ՀՀԿ-ի հաղթարշավը տեղական ինքնակառավարման մարմիններում շարունակվում է
Հոկտեմբերի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել Արագածոտնի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի թվով 279 համայնքներում, որոնցից 197-ում՝ միաժամանակ ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրություններ:
Շիրակի մարզում Գյումրիի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը՝ հավաքելով 31375 ձայն: Նրա մրցակիցները՝ անկուսակցական Մարտուն Գրիգորյանը եւ ԱԻՄ անդամ Դանիել Դարբինյանը հավաքել են համապատասխանաբար՝ 19905 եւ 769 ձայն:
Արթիկի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ ներկայացուցիչ Խաչատուր Վարաղյանը՝ հավաքելով 4516 ձայն: Նրա հիմնական մրցակից, անկուսակցական Հմայակ Աբրահամյանը ստացել է 3739 ձայն:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում վերընտրվել է գործող քաղաքապետ, անկուսակցական Մնացական Մնացականյանը: Նա ստացել է 1842, իսկ նրա մրցակից, ՀՀԿ անդամ Գուրգեն Գրիգորյանը՝ 1342 քվե:
Աշտարակ քաղաքում հաղթել է առաջադրված միակ թեկնածուն՝ գործող քաղաքապետ, անկուսակցական Գագիկ Թամազյանը:
Ապարանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում եւս հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գոռ Աբրահամյանը՝ հավաքելով 2256 ձայն, նրա մրցակից, անկուսակցական Ռազմիկ Պետրոսյանը, որին աջակցելու հայտարարությամբ հանդես էին եկել քաղբանտարկյալները, ստացել է 1225 քվե:
Գեղարքունիքում, Սեւան քաղաքում գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գեւորգ Մալխասյանը ստացել է 7315, նրա մրցակից, անկուսակցական Հրաչիկ Կարապետյանը՝ 2578 ձայն:
Վարդենիս քաղաքում ՀՀԿ անդամ Վոլոդյա Խլոյանը հավաքել է 2803 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից, գործող քաղաքապետ ու դարձյալ ՀՀԿ-ն ներկայացնող Վարդան Բարսեղյանը՝ 2325 ձայն:
Մարտունի քաղաքում վերընտրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Բագրատ Հարությունյանը՝ հավաքելով 3222 ձայն, նրա կուսակից Ռաշիդ Մհերյանը ստացել է 1251, անկուսակցական Գարիկ Հակոբյանը՝ 1514 քվե:
Գավառի քաղաքապետ է ընտրվել առաջադրված միակ թեկնածու, Միավորված աշխատանքային կուսակցության անդամ Երվանդ Մարտիրոսյանը: