Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ՝ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը

Հոկտեմբեր 29,2008 00:00

\"\"«Մարտի 1»-ի գործով պաշտպանները համարում են, որ իր այս որոշմամբ նախաքննության մարմինն իրենց զրկում է արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու հնարավորությունից:

Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանը հոկտեմբերի 23-ին գրությամբ հայտնել էր «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների պաշտպաններին, թե իրենց տրամադրվել են գործի նյութերի պատճեններն ու ապացույցները, եւ անցել է բավարար ժամկետ. «Առաջարկում եմ՝ մինչեւ հոկտեմբերի 27-ն ավարտել քրգործի նյութերին ծանոթանալը»: Հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ե՛ւ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դժգոհեց, թե գործին ծանոթանալը «անհարկի ձգձգվում է», ե՛ւ հետո Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին էր հանդիպման ժամանակ ասել, թե պաշտպաններին դեռ սեպտեմբերի 10-ից է հնարավորություն տրվել ծանոթանալու քրգործի նյութերին, սակայն նրանք խախտում են ողջամիտ ժամկետները. «Արդեն 47 օր է, ինչ մեղադրյալներն ու նրանց պաշտպանները ծանոթանում են քրգործի 41 հատորներին»:

Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը, որը համակարգում է «Մարտի 1»-ի գործով պաշտպանների աշխատանքը՝ այս դժգոհությանն ի պատասխան ասաց. «Գլխավոր դատախազը գուցե նկատի ունի, որ փաստաբանների մեջ է՞լ կան այնպիսի փայլո՜ւն, տաղանդավո՜ր իրավաբաններ, ինչպիսին, օրինակ, դատավոր Ժորա Վարդանյանն է, որը կարողացավ 3 ժամում ծանոթանալ Գագիկ Ջհանգիրյանի 3 հատորանոց քրգործին: Բայց պետք է «ցավով» նշեմ, որ մեր փաստաբաններն առաջնորդվում են քաղաքակիրթ, եվրոպական չափանիշներով, ըստ որոնց՝ մանավանդ նման գործի 1 հատորին ծանոթանալու ողջամիտ ժամկետը 3 օրն է: Սակայն ընդառաջ էին գնացել նախաքննության մարմնին՝ ի սկզբանե պահանջելով մեկ հատորի համար գոնե 2 աշխատանքային օր»: Մտադիր էին այս գործընթացն ավարտել առաջիկա 15-30 օրում, սակայն պաշտպանները երեկ հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ազդարարվել է գործին ծանոթանալու ժամկետը մինչեւ հոկտեմբերի 31-ը սահմանափակելու մասին: Ըստ Արմեն Խաչատրյանի՝ բոլոր պաշտպաններն առարկություններ են ներկայացրել այդ որոշման դեմ, եւ հնարավոր է՝ նաեւ բողոքարկեն այն, քանի որ համարում են, թե տրված ժամկետը ողջամիտ չէ, «ինչը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները՝ արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու հնարավորության իմաստով»:

Գլխավոր դատախազությունից ստացած պատասխանի հիման վրա էր, որ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ չեն եղել հրազենային վնասվածք ստացած իրավապահներ: Հանձնաժողովում ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանը հետո նշեց, թե այնուամենայնիվ՝ ցուցարարների զենք կիրառելու մասին կան վկայություններ. «Նման մեղադրանքներով քրգործեր կան հարուցված։ Նաեւ Թատերական հրապարակում են զենք ու փամփուշտներ հայտնաբերվել… Կալանվածներից մեկը խոստովանել է, որ զինված է եղել ավտոմատով ու կրակահերթեր է արձակել, թեեւ պնդում է, որ օդ է կրակել»: Վերջին ակնարկը վերաբերում է այժմ Երեւանի քրեական դատարանում քննվող Ֆելիքս Գեւորգյանի գործին, որը հոկտեմբերի 24-ին հայտարարել է, թե մարտի 1-ի դեպքերին չի մասնակցել ու զենք էլ չի կիրառել: «Նա ամբողջովին հրաժարվեց նախաքննության ընթացքում այդ մասով իր տված ցուցմունքներից՝ դրանք պատճառաբանելով իր հանդեպ կիրառված ճնշումներով ու նաեւ ոստիկանության կողմից գործադրված բռնությամբ»,- պատմեց Արմեն Խաչատրյանը: Ընդգծենք, որ Ֆելիքս Գեւորգյանը միակ ամբաստանյալն է, որը մեղադրվում է մարտի 1-ին հրազեն գործածելու համար:

Վիրավոր ոստիկանների եւ նրանց սաղավարտների, զրահաբաճկոնների ու ծնկակալների վերաբերյալ գլխավոր դատախազության տվյալները վերաբերում են միայն նռնակներից եւ պայթուցիկ սարքերի բեկորներից ստացած վնասվածքներին: Այս մասին հիշեցմանը Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավարն այսպես արձագանքեց. «Գլխավոր դատախազը բողոքում է, թե պաշտպանները 47 օր է՝ ձգձգում են նյութերին ծանոթանալը, բայց մինչ այժմ որեւէ մեղադրյալ ու փաստաբան չեն ծանոթացել իրեղեն ապացույց ճանաչված առարկայի, ինչն օրենքը ոչ միայն նախատեսում է, այլ նաեւ պարտադրում՝ ինչ-որ իմաստով: Որեւէ ձող, որեւէ մահակ, որեւէ վնասված ծնկակալ ու զրահաբաճկոն չի ներկայացվել ո՛չ մեղադրյալներին, որոնք իբր կազմակերպել են այդ զենքի գործադրմամբ զանգվածային անկարգությունները, ո՛չ էլ փաստաբաններին, որոնք պիտի տեսնեին, թե այո՛, իրոք կա պայթած նռնակ, որի բեկորը կպել է որեւէ զինվորի: Այսինքն՝ անգամ այս պարագայում մեզ համար դեռ կան չփարատված կասկածներ. մենք չենք տեսել որեւէ իրեղեն ապացույց, որը ցույց կտար, թե իսկապես օգտագործվել է նռնակ, եւ մի կողմ թողնենք՝ ոստիկանական ուժերի՞ կողմից, թե՞ ժողովրդի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել