Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՏԱՐՈՒՄ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հոկտեմբեր 28,2008 00:00

\"\"Երեկ «Թեքեյան» մշակութային կենտրոնում «Օտարում» փաստագրական ֆիլմի շնորհանդեսն էր, որի գաղափարը «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությանն է: Ֆիլմի սցենարի հեղինակը գրող-հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն է, իսկ ռեժիսորը՝ Կարեն Ադամյանը: «Ֆիլմի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ 2001-ին կառավարությունը, ոտնահարելով ՍԴ համապատասխան որոշումը, Հյուսիսային պողոտայի եւ Գլխավոր պողոտայի պետական կարիքների անվան տակ քաղաքացիների սեփականությունը օտարելու խնդիր դրեց: Ֆիլմն այս մասին է պատմում»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց հ/կ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Հետաքրքրվեցինք՝ ֆիլմում ի՞նչ կադրեր են օգտագործվել: «Ֆիլմում ելույթ են ունեցել փաստաբաններ, բնակիչներ: Նկարահանվել են Մարդու իրավունքների նախկին եւ ներկա պաշտպաններ Լարիսա Ալավերդյանն ու Արմեն Հարությունյանը: Ֆիլմում տեղ են գտել «Հայլուրի» կադրերը, այնպես որ, ոչ մի անօրինական կադր չենք դրել: Ներկայացրել ենք նաեւ ՀՀ առաջին եւ երկրորդ՝ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ելույթներից հատվածներ»,- ասաց պարոն Բաղդասարյանը: Մեր հարցին՝ ֆիլմը կցուցադրվի՞ կինոթատրոններում, վերջինս պատասխանեց. «Երբ ֆիլմը պատրաստ էր, դիմեցինք «Մոսկվա» կինոթատրոնին: Վճարեցինք բոլոր գումարները, ու կինոթատրոնի ղեկավարները վերջին պահին միայն ասացին, թե այն քաղաքականացված է, եւ իրենք չեն կարող ցուցադրել: Մենք շնորհանդեսից հետո ֆիլմը կտարածենք նաեւ բոլոր հեռուստաընկերություններով, թող իրենք որոշեն՝ ցուցադրե՞լ, թե՝ ոչ»:

Ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանն ասաց. «Սա իմ առաջին ֆիլմը չէ, արդեն մոտ 20-30 ֆիլմերի սցենարի հեղինակ եմ: Երբ Սեդրակի հետ ուսումնասիրեցինք ու բավական փաստեր գտանք՝ ծնվեց այս ֆիլմը: Նոր փաստեր ունենալու դեպքում կնկարահանենք «Օտարումի» 2-րդ եւ 3-րդ մասը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել