Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՐԱ ԱՆԱՌՈՂՋ ՀՈԳՈՒՑ ԵՆ ԱՇԽԱՐՀ ԵԿԵԼ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 30,2008 00:00

\"\"Գրել է Նաիրի եւ Կարեն Հունանյանների հայրը՝ Հրաչյա Հունանյանը, իր որդիների մոր մասին

1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում երկրի ղեկավարությանը գլխատած ահաբեկիչներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների հայրը՝ Հրաչյա Հունանյանը, շուրջ 1 ամիս առաջ դիմել է առողջապահության նախարարություն եւ բողոքել իր նախկին կնոջից՝ Նաթելլա Գալստյանից: Վերջինս Եվպատորիա քաղաքի բնակիչ էր, բայց այս տարվա ապրիլից վերադարձել է եւ նախկին ամուսնու հետ բնակվում է նույն բնակարանում: Հրաչյա Հունանյանը պնդում է, թե իր նախկին կինը բուժվել է Եվպատորիայի հոգեբուժական հիվանդանոցում եւ այժմ էլ բուժման խիստ կարիք է զգում, ու փորձել է պարզել, թե ինչպե՞ս կարելի է կազմակերպել նրա բուժման գործը:

«Վարք Նաթելլա Գալստյանի» վերնագրով այս խոսքը խիստ խոսուն վկայություն է, թե ինչ միջավայրում են ծնվել ու մեծացել ահաբեկիչները: Ներկայացնում ենք Հրաչյա Հունանյանի խոսքն ամբողջությամբ:

«Նա իմ նախկին կինն է, որը տարիներ շարունակ աչքի է ընկել տգիտությամբ, չարությամբ, անգրագիտությամբ, կասկածամտությամբ, սնոտիապաշտությամբ, անհաշտ, կռվարար, համառ, կամակոր, կոպիտ, եսասեր, մեծամիտ բնավորությամբ: Որտեղ էլ բնակվել ենք՝ նա կռվել է հարեւանների հետ, որտեղ էլ աշխատել է՝ կռվել է աշխատանքային ընկերների հետ: Բազմաթիվ փաստերից նշեմ միայն մեկը: Նա երկու տղաների հետ քանդեց մեր շենքի թիվ 15 բնակարանի բնակիչների խորդանոցը եւ թշնամացավ նրանց հետ: Նա խռով է գրեթե բոլոր հարեւանների հետ:

Վաղուց նա իմ մահն է երազում: Դեռեւս տարիներ առաջ ասում էր. «Դու մեռնող պտուղը չես, դու քո մորն ես քաշել, նրանից էլ երկար կապրես»:

Նա ամեն պահ լարվածություն է ստեղծել ընտանիքում, տղաներին վատ է տրամադրել իմ դեմ: Հաճախ ասել է. «Քո երեխաները՝ քո տղաները չեն, քեզանից չեն»: Նրա վերաբերմունքը իմ հանդեպ անբարյացակամ է: Նրա հրահանգով տղաներից մեկը ինձ հարվածել է, մյուսը ասել է՝ տնից գնա, քեզ կսպանեմ, քեզ բալկոնից ցած կգցեմ, մեկն էլ ասել է՝ այս տանը հաց մի կեր, գնա որտեղ ուզում ես՝ հաց կեր:

Նաթելլան տարիներ առաջ գողացել է իմ ստեղծագործությունների ձեռագրերը, իմ հագուստը, տեղաշորը: Ես օգտագործում եմ իմ հայրենի գյուղից, իմ հարազատների բերած վերմակը: Նրա խոսքը միշտ էլ եղել է սպառնալից: Նա ասել է. «Ձեզ կտապոռեմ, ձեզ կմորթեմ, բենզինը կլցնեմ տունը կվառեմ»: Շարժուձեւը, նիստուկացը, խոսքն ու զրույցը սպառնալից են, ահազդու:

1981թ. նա ամուսնալուծվել է, երեխաներով ինքն է զբաղվել:

1991թ. դուրս է եկել մեր տան գրանցումից եւ համարվել է Ուկրաինայի Հանրապետության Եվպատորիա քաղաքի բնակիչ:

2008թ. ապրիլին վերադարձել է եւ ստեղծել տհաճ, անցանկալի վիճակ ինձ համար: Նրա մոտ գալիս են իր հարազատները, հարեւանները: Նրա որդիներից մեկը, որն ապրում է Եվպատորիայում, ասել է, որ իր մայրը երկու անգամ տեւական ժամանակով եղել է Եվպատորիայի հոգեբուժական հիվանդանոցում:

Նա շատ վատ ու կոպիտ է վարվում ինձ հետ: Վառում է տան բոլոր լույսերը, բաց է թողնում դռները, դուրս է գալիս ընդհանուր միջանցք, գնում է վերելակի մոտ եւ ասում է՝ տղաներս եկել են, վերելակը լռվել է, մնացել են ճամփին: Բացում է պատշգամբի լուսամուտը եւ բարձր ձայնով, գոռգոռոցով խոսում չեղած մարդկանց հետ: Նրա շարժումները կտրուկ են, անբնական, գերարագ, ագրեսիվ: Նրա հետ ապրողը անընդհատ ահուդողի մեջ կլինի: Նա անջատում է իմ հեռախոսը, լույսը հանգցնում է ինձ վրա, սպառնում է, ահաբեկում, զրպարտում: Աչքին ինչ-որ բաներ են երեւում: Շատ զգայուն է հոտերի նկատմամբ: Բոլոր լուսամուտները բացում է, տանը մաքուր օդ է լինում, բայց նա նորից հոտ է առնում: Չի թողնում լվացքի պարանին իմ շորերը կախեմ: Ասում է՝ քոչերդ հավաքիր: Ասում է ու արագ ինքն է հավաքում: Տան իրերը հաճախ ոտքով հրելով է տեղափոխում: Բոլոր դույլերը, մյուս ամանները պռնկեպռունկ ջուր է լցնում ու ծածկում է: Սեղանին դնում է մեծ ու փոքր երեք դանակ: Անբնական արտաբերած խոսքը սարսափ է առաջացնում: Տան դուռը երկար ժամանակ ինձ վրա չի բացում, մնում եմ դրսում: Ամանները պահում է, ջրերը բաց է թողնում: Ծաղրում է իմ աղքատ լինելը: Այն աստիճանի հիվանդ է, որ ասում է՝ վերմակները կարճացրել ես, կարկատել ես: Էն գլխից էլ երեւացել է նրա անառողջ բնավորությունը, որովհետեւ ուսումը կիսատ է թողել: Չունի նույնիսկ ութամյա կրթություն:

Նրա անառողջ հոգուց են աշխարհ եկել ահաբեկիչներ Նաիրի եւ Կարեն Հունանյանները: Եթե վերջիններս առողջ լինեին, եթե առողջ լիներ Նաթելլայի եղբայր Վռամը՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին այդ քայլին չէին դիմի:

Անբնական, անհամոզիչ բաներ է ասում: Օրինակ, նա ասում է՝ պատշգամբից վերմակը թափ տալու ժամանակ փողի կապոցը գնաց կորավ: Հաջորդ օրն ասում է՝ շորերը աստիճանների վրա թափ տվեցի, փողերը գնացին կորան: Մի ժամանակ էլ ասում էր՝ քո գլխից երեք մազ եմ պոկել, տարել Վարդենիս, թուղթ ու գիր արել, որ դու ոչ մի կնոջ չմոտենաս: Ազատ, անհոգ կյանք է վարում, օրական մի մահճակալի է քնում: Ուզածի պես սնվում է, գարեջուր է խմում:

Իր անբնական, անմարդկային նիստուկացով խանգարում է գրական աշխատանքս: Նրա հոգին առողջ չէ, նրան երկար տարիներ ճանաչելու իմ համոզմունքը դա է: Նրա հիվանդ լինելը հավաստում է նաեւ այն, որ նա բուժվել է Եվպատորիայի հիվանդանոցում: Կարելի է հարցում անել: Մինչ այդ անհրաժեշտ է Երեւանում ստուգել նրա առողջությունը, բուժել նրա հիվանդությունը եւ հսկողություն սահմանել… Պետք է ի նկատի ունենալ, որ նա անբնական նիստուկացով խանգարում է բնակիչներին, թաղամասում ստեղծում է տհաճ տեսարաններ»:

Որեւէ մեկնաբանության կարիք չունեցող այս նամակին հավելենք մի տեղեկություն: Հրաչյա Հունանյանը գրել է, թե նախկին կինը չի թողնում, որ լվացքի պարանին կախի իր շորերը: Խնդիրն այն է, որ նա հագնում է աղբանոցից հավաքած շորեր ու դրանք տանում է հագնելու նաեւ որդիներին: Վերջիններիս համար դա, հիրավի, արժանի ճակատագիր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել