Հարեւանի հիվանդ որդու համար «թատրոն» խաղալու տխուր հետեւանքները
ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության քննիչ Արսեն Վարդանյանը հոկտեմբերի 10-ին իր մոտ հարցաքննության է կանչել կասկածյալ Հասմիկ Պետրոսյանին: Վերջինս աշխատել է Ապարանի բժշկական կենտրոնում՝ որպես կադրերի գծով տեսուչ: Անշուշտ, դատախազությունը քննիչի հաստիք չունի (աշխատում են միայն դատախազներ) եւ նկարում պատկերված փաստաթղթով Ա. Վարդանյանն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, քանի որ նա նախաքննություն իրականացնելու գործառույթ չուներ: Սակայն մեծ եղավ զավեշտը, երբ երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը «Առավոտին» փոխանցեց, որ «Արագածոտնի մարզի դատախազությունը նման աշխատակից չունի»: Հետեւաբար, ո՞վ է հարցաքննությունն իրականացրել:
2 ժամ 40 րոպե տեւած «հարցաքննության» ժամանակ «պարզվել» է, որ Հ. Պետրոսյանը մեղադրվում է էպիլեպտիկ հիվանդ, Ապարանի պոլիկլինիկայի նյարդաբանական բաժանմունքում հաշվառված Ռոման Բաղդասարյանին՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար «պսիխոյի» տեղեկանք տրամադրելու համար: Ըստ նախաքննությունն իրականացրած մարմնի, տեղեկանքի դիմաց Հ. Պետրոսյանը ստացել է 30.000 դրամ կաշառք: Նրա բժշկական հագուստի գրպանից հայտնաբերվել է գումարը, այն էլ՝ ոստիկանների «օպերատիվ» այցի ժամանակ:
30.000 դրամի համար Հ. Պետրոսյանին կալանավորում են եւ տեղափոխում ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Հ. Պետրոսյանը երեկ «Առավոտին» ուղարկած նամակ-հայտարարության մեջ գրել էր. «Հարեւանս՝ Ռազմիկ Բաղդասարյանը, խնդրեց ինձ՝ իր տղայի համար ձեւական տեղեկանք տալ, ասելով, թե տղան ընկնում է նոպաների մեջ, տանն էլ կռիվ է, որովհետեւ տղան ուզում է տաքսի քշել, բացատրում են, որ հիվանդ է, չի ընդունում, տանն անվերջ կռիվ է: Բազմաթիվ մերժումներից հետո համաձայնեցի: Պայմանավորվեցինք, որ ես կասեմ, թե բժշկական հանձնաժողովն է վերջնական լուծումը տալու, իսկ Ռոմանի գնալուց հետո գումարը կտամ Ռազմիկին կամ՝ կնոջը: Ռոմանի հետ թատրոն խաղացի: Ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ անօրինական վարձատրություն չեմ ստացել: Փոքր Ապարանում բոլորը ճանաչում են իրար, ճանաչում են նաեւ էպիլեպտիկ, հաշմանդամության կարգ ունեցող Ռոմանին, որը բանակից ազատվել է այդ կապակցությամբ: Հետեւաբար, գումար չէի վերցնի նաեւ այդ պատճառով: Բացառվում էր, որ «պսիխոյի» թուղթ տրվեր նման հիվանդին: Ես իրականում ձերբակալվել եմ հոկտեմբերի 10-ին, ինձ՝ որպես կյասկածյալ, ապա՝ մեղադրյալ, չեն տրամադրել կալանավորման մասին որոշման պատճենները: Ինձ հնարավորություն չի տրվել առանձին տեսակցել պաշտպանի հետ, չեն բացատրել իմ իրավունքները, ներառյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի մասին: Իր ձեռքով հարցաքննության արձանագրության մեջ ցուցմունքս շարադրել է քննիչը, իսկ ես չեմ կարդացել այդ արձանագրությունը: Ինքնամերկացնող ցուցմունքներ եմ տվել վախի, անմարդկային վերաբերմունքի հետեւանքով: Հարցաքննության ողջ օրը չեմ սնվել, ճնշումս կտրուկ բարձրացել էր, խնդրել եմ բուժօգնություն: Դատախազության քննիչն ու նրա հետ գտնվողներն ասել են՝ ցուցմունքը տալուց հետո բուժօգնություն կտան: Տառապանքներից ազատվելու համար տվել եմ Ա. Վարդանյանի ցանկալի ցուցմունքը: Կարծում եմ, հարեւանս՝ Ռազմիկ Բաղդասարյանը ճիշտը կասի, եթե խիղճ ունի»:
«Առավոտի» տրամադրության տակ է նաեւ Ռազմիկ Բաղդասարյանի նամակը: «Տղաս փող չունենալու պատճառով տնեցիներին ասում էր, թե կգնա՝ տաքսի կքշի: Մենք համաձայն չէինք, քանի որ նա տառապում էր էպիլեպսիայով: Կռվից-ղալմալաղից հեռու մնալու համար դիմեցի հարեւանուհուս»: Նա նշում է, որ Հասմիկն իր պատճառով է կալանավորված եւ այդ տողերը գրելու համար որեւէ մեկն իրեն չի խնդրել, ճնշում չի եղել: