Դեղագործական ընկերությունները երեխաների առողջության հաշվին են եկամուտներ ստանում
Մեր երկրում դեղերի բիզնեսով զբաղվող որոշ ընկերություններ իրենց ապրանքը սպառելու համար պատրաստ են դիմել անգամ այնպիսի մեթոդների, որոնք վնաս կարող են հասցնել մարդու առողջությանը:
Չբավարարվելով դեղերը գովազդելով՝ այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները, գնորդներին շահագրգռելու համար, անգամ դեղերն են շահովի դարձրել: Դեղագործական «Լեկ» ընկերությունն իր արտադրած ամոքսիկլավ մանկական հակաբորբոքիչ (անտիբիոտիկ) դեղամիջոցը սպառելու յուրահատուկ միջոց է գտել: Այս օրերին մայրաքաղաքի դեղատներում եւ պոլիկլինիկաներում դեղագործներն ու բժիշկները մեծ շահագրգռվածությամբ մարդկանց ամոքսիկլավ անտիբիոտիկն են առաջարկում, հավաստիացնելով, որ «շատ լավ դեղ է, հետն էլ շահովի է»:
«Լեկ» ընկերությունը մի շարք պոլիկլինիկաներում նույնիսկ գրավոր հայտարարություն է ներկայացրել, որտեղ պարզ ասում է. այն բժիշկը, որն ամենաշատը կնշանակի երեխաներին ամոքսիկլավ դեղը՝ կպարգեւատրվի:
Հայտարարության տեքստը բաժանվել է պոլիկլինիկայի բժիշկներին, սակայն մեզ հաջողվեց այն ձեռք բերել: Հայտարարության տեքստից մեջբերում ենք մի հատված. «Եթե դուք որոշել եք, որ ձեր փոքրիկ պացիենտին անհրաժեշտ է ամոքսիցիլին, ապա ընտրեք եւ նշանակեք ամոքսիկլավ եւ բացի այն, որ ձեր հիվանդը կառողջանա, նաեւ նվերներ ու մրցանակ կստանա ու կմասնակցի մանկական տոնակատարությանը… Դուք 150 միլիգրամանոց դեղամիջոցի տուփի մեջ կգտնեք հատուկ թերթիկ, որը պետք է պահպանել եւ տուփի հետ ներկայացնել «Լեկի» գրասենյակ»: Նույն հայտարարության մեջ «Լեկը» բժիշկներին հորդորում է, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ծնողներին տեղեկացնեն այդ ակցիայի մասին եւ մատնանշեն կոնկրետ դեղատները, որտեղից կարող են ամոքսիկլավը ձեռք բերել: Նշենք, որ «Լեկը» այս ամենը կազմակերպում է նախաամանորյա ակցիայի անվան տակ:
«Լեկի» ակցիայից մտահոգված, օրերս մի խումբ բժիշկներ, որոնք խնդրեցին իրենց անունները չհրապարակել, դիմել էին «Առավոտին»: Նրանց խոսքերով. «Ամոքսիկլավը հակաբորբոքային մանկական պրեպարատ է եւ այն, ինչպես բոլոր նմանատիպ դեղամիջոցները, կարող է լուրջ հետեւանքներ թողնել երեխաների առողջության վրա: Իսկ կոնկրետ այս դեղամիջոցն ընդունելուց հետո երեխաների մոտ կարող է ալերգիա, աղիների, լյարդի կամ բերանի խոռոչի բորբոքում առաջանալ: Եվ քանի որ մեր մայրերն ու ընդհանրապես մեր ազգը շատ հաճախ է ինքնաբուժմամբ զբաղվում, վտանգ կա, որ ծնողներն էլ այս գովազդը կարդալուց հետո, առանց բժշկի նշանակման, իրենց երեխաներին այս դեղը տան, ինչը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ: Բացի այդ, գուցե լինեն այնպիսի անբարեխիղճ բժիշկներ, որոնք միայն նվեր ստանալու համար իրենց պացիենտներին ամոքսիկլավ նշանակեն: Ինչո՞ւ հենց այս անտիբիոտիկը, կան նմանատիպ այլ, ավելի մատչելի գներով դեղամիջոցներ: Բայց այս գովազդը մի տեսակ դրդում է, որ հենց այդ դեղը նշանակվի»:
Տեղեկացանք, որ այս դեղամիջոցը վաճառվում է մայրաքաղաքի մի շարք դեղատներում: Մենք այն ձեռք բերեցինք «ԼեւոնԼամարա» դեղատնից: Դեղատան աշխատակիցն, իմանալով, որ մեզ անտիբիոտիկ է պետք, անմիջապես արձագանքեց՝ շահումով դեղ ուզո՞ւմ եք: Այնուհետեւ առաջարկեց ամոքսիկլավ եւ սկսեց ջերմեռանդորեն բացատրել շահելու ձեւը:
Նկատենք, որ «Դեղերի մասին» օրենքի 11-րդ հոդվածով արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի գովազդը (ռադիոյով, հեռուստատեսությամբ, թերթերով, հանդեսներով, ցուցանակներով, ազդագրերով, լուսային եւ գովազդային այլ ձեւերով), իսկ ամոքսիկլավի բաղադրատոմսում նշված է՝ դեղը միայն բժշկի ցուցումով պետք է օգտագործել: «Գովազդի մասին» օրենքի 6-րդ հոդվածն էլ ասում է՝ արգելվում եւ հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է՝ օգտագործելով սպառողի կյանքին, առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող գործողությունների դրդող կոչերը եւ փաստարկումերը:
Այսինքն՝ «Լեկի» հայտարարությունից շատ պարզ երեւում է, որ ընկերությունը սպառողին եւ բժշկին դրդում է գործողությունների, որը կարող է մարդու առողջության եւ կյանքի համար վտանգավոր լինել: Ընդհանրապես, ցանկացած դեղ գովազդելու համար ընկերությունը առողջապահության նախարարությունից հատուկ թույլտվություն պետք է ստանա եւ գովազդի վրա պետք է նշվի թույլտվության համարը, ինչը չկար «Լեկի» հայտարարության տեքստում:
Թե որքանով է «Լեկ» ընկերության նման ակցիան օրենքի սահմաններում, փորձեցինք ճշտել առողջապահության նախարարի իրավական խորհրդական Սուրեն Քրմոյանից: «Առավոտի» հետ զրույցում պարոն Քրմոյանը այդ ընկերության նման գործելաոճը անթույլատրելի համարեց. «Դեղը հո մաստակ չէ, որ հորդորեն՝ գնեք՝ կշահեք: Մենք խստագույնս դատապարտում ենք դեղագործական ընկերությունների այն նմանատիպ ակցիաներն ու գովազդները, որոնք ապակողմնորոշում են սպառողին: Մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք հետագայում նմանատիպ ակցիաները կանխելու համար»: