Կացնահարություն՝ Նոր Նորքում
Կիրակի օրը Նոր Նորքի հանրապետական հիվանդանոց էր տարվել Նառա Ծառուկյանը: Նրան կացնահարել էին քույրը՝ Վերոնիկան, եւ վերջինիս ընկերը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդ Աշոտ Թորոսյանը: «Առավոտի» տեղեկություններով, քույրն ու նրա ընկերը դարանակալել են 4-րդ զանգվածի 3-րդ շենքի դիմաց: Տեսնելով Նառային շենքից իջնելիս՝ 11 շենքի մոտ նախապես թաքցրած կացնով հարվածել են գլխին, մեջքին եւ դիմել փախուստի: Երեկվա դրությամբ Նառայի վիճակը ծանր էր, նա ենթարկվել է վիրահատության:
Ծառուկյանների ընտանիքի գործը՝ հայցադիմումը, գտնվում է Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Վերոնիկա Ծառուկյանը բնակարան է պահանջում մորից, քույրերից: Այդ ընթացքում մայրն ու քույրը, նրանց փաստաբան Ռուբեն Բալաբանյանը դիմել են համայնքի ոստիկանություն ու դատախազություն՝ նրանց ներկայացնելով կացնահարողի հեռախոսային սպառնալիքները՝ մորն ու քրոջը: Փաստաբանն անգամ միջնորդել էր կալանքի վերցնել քրոջն ու փեսացուին, սակայն իրավապահներն ասել էին՝ հիմքեր չկան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Դիակ՝ բնակարանում
Հոկտեմբերի 25-ին ահազանգի հետքերով՝ բացվել է Երեւանի Էստոնական փողոցի 6-րդ շենքի թիվ 35 բնակարանը (հարազատների ներկայությամբ), որտեղ հայտնաբերվել է 70-ամյա Ռոզա Չերկասովայի դիակը:
Թունավորվել էր
Ըստ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, շմոլ գազի թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Տոլստոյի 18 հասցեում բնակվող՝ 24-ամյա Մարգարիտա Մարտիրոսյանը:
Բժշկի գնահատմամբ՝ Մ. Մարտիրոսյանի առողջական վիճակը միջին ծանրության է:
Պայթել եւ հրդեհվել է
Կիրակի օրը հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրիի Լ. Մադոյան փողոցի թիվ 49 տանը:
Նախնական վարկածի համաձայն՝ բնական գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն եւ հրդեհ, ինչի հետեւանքով փլուզվել են տան միջնապատն ու խոհանոցի դուռը, կոտրվել են ապակիներ, մասամբ վնասվել է գույքը, իսկ տանտիրուհին՝ 82-ամյա Սեդա Բարեյանը, այրվածքներով տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Նրա վիճակը միջին ծանրության է:
Զոհվել է
Հոկտեմբերի 25-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 18ՏՏ539 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել Վայոց ձորի ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով մեքենայի 31-ամյա ուղեւորը՝ Հարություն Զաքարյանը զոհվել է: Իսկ հաջորդ օրը Երեւանի Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-2107» մակնիշի 3200Տ պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, որը տեղում զոհվել է:
1 զոհ, 3 վիրավոր
Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Սեւան-Երեւան ավտոճանապարհին բախվել են «ԴԵՈՒ» մակնիշի 08ՕՏ971 պետհամարանիշով ավտոմեքենան եւ «ԳԱԶ-53» մակնիշի 35ԼՕ261 պետհամարանիշով բեռնատարը:
Ավտոպատահարի հետեւանքով «ԴԵՈՒ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ռուբեն Արզումանյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ՝ 33-ամյա Խաչատուր եւ ուղեւորներ՝ 31-ամյա Մարի ու 37-ամյա Հասմիկ Խաչատրյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց:
Մեքենան՝ Սեւանում
Սեւանա լիճն էր ընկել «ՎԱԶ 2107» մակնիշի 42ԼԼ928 պետհամարանիշով ավտոմեքենան: Վարորդը՝ Հրազդանի բնակիչ Սերյոժա Ասատրյանը չի տուժել: