Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ԱԿԱՆԸ՝ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 30,2008 00:00

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է, թե Հայ ազգային կոնգրեսը, ամենայն հավանականությամբ, մաս կկազմի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբին. «Խոսակցությունները մեզ մոտ գնում են ավելի շատ մասնակցելու ուղղությամբ: Որոշումն առայժմ չի կայացվել: Իմ կարծիքով եւ իմ շրջապատում պտտվող խոսակցությունների համաձայն, ես կարծում եմ, մենք կմասնակցենք»:

Արամ Մանուկյանը նաեւ անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հայտարարությանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը ֆինանսավորվում է ամերիկյան ուժերի կողմից: Ըստ ՀՀՇ վարչության անդամի՝ Տեր-Պետրոսյանը երբեք ոչ մեկից «քաղաքական առումով, աջակցության առումով, ֆինանսական առումով» ավանս չի վերցրել: Նաեւ նշել է, որ եթե Ռուսաստանը, Արեւմուտքը, Եվրոպան միլիարդներ էլ խոստանան ու աջակցեն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը դրանք երբեք չեն ընդունի, քանի որ «դա բերում է կապվածության»:

ՀՀՇ վարչության անդամն իր հերթին էլ անդրադարձել է ՀՀԿ-ին՝ պնդելով, թե այն դարձել է մեկ հոգու կամակատարը, եւ այդ կուսակցության ներսում իսպառ բացակայում է բազմակարծությունը՝ բոլորը կողմ են արտահայտվում Սերժ Սարգսյանի առաջարկներին. «Ոչ մեկը ռիսկ չունի Սերժին դեմ դուրս գալու: Ոչ մեկը բավարար տղամարդկություն չունի նաեւ խոստովանելու համար, թե ինչ օպերացիա է իրականացվել մարտի 1-ի առավոտյան»:

Արամ Մանուկյանը նաեւ նշել է, թե կոալիցիայի 4 կուսակցությունից 2-ը գոյություն չունեն. «Բարգավաճ Հայաստանը» կուսակցություն չէ, այլ ընդամենը «քաղաքական պրոեկտ», եւ ինքը վստահ է, որ եթե կոալիցիան քանդվի, ապա ԲՀԿ-ի անունը պարզապես չի լսվի: Իսկ ՕԵԿ-ի մասին Արամ Մանուկյանն ընդհանրապես չի ցանկացել խոսել՝ ասելով, թե նման կուսակցություն չկա, այն խփված խաղաթուղթ է՝ իր ղեկավարով հանդերձ: ՀՅԴ-ի մասին Արամ Մանուկյանն ասել է. «Չնայած տարբեր ժամանակներում նրանց կողմից հնչեցրած կրիմինալի դեմ պայքարի պատրաստակամությանը՝ այսօր ուղղակի աչք են փակում ամեն ինչի վրա ու ոչ մի ձեւով չեն արձագանքում»: Նույն կշտամբանքը հասցեագրել է նաեւ ՀՀԿ-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել