Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԴԵՄ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

Հոկտեմբեր 29,2008 00:00

ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը հոկտեմբերի 24-ին եռամսյա վարույթից հետո կարճել է Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանի հայցի վարույթն ընդդեմ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ նրան «իր պաշտոնից բխող գործողություններ կատարել պարտադրելու» պահանջով:

Հիշեցնենք, որ Կարեն Հեքիմյանը մարտի 27-ին եւ մայիսի 6-ին դիմել էր Պաշտպանին՝ իրեն առանց որեւէ հիմնավորման ոստիկանության բերման ենթարկելու եւ ժամեր շարունակ անազատության մեջ պահելու կապակցությամբ: Եվ իր պնդմամբ՝ որեւէ աջակցություն չի ստացել, Արմեն Հարությունյանը որեւէ որոշում չի կայացրել ու «իր դեպքում ցուցաբերել է անգործություն»: Պատասխանողը նշել էր, թե այս հայցադիմումը պետք է վարույթ չընդունվեր, քանի որ ենթակա չէ վարչական դատարանում քննության, մասնավորապես այն պատճառով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանի որոշումները վարչական ակտ չեն ու ենթակա չեն բողոքարկման: Եվ առանց անդրադառնալու Կարեն Հեքիմյանի հիմնավորումներին՝ միջնորդել էին կարճել գործի վարույթը: Դատավորն էլ այժմ ընդունել է այս փաստարկների հիմնավորվածությունը՝ նշելով, թե «Պաշտպանի գործողությունները եւ անգործությունը անձանց համար փաստական հետեւանքներ չեն առաջացնում», եւ այս վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

Կարեն Հեքիմյանն «Առավոտին» հայտնեց, որ անպայման բողոքարկելու է այս վճիռը Վճռաբեկ դատարան՝ նաեւ նոր հիմքով. «Ես կփորձեմ ապացուցել, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում անիմաստ է, քանի որ դատավոր Ռուզաննա Հակոբյանը փաստել է, թե նա կարող է գործել կամ չգործել՝ միեւնույն է, դրանից ոչ մի փաստական հետեւանք չի բխում: Եվ որպես հարկատու էլ զարմացած եմ՝ ուրեմն ինչո՞ւ ենք հսկայական գումար վճարում այդ ապարատը պահելու համար, որ Պաշտպանը միայն տեսնի կամ չտեսնի մարդու իրավունքների խախտում, առանց որեւէ փաստական հետեւանքի: Դա ես էլ կարող եմ տեսնել կամ չտեսնել, Սերժ Սարգսյանը՝ նույնպես: Էլ Պաշտպանն ինչի՞ է պետք, եւ այս դեպքում ինչո՞ւ է պահանջում անձեռնմխելիություն իր աշխատակազմի համար՝ հասնելով մինչեւ Վենետիկի հանձնաժողով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել