Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԱԿԵՏ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

Հոկտեմբեր 29,2008 00:00

\"\"Սամվել Շահինյանը գտնում է, որ ԼՂՀ հարցը հայկական էթնոսի գոյատեւման հարց է

«Ցանկացած լուծում չի կարող վերջակետը լինել, քանի որ այդ հարցը մեզ առաջադրվել է մեր հարեւանների կողմից՝ համաշխարհային հանրության եւ 21-րդ դարում ընթացող գործառույթների, քաղաքական խոշորագույն տեղաշարժերի ծիրում»,- ԼՂՀ հարցի հնարավոր հանգուցալուծումների մասին ասում է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը: Նա գտնում է, որ մենք մեր կենսականորեն անհրաժեշտ տարածքում ենք, եւ եթե մեր հարեւանները մի քիչ ավելի խելոք լինեն՝ կհասկանան, որ հայ ժողովրդի, նրա կենսագոյության հետ կապված ցանկացած առանցքային հարց եթե լուծվում է սխալ՝ հետեւանքը հարյուրավոր տարիներով է լուծում պահանջում եւ դառնում է աշխարհակենտրոն հարց: Ուստի, այսուհետեւ մեզ հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի նվազագույն կենսապահովման շրջանակում, որ՝ «նորից մեր միջից չծնվեն նոր ԱՍԱԼԱ-ներ, նոր պայքարողներ: Եթե էթնոսի գոյատեւման խնդիր առաջանա, իսկ այդ դեպքում տարածքի բացակայությունը (խոսքը ազատագրված տարածքների մասին է- Ն. Գ.) արդեն լուրջ ահազանգ է, վստահ եղեք, որ այդ խնդիրն ավելի է բարդանալու»: Հնարավոր համարո՞ւմ եք, որ գործող իշխանությունը կգնա այդ քայլին եւ կվերադարձնի ազատագրված տարածքները՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանում է. «Այսօր էլ արդեն, եթե դիտարկում ենք բնակեցման, զարգացման տեմպերով, ծրագրային զարգացման հեռանկարային խնդրով, այն տարածքները, որտեղ բնակություն է հաստատված, եւ կազմակերպված պետահասարակական կառույցներ են գործում՝ այլեւս խաթարել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է յոթ շրջանների վերադարձին՝ ես չեմ հասկանում, Զանգելա՞նն է մեզ համար ավելորդ, թե…»: Եվ հակադարձում է. «Իսկ Ադրբեջանը, որը ամբողջատիրական ցանկություններ ունի, կբավարարվի՞ այդ յոթ շրջաններով»:

Այդուհանդերձ, եթե ղարաբաղյան հարցի հանգուցալուծումը տեղի ունենա մինչեւ տարեվերջ, ինչպես ակնարկում են գերտերությունները, ի՞նչ իրադարձություններ կզարգանան Հայաստանում: «Ժամանակին, երբ որոշումը կար, Արցախը պետք է միացված լիներ Հայաստանին եւ Հայաստանն իր անկախությունից հետո ճանաչվեր կա՛մ Արցախի հետ, կա՛մ առանց Արցախի՝ չճանաչվեր: Դրա բոլոր օրենսդրական նախադրյալները կային, բայց չարվեց: Մեր պետական քաղաքականությունը եղավ ջայլամային, զուրկ կենսական հիմքերից ու ապագայի տեսլականներից: Մենք չենք ունեցել սկզբունքային լուծում՝ ի՞նչ է նշանակում մեզ համար տարածք, ի՞նչ է նշանակում հայ ժողովուրդ: Դե, եթե տալն էդպես հեշտ է՝ եկեք Հայաստանն էլ տանք. կարող է փոխարենը մեզ ուրիշ բան տան, ինչը երեւի ավելի թանկ կլինի»,- հեգնում է Ս. Շահինյանը: Մեր զրուցակցին հիշեցրինք, որ դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ազատագրված տարածքներն ազատագրվում էին, որպեսզի հետո վերադարձվեն ու հետաքրքրվեցինք, արդյո՞ք մարտական գործողությունների ժամանակ ինքը գիտեր, թե ինչ նպատակով են ազատագրվում տարածքները: «Պատկերացրեք, որ ինքը ճիշտ էր ասում. հարթավայրում մենք պաշտպանվելու շատ քիչ հնարավորություններ ունեինք, այնուամենայնիվ, այդ տարածքները մենք գրավում էինք ոչ թե նրա համար, որպեսզի հետո փոխանակենք, այլ բուֆերային գոտի ստեղծելու համար: Դա տրամաբանական է, բայց կռվող որեւէ զինվորի նման բան չես ասի: Եվ հետո, առաջ մենք փոխանակության խնդիր չէինք տեսնում. մենք մտածում էինք՝ ազատագրել այդ տարածքները կենդանի մնալու, չոչնչանալու համար: Այն ժամանակ մենք բոլորս ոտքի էինք կանգնել վերջին պատերազմում կռվելու եւ հաղթելու համար, որեւէ էսպիսի ճղճիմ քաղաքական նպատակներ, «բազարային» մտքեր չեն եղել»,- պատասխանեց պարոն Շահինյանը՝ նկատելով, որ խնդիրն այսօր մեր մեջ է. «Նապաստակային բան է մտել մեջներս՝ տանք՝ չնեղանան»:

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, որ Սերժ Սարգսյանը երկու մուրճի հարվածի տակ է՝ ազատագրված տարածքները վերադարձնելու պարտադրանք եւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական հարցի լսում, որտեղ, ըստ որոշ քաղաքական շրջանակների, Հայաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կկիրառվեն, արդյունքում նախագահը ստիպված կլինի հրաժարական տալ, մեր զրուցակիցն ասում է. «1995 թվականից նման գուշակություններ են լինում, բայց միանգամայն հակառակն է տեղի ունենում, որովհետեւ գուշակողները հոգեւոր սնանկ մարդիկ են, եւ երազում կորեկ են տեսնում: Սադամին 20 տարի անիծեցին՝ մինչեւ գլուխը կերան: Ֆիդելն արդեն մի ոտքը գերեզմանում է, արդեն մումիա է դարձել, բայց որպեսզի ցույց տա իր հաղթական կերպարը՝ շարունակում է ապրել, որպեսզի ապացուցի, որ էդքան հեշտ չի: Ֆիդելի հարցը ինչի մի՞ անգամ են լսել, ամենաբարձր ատյաններում ինչի մի՞ անգամ են էմբարգո դրել: Կոնկրետ խնդիր է դրված՝ ուզո՞ւմ ես ապրել, թե՝ ոչ: Ուզում ես՝ ապրիր, ոչ մեկին մի հարցրու: Բոլորը գնում- ասում են՝ մենք սա պահանջում ենք, դուք ի՞նչ իրավունքով չեք տալիս: Մերոնք՝ իրավազուրկ, վերջին ողորմելիի պես՝ բա որ հանկարծ… Ադրբեջանական դիվանագիտության հաջողությունն այն է, որ իրենց ամենաապուշ հայտարարություններին այնքան տեր կանգնեցին, որ աշխարհը հավատաց: Աշխարհին համոզել են, որ իրենք երկկենցաղ են, որովհետեւ այդ տարածքը ջրով է եղել ծածկված, բայց իրենք մշտապես այդ տարածքում են ապրել: Դու քո խնդիրը դիր ու տեր կանգնի՝ աշխարհը ի՞նչ պիտի անի: Առողջ հայկական միտք չկա. մի տեղից ֆրանսիական օծանելիքի հոտն է, մյուսից ամերիկյան հոմոսեքսուալիզմի, երրորդից՝ ռուսական սապոգի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել