Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ. ԼՂ մանդատը տալ ԵՄ-ին

Հոկտեմբեր 29,2008 00:00

Երեկ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը «Հայացք» ակումբում հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները վարում են ղարաբաղյան հարցի ոչ արդարացի լուծման քաղաքականություն՝ բացահայտ հետապնդելով կարգավորման խնդիրը սեփական շահերին ծառայեցնելու նպատակ: Նրա դիտարկմամբ, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ-ի, նաեւ՝ եվրոպական երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուները սովորություն են դարձրել հայ ազգի ճակատագրի հանդեպ դատավորի կեցվածք ընդունել:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՌԱԿ ատենապետը անհրաժեշտ է համարել, որ Հայաստանը դադարեցնի իր մասնակցությունը ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում վարվող բանակցային գործընթացին, նաեւ, որ ՀՀ իշխանությունները պաշտոնապես դիմեն Հաագայի միջազգային դատարան՝ ընդդեմ ադրբեջանական կառավարության՝ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ այլ բնակավայրերում 1988-1994թթ. հայերի նկատմամբ էթնիկ զտումներ, ջարդեր, թալան եւ կողոպուտ իրականացնելու, Ղարաբաղի վրա հարձակվելու, Ղարաբաղի եւ Հայաստանի քաղաքներն ու գյուղերը ռմբակոծելու, ուստիեւ՝ ագրեսոր լինելու մեղադրանքով: Հ. Առաքելյանի ասելով, դատական այդ գործընթացը, որին կարող է լծվել նաեւ սփյուռքի հայերի ներուժը, հայկական կողմին հնարավորություն կտա ստեղծված իրավիճակում ժամանակ շահել: Իհարկե, Հ. Առաքելյանի դիտարկմամբ, սա պահեստային տարբերակ է՝ այն դեպքի համար, եթե Ադրբեջանը «նավթային դոլարի եւ իսլամական աշխարհի աջակցությամբ հարցը տեղափոխի ՄԱԿ»:

ՀՌԱԿ ատենապետի կարծիքով, հայաստանյան մամուլում եղած հրապարակումները՝ տարածքները հանձնելու իշխանության մտադրության եւ պայմանավորվածության մասին, թելադրված են «դրսից» եւ ունեն հասարակության տրամադրությունները շոշափելու եւ ժողովրդի ոգին կոտրելու նպատակ, մանավանդ, որ ինչպես Հ. Առաքելյանն է ասել՝ ինքը չի պատկերացնում մի երկիր, որը ադրբեջանական հնարավոր հարձակման դեպքում զենք կվերցնի եւ կպաշտպանի Հայաստանին: Լրագրողները հարցրին՝ արդյոք այդպիսի փորձ չե՞ն իշխանությունների կողմից արվող՝ տարածք զիջելու պատրաստակամության մասին հայտարարությունները: Ըստ Հ. Առաքելյանի, իշխանությունն իր այդ հայտարարություններով պարզապես ժամանակ է շահում, մինչեւ որ Հայաստանը տնտեսապես ամրանա: Միաժամանակ ՀՌԱԿ ատենապետը ներկայացրել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումը, ըստ որի՝ առաջարկում է ոչ միայն ԼՂ խնդիրը դարձնել Հաագայի միջազգային դատարանի քննարկման առարկա, այլեւ՝ դրանից հետո ԼՂ-ին տալ Եվրամիության մանդատ՝ այն դարձնելով Եվրամիության հետաքրքրության գոտի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել