք չեն զիջում հետիոտնին, չնայած՝ օրենքի համաձայն պետք է զիջեն: Մինչեւ հետիոտնը ու վարորդը չհանդուրժեն ու չհասկանան իրար՝ ոչինչ էլ չի փոխվի»,- ասաց ՊՈԱԿ-ի շահագործման բաժնի պետ Վաչիկ Խաչատրյանը:
«Լուսանշան» ՊՈԱԿ-ը նախատեսում է մայրաքաղաքի ծանրաբեռնված փողոցներում տեղադրել «կանաչ ալիք» կոչվող համակարգը, որը կօգնի խուսափել մեքենաների խցանումներից: Ռ. Մարկոսյանի մեկնաբանմամբ. «Օրինակ, դիտարկենք Մաշտոցի պողոտան՝ Խորենացու խաչմերուկից մինչեւ Թումանյան խաչմերուկ: Մեքենաների որոշակի հոսք կարմիր լույսի ժամանակ կուտակվում է Մաշտոց-Խորենացի խաչմերուկում, այդ ժամանակ մինչեւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկը հետիոտնի համար կանաչ լույս է վառվում եւ նա անարգել անցնում է փողոցը: Այնուհետեւ մեքենաների համար Մաշտոց-Խորենացի խաչմերուկում վառվում է կանաչ լույս, եւ ավտոմատ կերպով կանաչ լույս է վառվում Մաշտոց-Ամիրյան, Մաշտոց-Պուշկին, Մաշտոց-Թումանյան խաչմերուկներում, եւ մեքենաները շատ կարճ ժամանակում անարգել անցնում են այդ մեծ փողոցը: Հետեւաբար, այդ ժամանակ հետիոտնի համար կարմիր լույս է վառվում: Եվ արդյունքում՝ կուտակումներ ունենում ենք միայն մեկ խաչմերուկում»: