Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՐԺԻՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ՝ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԿՈՂՄ ԵՆՔ

Հոկտեմբեր 30,2008 00:00

\"\"Մոտավորապես այս էր Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի ասածը

– ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում խոսվում է ՀՀ համար ցավալի զիջումների, ազատագրված տարածքների վերադարձի մասին:

– Երբ հակամարտող կողմերը գնում են փոխզիջման, երկուսն էլ անում են ցավոտ զիջումներ, երկուսն էլ անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվել կամ շահած դուրս գալ չեն կարող: Բնականաբար, կարգավորման գործընթացում ավելի շատ զիջում է հաղթած կողմը: Բայց չի կարող որեւէ լուծում լինել, որը ցավոտ չլինի հասարակությունների եւ պետությունների համար: Զիջումների դիմաց Հայաստանը, Ադրբեջանը եւ մեր տարածաշրջանը կստանան արժանապատիվ խաղաղությամբ ապրելու երաշխիքներ եւ տարածաշրջանային համագործակցության ու անվտանգության միասնական համակարգ ձեւավորելու հեռանկար: Կարգավորման ավելի լավ տարբերակ մեզ համար այլեւս լինել չի կարող: Դժբախտաբար, հարկադրված ենք ընտրություն կատարել վատի եւ վատթարի միջեւ, որովհետեւ 1996թ. Լիսաբոնի գագաթաժողովից սկսած՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում միայն դիվանագիտական կորուստներ ենք արձանագրել: Պետք է ավելի պատասխանատու լինենք եւ ձերբազատվենք կեղծ ազգայնականությունից, բարձրագոչ ռետորիկայից եւ ընդունենք, որ խաղաղությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը պետք է ստորադասվեն մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ տարածքային պատկանելության հարցերը:

– Բայց Կոնգրեսին անդամակցող որոշ ուժեր անընդունելի են համարում այդ զիջումները:

– ՀԱԿ-ը երբեւէ փոխզիջումներին դեմ չի եղել: ՀԱԿ-ը դեմ է, որ ՀՀ գործող նախագահը ԼՂ խնդրի լուծումը կապում է «դրսում» իր լեգիտիմության ձեռք բերման հետ: Որեւէ պատասխանատու ուժ չի կարող դեմ լինել փոխզիջումներին, այս դեպքում՝ ազատագրված տարածքների որոշ մասի վերադարձին: Եթե կարգավորման գործընթացում առաջարկվում են անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց հովանավորները միջազգային հեղինակավոր կազմակերպություններ կամ պետություններ են, ՀՀ-ն էլ խնդիր չի ունենա ազատագրված տարածքներն իր վերահսկողության տակ պահելու. հայկական զինուժի ներկայությունն այդ տարածքներում կփոխարինվի միջազգային ուժերի այնպիսի ձեւաչափով, որը լիարժեք կապահովի ԼՂ ժողովրդի անվտանգությունը: Կողմերից յուրաքանչյուրը պիտի անի զիջումներ, որոնք վստահության միջավայր կստեղծեն ավելի բարդ խնդրի լուծման համար: Ամենաբարդը ԼՂ կարգավիճակի հարցն է: Եթե կողմերից մեկը փորձի առաջնային քննարկման դնել դա, գործընթացը տապալված է:

– Հայտնի չէ՝ Ադրբեջանն ի՞նչ է զիջելու, մանավանդ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարում են, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում:

– Դա չի կարող կարգավորման օրակարգում առաջնային լինել, որովհետեւ այն հարցն է, որի շուրջ տրամագծորեն տարբեր մոտեցումներ ունեն կողմերը: Ադրբեջանը, «մադրիդյան սկզբունքների» համաձայն, կորցնում է իր փաստացի վերահսկողությունը ԼՂ նկատմամբ: Անկախ ԼՂ իրավական կարգավիճակից, համոզված եմ, որ թե՛ 1997-ի «փուլային» տարբերակով, թե՛ «մադրիդյան սկզբունքներով» ԼՂ ժողովուրդը ստանում է փաստացի ինքնիշխանություն եւ անվտանգության բավարար երաշխիքներ:

– Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ ընդդիմությունն ասում էր. կարգավորում, արժանապատիվ խաղաղություն՝ հիմնված փոխզիջումների վրա, ինչը ենթադրում է նաեւ սակարկություն ազատագրված տարածքների շուրջ:

– Այս իշխանության կողմից անգամ ամենալավ լուծումը հասարակությունը չի ընկալի, եւ դա կնշանակի, որ կայուն խաղաղության երաշխիքներ չեն ստեղծվում: Իսկ «ոչ մի թիզ հող»-ը Ռ. Քոչարյանի քարանձավային քաղաքականության շարունակությունն է, որը փոքրացնում է քիչ թե շատ բարենպաստ լուծման հնարավորությունը: «Ոչ մի թիզ հող»-ի հետեւանքով հայտնվել ենք տարածաշրջանային համագործակցության լուսանցքում: Պետք է ապահովվի անվտանգության այնպիսի համակարգ, որ ԼՂ ժողովուրդը մշտապես ապրի իր հողում՝ ինքնիշխանության էլեմենտներով, անվտանգության համապատասխան երաշխիքներով, պետք է ՀՀ-ն ու ԼՂ-ն ունենան ցամաքային կապ, իսկ մնացյալ տարածքների խնդիրը պետք է քննարկման առարկա դառնա կարգավորման ընդհանուր համատեքստում:

– Եթե ոչ լեգիտիմ նախագահի օրոք խնդրի կարգավորումը կայուն խաղաղության չի բերելու, ո՞րն է ՀԱԿ-ի՝ իշխանություններին խնդիրը լուծելու հնարավորություն տալու իմաստը:

– Իսկ ո՞վ ասաց, որ ոչ լեգիտիմ իշխանության արած որեւէ դրական քայլ պետք է մեր կողմից դատապարտվի: Բացարձակապես: Այլ հարց է, որ Ս. Սարգսյանը իրականում հարցի լուծման չի գնում: Նա կարգավորման գործընթացի քողի տակ փորձում է լուծել իր լեգիտիմության խնդիրը: Ես Ս. Սարգսյանին մեղադրում եմ հակամարտության գործընթացը վիժեցնելու եւ ոչ թե փոխզիջումային կամ արժանապատիվ խաղաղության բանալին գտնելու ջանքերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել