Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Հոկտեմբեր 29,2008 00:00

Կրամնիկի առաջին հաղթանակը

\"\"Բոննում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վլադիմիր Կրամնիկ-Վիշվանաթան Անանդ մրցամարտի վերջնամասում պայքարը սրվում է: 10-րդ պարտիայում՝ մինչ այդ 3 միավորի տարբերությամբ պարտվող ռուսաստանցին սպիտակներով տարավ առաջին հաղթանակը եւ հաշիվը դարձավ 6:4՝ հօգուտ հնդիկ գրոսմայստերի: Կրամնիկին կհաջողվի՞ անել անհավատալին եւ այսօր ու վաղը կայանալիք տուրերում հավասարեցնել հաշիվը: Սպասենք եւս երեք օր:

 

Երեք հոգի մեդալի է հավակնում

Վիետնամում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան (8-18 տարեկան տղաներ եւ աղջիկներ) առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող է հանդես գալիս մինչեւ 18 տարեկանների մրցապայքարին մասնակցող Սամվել Տեր-Սահակյանը: Նա ութերորդ տուրից հետո վեց միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում՝ առաջատարին զիջելով ընդամենը մեկ միավորով:

Սպասելիքներն արդարացնում են նաեւ տասնամյա Մանվել Պետրոսյանը, որը վեց միավորով 9-րդն է եւ նույնպես առաջատարից մեկ քայլ է ետ մնում, եւ Զոզան Շաքրյանը (16 տարեկան աղջիկներ): Նա 5,5 միավորով 8-րդն է:

Վիկը նախապատրաստվում է

\"\"Վախթանգ Դարչինյանն իր առաջին անձնական մարզիչ՝ վանաձորցի Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ, որի սանն է 8 տարեկանից, Լաս Վեգասում վերջին մարզումներն է անցկացնում՝ նոյեմբերի 1-ին թեթեւագույն քաշային կարգում մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման մարտից առաջ: Կալիֆոռնիայում իրենց մարտերին են նախապատրաստվում նաեւ այնպիսի հանրահայտ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, ինչպիսիք են մեծբրիտանացի Ռիկի Հատոնը եւ ռուսաստանցի մեր հայրենակից Վիկտոր Օգանովը: Նրանք ընկերներ են ու միմյանց հանդիպելու լավ առիթը ձեռքից բաց չեն թողնում:

Էստոնիա-Հայաստան՝ 1:0

Իսպանիայում ավարտվեց մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության 1-ին որակավորման փուլը: Հայաստանի հավաքականը եզրափակիչ տուրում 0:1 հաշվով պարտվեց Էստոնիայի իր հասակակիցներին եւ մեկ միավորով ոչ միայն եզրափակեց 13-րդ խմբի մրցաշարային աղյուսակը, այլեւ դուրս մնաց հետագա պայքարը շարունակելու իրավունքից:

Այսպիսով, հավաքականները մրցաշարային աղյուսակում դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. 1 Իսպանիա, 2. Անգլիա, 3. Էստոնիա, 4. Հայաստան:

Մարկեսը հավատում է իր հաղթանակին

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման պարտադիր հավակնորդ մեքսիկացի 36-ամյա Ռաուլ Մարկեսի կարծիքով՝ հոկտեմբերի 4-ին աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ նշանակված մարտը նոյեմբերի 8-ին տեղափոխելը կապված չէր նույն օրը վերջինիս գրիպով հիվանդանալու հետ: Հավակնորդի համոզմամբ, պատճառը քաշ գցելու հարցում Աբրահամի առջեւ ծագած բարդություններն են: Մարկեսը հայտարարել է, թե պաշտոնական կշեռքի օրն ինքը լրիվ տեղավորվել է քաշի մեջ, իսկ Աբրահամը ներկայացել է 10 րոպե ուշացումով եւ խալաթով, որովհետեւ ստիպված է եղել երկար ժամանակ անցկացնել շոգեբաղնիքում: «Հնարավոր է, որ նա հիվանդ է եղել, բայց այդ հիվանդությունը կապված է քաշ գցելու ջանքերի հետ,- ասել է նա:- Աբրահամը հզոր եւ ֆիզիկապես ուժեղ բռնցքամարտիկ է, որը տիրապետում է նոկաուտ անող հարվածների, սակայն բացվում է: Նա այլ թերություններ էլ ունի: Նրա հարվածի ուժը գնահատել չեմ կարող, մինչեւ ռինգում միմյանց դեմ չելնենք: Սակայն ես ստացել եմ Ջերմեն Թեյլորի եւ Ֆերնանդո Վարգասի հարվածները: Իսկ նրանք հարվածել կարողանում են: Հիմա ես լավագույն մարզավիճակում եմ եւ հավատում եմ, որ այդ օրը ես կհաղթեմ: Պատրաստ եմ Գերմանիայում անցկացնել 12 կամ 15 ռաունդ»:

Ո՞վ կխաղա «համագործակցության գավաթում»

Ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների՝ «Համագործակցության գավաթի» 2009թ. խաղարկությունը Ռուսաստանի ֆուտբոլային միության որոշմամբ կվերադառնա Մոսկվա եւ կանցկացվի հունվարի 17-25-ը: Հիշեցնենք, որ այս տարվա խաղարկությունն անցկացվել էր Սանկտ Պետերբուրգում: Այս անգամ մեր հանրապետությունն այդ մրցաշարում ո՞վ կներկայացնի:

«Համագործակցության գավաթում» սովորաբար հանդես են գալիս մասնակից երկրների չեմպիոնները: Այս տարի էլ այդ տիտղոսին հավակնում է առաջին հերթին «Փյունիկը»: Սակայն եթե նա հերթական անգամ նվաճի ոսկե մեդալը, հավանաբար չի մասնակցի մրցաշարին, քանի որ, կազմակերպիչների որոշմամբ, 2006 թվականին կիսաեզրափակիչում Ադրբեջանի չեմպիոնի հետ խաղին չներկայանալու համար «Փյունիկը» որակազրկվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել