Այսպես է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը պատասխանում իրեն քննադատողներին
«Հայացք» ակումբի երեկվա հյուրը Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանն էր: Հանդիպման թեման տպագրության գյուտի 500-ամյակն ու այդ առիթով ստեղծված կառավարական հոբելյանական հանձնաժողովն էր: «Առավոտը» պարոն Անանյանին խնդրեց մեկնաբանել Գրողների միության հետ կապված վերջին իրադարձությունները եւ հարցրեց՝ արդյո՞ք ճիշտ էր Ա. Ափինյանին ու Ա. Ղումաշյանին ՀԳՄ-ից հեռացնելը, մանավանդ՝ ՀԳՄ կանոնադրության համաձայն, նրանք հակահասարակական արարք պիտի գործած լինեին. «Վերջերս ծավալված աղմուկը համարում եմ մի դրվագ հոգեբուժարանից, այդ ամենը այլախոհության դիմակի տակ մի քանի անհատների հետեւողական աշխատանքի սպառման եզրագիծն է, որոնք, բնականաբար, հեռացվեցին, որովհետեւ կոպտորեն խախտել էին կանոնադրությունը: ՀԳՄ նախագահությունն ու քարտուղարությունը միաձայն, ընդամենը մեկ «դեմ» ձայնով (դեմ է քվեարկել միայն Մետաքսեն- Ե. Հ.) հաստատեցին այդ որոշումը: Դա տարիներ շարունակ փորված այն փոսն էր, որի մեջ իրենք հայտնվեցին…»: Լ. Անանյանի փոխանցմամբ, նախապատմությունը հետեւյալն է. «Երբ 2001թ. ընտրվեցի ՀԳՄ նախագահ, Աբգար Ափինյանը եւս հավակնորդ էր: Երբ չընտրվեց՝ լրագրողների ներկայությամբ դահլիճում ասաց՝ Լեւոն Անանյան, դու պատմության ու ժամանակի առաջ մեծ մեղք գործեցիր, նստեցիր ի՛մ աթոռին: Ես էլ իրենից հետո աթոռը փոխեցի, որովհետեւ մտածեցի, թե բացիլներ մնացած կլինեն: Այն ժամանակ Հրանտ Մաթեւոսյանն էլ, ինձ շնորհավորելով, ասաց՝ այդ Աբգարն իմ կյանքը դժոխք էր դարձրել, ես քեզ չեմ նախանձում… Ամեն դեպքում որեւէ նեղություն, անհարմարավետություն չէի զգում, քանի որ նրա հիմնադրած «Նոր դարը» առաջին հարկում էր: Հետո տեսա, որ այդտեղ նա դարձրել է հարբեցողության որջ, ու «Նոր դարն» այլեւս հակագրական ու հակագեղարվեստական է: Աբգար Ափինյանը այդ հանդեսում հրապարակում էր միայն ՀԳՄ ղեկավարության ու անձամբ իմ դեմ տպագրված հոդվածներ… «Նոր դարի» մի քանի համարներում, որոնք հոգեգարության փայլուն դրսեւորում են, կարելի է գտնել նյութեր, օրինակ, այն մասին, թե Լեւոն Անանյանն արդեն 6 տարի է՝ չի այցելում իր հիվանդ ու ծեր մորը…»:
Լ. Անանյանը, անդրադառնալով ՀԳՄ-ում իր դեմ սկսված ստորագրահավաքին, ասաց, թե հավաքում-հավաքում են, բայց պարզվում է, որ 400 հոգուց 3-4 հոգի են ստորագրել. «Մեկը այն պալատական երգիչ բանաստեղծներից է, որ հեռացրին պալատից, կուսակցությունից, աշխատանքից ու հիմա երազում է նույն գետը երկրորդ անգամ անցնել, մեկը Գրողների միությունից է, որը նույնպես փորձեց մի հակակշիռ բան ստեղծել, էլի չստացվեց, մնացածն էլ Աբգարն ու իր մանկլավիկներն են»: ՀԳՄ նախագահը հավելեց նաեւ, որ հեռացվելու հենց առաջին օրը Ա. Ափինյանը զանգել է իրեն ու ասել. «Լեւոն ջան, ես զինադադար եմ հայտարարում», իսկ ինքն էլ ասել է. «Դու արդեն հեռացված ես… Դու բարենորոգիչ ես, գնա բարենորոգիր»: Լ. Անանյանը, շարունակելով խոսքն, ասաց. «Նրա զանգից հետո էլ մեր նշանավոր գրողներից մեկը՝ միջնորդը, զանգեց ու ասաց՝ Լեւոն ջան, գուցե իսկապես չհեռացնենք Աբգարին, նա դրա փոխարեն խոստանում է հրապարակավ հայտարարել, թե ով է իրեն այսքան տարի դրդել ՀԳՄ-ի եւ Ձեր դեմ ելույթ ունենալ»:
Լ. Անանյանի խոսքերով, ինքն ամաչում է, որ իր հակառակորդը Աբգար Ափինյանն է. «Անցյալ տարեվերջին ինձ հրավիրեցին գլխավոր դատախազի գրասենյակ ու ցույց տվեցին 15 էջանոց մի զարհուրելի ամբաստանագիր՝ այն մասին, թե ինչպես եմ թալանում միությունը, իբր ի՞նչ ունի այդ խեղճ ՀԳՄ-ն: Հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ, ասացին. եթե մեղադրանքների 1/3-ը ճիշտ է, ուրեմն ինձ ցմահ բանտարկություն է սպասվում: Մի կերպ այդ բանտարկությունից գլուխս ազատեցի, հետո կանչեցին առաջին ատյանի դատարան, ապա վերաքննիչ, հետո էլ Արաբկիրի ոստիկանություն»:
Մեր հաջորդ դիտարկմանը՝ ՀԳՄ նախագահության որոշ անդամներ մամուլում խոստովանում են, որ ՀԳՄ նախագահն ամենեւին էլ անբասիր չէ եւ կարծիք են հայտնում, թե միությունը պիտի բարեփոխվի, Լ. Անանյանը պատասխանեց. «ՀԳՄ նախագահությունը այն դեմոկրատական հիմնարկներից է, որտեղ ՀԳՄ նախագահը ոչ մի լումա չի շարժում առանց քարտուղարության, ֆինանսական հանձնաժողովի, նախագահության եւ վարչության հետ համաձայնեցնելու, այնպես որ, միշտ էլ վայրահաչողներ կլինեն: Հետո, եթե մի բան լինում է, մեր գրողներն էլ, վարչության անդամներն էլ իմ ճակատին ասում են, իսկ մնացածները, ովքեր վայրահաչում են, նրանց դեմ մի հիմնական սկզբունք ունեմ՝ քամին կփչի, շունը կհաչա, քարավանը կանցնի իր ճանապարհով…»: