Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պահը եկել է այս զույգի էջը փակելու»

Հոկտեմբեր 30,2008 00:00

Ասում է Ժիրայր Սեֆիլյանը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին

«Այսօրվա վտանգն աննախադեպ է,- ԼՂ հարցի կարգավորման մասին երեկ կարծիք հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը,- երբեք այսօրվա վիճակին չենք եղել»: Այս վիճակը համարում է «վերջին տարիների քոչարյանասերժական ռեժիմի ապիկար գործունեության արդյունք»: Ստեղծված իրավիճակից նա ելք է առաջարկում՝ «ՀՀ-ում եւ Արցախում բնակվողներս մեր վճռական «ոչ»-ն ենք ասելու այս պարտադրվելիք նախագծին, որը դրվել է Սարգսյանի սեղանին: Սա ազգային խնդիր է, ուստի մի կողմ պիտի դնենք մնացյալ ներքին վեճերը, միասին կանխենք վտանգը»: Վճռական «ոչ»-ի հաջորդ քայլը «նախագահ կոչեցյալ Սերժ Սարգսյանի հրաժարականն է, քանի որ նա անօրինական է եւ թիկունքում ժողովուրդ չունի: Նաեւ՝ Քոչարյանի, քանի որ բոլորս էլ լսում ենք շշուկներ, որ այդ մարդը ուզում է նորից «վերակենդանանալ»: Պահը եկել է այս զույգի էջը փակելու եւ նոր, արդար ընտրությունների արդյունքում նախագահ ունենալու ու այս վտանգը մեզանից հեռացնելու»: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ԼՂՀ հարցի կարգավորման իրենց տարբեր մոտեցումները Ժիրայր Սեֆիլյանը չի համարում ընդդիմության՝ ՀԱԿ-ի պառակտում. «ՀԱԿ-ում միավորվել ենք սահմանադրական կարգ ստեղծելու համար: Խնդիրը լուծելուց հետո յուրաքանչյուրն իր գաղափարներով առաջ կգնա»: Ժ. Սեֆիլյանը Լ. Տեր-Պետրոսյանին համարում է հազվագյուտ հայաստանամետ գործիչներից մեկը:

«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» տեսակետը՝ «հայրենի տարածքներն առեւտրի ենթակա չեն», կիսողները շատ են, ասում է կառույցի համակարգողը եւ տեղեկացնում, որ առաջիկայում նոր, ընդլայնված ձեւաչափով հանդես կգան՝ այս գաղափարը առաջ տանելու: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի տված պարզաբանումներին, որ ԼՂՀ հարցի կարգավորումը դուրս չի գալու Մինսկի խմբի շրջանակներից, Ժ. Սեֆիլյանը հեգնում է. «Նույն օրը մենք ամերիկյան աղբյուրներից քննարկումներ էինք լսում՝ թե ինչքանով է հարմար այս ձեւաչափով շարունակելը»: Նա ավելի վտանգավոր է համարում ՌԴ կողմից Հայաստանին ներկայացվող պարտադրանքը. «Եթե կարծում եք, որ այս տարիների ընթացքում ՀՀ խղճուկ ղեկավարության պատճառով ստեղծված վասալային հարաբերությունների արդյունքում կարող եք ամեն ինչ անել Հայաստանում՝ չարաչար սխալվում եք: Հայ ժողովուրդն այլ բան է, այսօրվա իշխանության պարագլուխները՝ այլ: Ոչ հայանպաստ որեւէ տարբերակ կանխարգելելու ենք ամեն կերպ, քանի որ դասեր ենք քաղել մեր նախնիների գործողություններից»: Խոսքը Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպման ժամանակ արծարծված՝ ազատագրված տարածքներից հայկական ռազմական ուժերի դուրսբերման եւ դրանք ռուսականով փոխարինելու մասին է. «Մի բան է ՀՀ-ում ռուսական զորքի առկայությունը, որը նույնիսկ ողջունել ենք, այլ բան է ազատագրված տարածքներում որեւէ միջազգային ուժի առկայությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել