Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարակի աղբյուրը չեն գտնում

Հոկտեմբեր 29,2008 00:00

Լոռու մարզում 100-ից ավելի մարդ թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

Շուրջ 5 օր է՝’աղեստամոքսային գանգատներով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվում բազմաթիվ բնակիչներ: Հիվանդությունն արտահայտվում է բարձր ջերմությամբ ու լուծով: Հոսպիտալացված մոտ 70 հիվանդների մեծ մասը երեխաներ են՝ քաղաքի տարբեր թաղամասերից: Մայրաքաղաքից Վանաձոր մեկնած համաճարակաբանների կատարած լաբորատոր հետազոտությունների նախնական տվյալներով, մարդկանց մոտ հայտնաբերվել է աղիքային ինֆեկցիա, մասնագետները մի քանի օր շարունակ փորձում են պարզել՝ վարակը ջրի՞ց է, թե՞ սննդից: Երեկ տեղեկացանք, որ համաճարակն արդեն Ալավերդի է հասել, եւ այնտեղ էլ հոսպիտալացվել է 14 մարդ:

Երեկվա դրությամբ, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց մեր այցելության պահին աղեստամոքսային գանգատներով 57 հիվանդ բուժում էր ստանում: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Չիլինգարյանի ներկայացմամբ՝ 64 մարդ արդեն դուրս է գրվել: Հոսպիտալացված երեխաների մեծ մասը տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 բժշկական համալիր, որտեղ շարունակվում է բուժումը: Ռոբերտ Չիլինգարյանը հիվանդների ընդհանուր վիճակը գնահատեց միջին ծանրության: Գլխավոր բժշկի հավաստմամբ՝ դուրս գրված հիվանդները լիարժեք բուժում են ստացել եւ հետ չեն վերադարձել կամ կրկին դիմել բժշկի:

Իսկ վարակն Ալավերդի հասնելու առնչությամբ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք եղել ենք Ալավերդիում, պարզել ենք համաճարակաբանական տվյալները: Սարահարթ համայնքում տեղի է ունեցել կոյուղու միամոմենտ վթար: Սա որեւէ ձեւով չի առնչվում Վանաձորի բռնկման հետ, չնայած 2 դեպքում էլ քաղաքացիները հիվանդանոց են դիմել աղեստամոքսային գանգատներով»: Վերոնշյալ ախտանիշներով արդեն 2-րդ օրն է՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում Նինա Կիրակոսյանը: Նրա խոսքերով. «Մինչ այս՝ պառկած էի մեկ այլ հիվանդանոցում՝ շաքարիս բարձրացման հետ կապված: Հետո գանգատներիս հետեւանքով տեղափոխեցին էստեղ: Հիմա, ինչպես դուք եք տեսնում, բրնձով շիլա եմ ուտում»:

Մեզ հետ զրուցած հիվանդները նույնպես չէին կողմնորոշվում, թե հատկապես ինչից հետո է սկսվել իրենց ինքնազգացողությունը վատանալ՝ ջրի՞ց, թե՞ սննդից:

Հոսպիտալացված աղջիկներից մեկն էլ, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ինքն առհասարակ ջուր չի խմում եւ մշտապես թեյ է օգտագործում, բայց, իհարկե, թեյով չի լվանում ատամները կամ դրանով լողանում:

Նշենք, որ վանաձորցիների խմելու ջրի համար պատասխանատու է քաղաքային ջուր մատակարարող ընկերությունը՝ «Լոռի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը:

Մինչ մասնագետները փորձում են հայտնաբերել ինֆեկցիայի աղբյուրը, «Առավոտը» զրուցեց նաեւ «Լոռի ջրմուղ-կոյուղու» տնօրեն Արարատ Գինոսյանի հետ: Նա գրեթե բացառեց, որ վարակի բռնկման պատճառը ջուրն է: Նրա ներկայացմամբ. «Իմ աշխատանքային 24 տարիների ընթացքում շարքից դուրս եկած ջրատարների հետեւանքով եղել են բազմաթիվ վթարներ, բայց ոչ մի անգամ բռնկում չի գրանցվել, նույնիսկ այն դեպքերում, երբ կոյուղու եւ խմելու ջրերն իրար են խառնվել: Չեն կարող մի բան պնդել, եթե չկան ապացուցող փաստեր: Այսօր ոչ մի մասնագետ չի տվել այն բացիլի անունը, որն իբր թե առկա է ջրի մեջ եւ բռնկման պատճառ կարող էր դառնալ»: Նա նաեւ հավելեց. «Եթե ապացուցվի, որ ջրի մեջ է հայտնաբերվել բռնկման բացիլը, մենք հազար անգամ ներողություն կխնդրենք եւ կավելացնենք, որ մենք չենք մեղավորը, մեղավորը շարքից դուրս եկած խողովակներն են»:

Երեկ, ավելի ուշ, առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վարակի աղբյուրը, այնուամենայնիվ, ջուրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել