Լրահոս
Օրվա լրահոսը

«Книжка»-ն դարձել է «книшка», «собака»-ն՝ «сабака»

Հոկտեմբեր 29,2008 00:00

Ռուսաց լեզվի դասավանդման համար նախատեսված աշակերտական գիրք-տետրերում մի շարք վրիպակներ կան:

ՀՀ հանրակրթական դպրոցների 2-5-րդ դասարաններում ռուսաց լեզու առարկան դասավանդելիս ուսուցիչներն օգտագործում են ռուսաց լեզվի Моя волшебная ручка գիրք-տետրը: Երեխաներն այդ գիրք-տետրերում քերականական խնդիրները լուծում եմ վարժությունների միջոցով: Օրերս «Առավոտը» որոշ ծնողներից եւ ուսուցիչներից դժգոհություններ ստացավ այն մասին, որ տետրերում կան ուղղագրական սխալներ, որոնք շփոթության մեջ են գցել աշակերտներին: Նրանց փոխանցմամբ՝ գիրք-տետրում где-нибудь-ը հանկարծ դարձել է где-нибут, կամ 5-րդ դասարանի համար նախատեսված գիրք-տետրի 26-րդ էջում собака ճիշտ տարբերակի փոխարեն օգտագործված է сабака սխալ ձեւը: Նույն գիրք-տետրի 42-րդ էջում книжка բառն օգտագործված է սխալ՝ книшка տարբերակով, 57-րդ էջում цветов բառը գրված է ուղղագրական սխալով՝ цвитов: Ըստ «Առավոտին» դիմած ծնողների եւ մասնագետների, գիրք-տետրերում կան նաեւ որոշ ռուսերեն ձեւակերպումներ, որոնք ոճաբանական առումով կարծես հայերեն լինեն: Ծնող Ինա Հովսեփյանը նկատեց. «Ինչպես անգլերենին, այնպես էլ ռուսերենին այժմ մեծ ուշադրություն պիտի դարձվի: Գոնե դասագրքերը եւ ուսումնական ձեռնարկները մի քիչ բարվոք վիճակում լինեին, որ մենք տանը կարողանայինք երեխաների հետ զբաղվել: Ես ռուսերենի մասնագետ եմ, բայց երբ նստում եմ երեխայիս կողքին, որ նրա հետ ռուսերեն պարապեմ, չեմ կարողանում հայ հեղինակների դասագրքերն օգտագործել, ստիպված դիմում եմ խորհրդային տարիներին ստեղծված դասագրքերի օգնությանը»: «Առավոտը» այս դժգոհությունները փոխանցեց ԿԳՆ հանրակրթության վարչության առաջատար մասնագետ, գիրք-տետրի հեղինակներից Լիլյա Բալասանյանին: Հետաքրքրվեցինք՝ մինչեւ դպրոց մուտք գործելը գիրք-տետրը ենթարկվե՞լ է մասնագիտական հանձնաժողովի ուսումնասիրությանը: Տիկին Բալասանյանը պատասխանեց. «Դրանք հաստատ տպագրական վրիպակներ են եղել, ոչ թե քերականական սխալներ: Իհարկե, այդ գիրք-տետրերը մինչեւ դպրոցներին բաժանելը հաստատվել են՝ որպես քերականական տետրեր: Դրանք օգտագործվում են արդեն 8 տարի, եւ պարբերաբար զտվել են համակարգչային վրիպակներից: Բացի այդ, մենք ոչ ոքի չենք պարտադրում այդ գիրք-տետրերով պարապել: Դպրոցներն իրենց ցանկությամբ են դիմել՝ այդ ծրագրին մասնակցելու համար: Ըստ էության, ուսուցիչները կարող են նաեւ դասագրքերի վարժություններով աշխատել»: Ոճաբանական անհաջող, «հայավարի» ձեւակերպումների մասին մեր զրուցակիցն ասաց. «Այդ վարժություններում հայավարի ստեղծված որեւէ բան չկա, քանի որ օգտագործել ենք ռուսական գրքերից մեջբերված լավագույն օրինակները: Մենք գիրք-տետրը կազմել ենք, ոչ թե հեղինակել»:

Որոշ ծնողներ դժգոհել էին, որ գիրք-տետրերը 500 դրամով պարտադրում են դպրոցներին: Լ. Բալասանյանն այս կապակցությամբ ասաց. «Այդ գիրք-տետրերը ստեղծելով՝ ամենեւին էլ բիզնեսի նպատակ չենք ունեցել: Դրանք այնքան չնչին գումարով են վաճառվում, որ պատճենահանելն անգամ ձեռնտու չէ: Կրկնում եմ, ովքեր չեն ուզում՝ կարող են չաշխատել այդ տետրերով»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել