Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿ ԴԱՎԹՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Հոկտեմբեր 29,2008 00:00

ՀՀ ոստիկանությունը երեկ տարածել է հայտարարություն՝ հոկտեմբերի 26-ին կատարված սպանության վերաբերյալ: «Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 48ա շենքի բակում կրակոցներ են հնչում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, նշված շենքի բակում անհայտ անձինք ինքնաձիգից եւ ատրճանակից կրակ են արձակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ եւ սպանել 1965թ. ծնված Հրաչյա Մաթեւոսյանին եւ հրազենային վնասվածքներ պատճառել 1976 թ. ծնված Հարություն Բ.-ին, որը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 33 պարկուճ եւ 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 6 պարկուճ եւ 2 գնդակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 1979 թ. ծնված Հայկ Դավթյանը եւ 1976 թ. ծնված Հայկազ Հակոբյանը, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 28-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է եկել Հայկ Դավթյանն ու ներկայացրել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգը եւ «Մակարով» տեսակի ատրճանակը: Հայկ Դավթյանը կալանավորված է»,- ասվում է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել