Ասում է «Գրական թերթի» նախկին խմբագիր, գրող Նորայր Ադալյանը՝ կոչ անելով Գրողների միությունը շրջափակել՝ գրական գորշ հեղեղից պաշտպանելու համար:
ՀԳՄ նախագահության անդամ, գրող Նորայր Ադալյանը «Առավոտի» հետ զրույցում փաստում է, որ Գրողների միության եւ իր խոսքով՝ որոշ գրական անձնավորությունների միջեւ հակամարտությունը ոչ թե մեկ-երկու ամսվա, այլ տարիների պատմություն ունի: Իսկ թե ինչո՞ւ են գրական շրջանակներն այդ ամենի հանդեպ զգուշավոր, ըստ մեր զրուցակցի. «Մարդիկ ուղղակի չեն ուզում կեղտոտվել: Դա նման է նրան, որ փողոցով հագած-կապած անցնես, մեկ էլ մի անկիրթ վարորդ դիտավորյալ ջրափոսի միջով քշի մեքենան ու քեզ ցեխոտի… Նման պատմությունները տհաճ են, վնասակար Հայաստանի գրողների միության եւ ամբողջ գրական կյանքի համար… Մյուս կողմից էլ, երկրի եւ ժողովրդի համար կարեւոր պահերին, գրողները միշտ էլ համախմբված են եղել: Ո՞վ չգիտե, որ հենց Գրողների միության դահլիճից է սկսվել ղարաբաղյան շարժումը: Այսօրվա պես աչքիս առաջ են միության ամբիոնին դրված այն 6-7 հատորները՝ հազարավոր ստորագրություններով, որոնք Վարդգես Պետրոսյանը տարավ արժանահիշատակ Կարեն Դեմիրճյանին: ՀԳՄ-ն այսօր էլ անտարբեր չէ Ղարաբաղի ճակատագրի հանդեպ. բառացիորեն օրերս բոլորս ստորագրել ենք Աբդուլա Գյուլին ուղղված նամակի տակ եւ մեր մտահոգությունը հայտնել Ղարաբաղի հարցով»:
Մեր զրուցակիցն ասում է, որ մշակութային մթնոլորտն իրեն չի բավարարում. «Ինչ վերաբերում է կոնկրետ Գրողների միությանը, այնտեղ էլ շատ բան դուր չի գալիս, ինչի մասին բարձրաձայնել եմ ե՛ւ ՀԳՄ նախագահության նիստերին, ե՛ւ իմ որոշ հոդվածներում: Ժամանակներ են փոխվել, չի կարող ամեն ինչ շարունակվել այնպես, ինչպես 1934 թվականին էր, երբ հիմնադրվեց Գրողների միությունը: Միության կարեւոր խնդիրներից մեկը պետք է լինի ստեղծագործական մտքի ազատականացումը եւ ազատությունը… Ցավոք, եւ գեղարվեստական գրականությունը, եւ հրապարակախոսությունը նահանջել են, թուլացել, չեն ներկայացվում օբյեկտիվ ճշմարտություններ, մի տեսակ ճղճիմացել ենք»:
Նորայր Ադալյանին հարցրինք, թե ինչո՞ւ հեռացավ «Գրական թերթից», որի խմբագիրն է եղել 2 անգամ՝ 80-ականներին եւ 2002-2005-ին. «ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը դեմ էր, որ հեռանամ, թեեւ երկուսս, որպես միության նախագահ եւ խմբագիր, մի շարք հարցերում համակարծիք չէինք: Ես հեռացա «Գրական թերթից», քանի որ մի կարեւոր բան, որ հակառակ էր իմ մարդկային եւ գրական նկարագրին, չկարողացա անել. չկարողացա թերթի էջերում կանխել այն գորշ հեղեղի մուտքը, որ ամեն օր զգում էի, չէի կարող դառնալ գորշության պրոպագանդայի զինվոր: Ավելի լավ էր անգործ մնայի… Ի դեպ, որքան գորշ է գրական միջավայրը, այնքան փառքի, գովաբանության, մեծարման պահանջատերերը շատ են: Օրինակ, մի ոչ ճանաչված բանաստեղծի գրքի մասին «Գրական թերթում» փոքրիկ հոդված էր տպագրվել, ու այդ բանաստեղծը դժգոհ էր մնացել, որ հոդվածագիրն իրեն անվանել է շնորհալի: Ասացի, ա՛յ մարդ, Ներսեսն էլ էր Շնորհալի: Նրան էդպես ասել են իր շնորհքի համար, բայց Ներսեսը դրանից չի նեղացել, այլ փառավորվել է: Հիմա այնպիսի գնահատականներ են տրվում ամենասովորական գրական երեւույթներին, որ ոչ Թումանյանն է այդ գնահատականին արժանացել, ոչ Իսահակյանը, ոչ Սեւակը, ոչ էլ մյուս մեծերը»:
Մեր հարցին՝ մի՞թե չկան վառ անհատականություններ, որ գորշությամբ էր լցվում «Գրական թերթը»: «Իհարկե, կան, բայց նրանք էլ մտածում են՝ չխառնվենք գորշությանը,- պատասխանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պիտի հստակեցվեն գրական չափանիշները,- կարեւոր է գրականության ճիշտ գնահատությունը, որքան էլ ծանր եւ դաժան լինի… Հաճախ ասում են՝ մեղավորը Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն է, բայց դա միայն նրա խնդիրը չէ, ընդհանուրի մեջ նա եւ բոլորս ունենք մեղքի մեր բաժինը, որովհետեւ գրական քննադատությունն այսօր դարձրել ենք բաժակաճառ, քեֆի սեղանի շուրջ ասվող խոսք, չի՛ կարելի, այսպես երբեք չի եղել: 50 տարի հետեւում եմ գրական կյանքին եւ մի 40 տարի էլ գրականության մեջ եմ, բայց չափանիշների այս աստիճանի անկման երբեւէ չեմ հանդիպել»:
Ն. Ադալյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք արդարացվում է ոտանավորների փոքրիկ գրքույկ տպագրած Լեւոն Անանյանի այն քայլը, որ վերջերս տպագրված ժամանակակից պոեզիայի անթոլոգիայում իր գործերն էլ է զետեղել: «Այդ հսկայական գրքում երեւի թե 80%-ը չպիտի լինեին, եթե ուզում էինք մեր պոեզիայի լուսավոր կողմերը ներկայացնել, 100-ից պիտի ընտրեինք մի 10-ին,- առանց «փակագծերը բացելու» հայտնեց գրողը, որը համամիտ չէ տարածված այն մտայնությանը, թե Գրողների միությունն իրեն սպառել է,- ինչքան էլ Գրողների միությունը թերություններ ունենա, նրա գոյությունը կարեւոր է»: Իսկ հատկապես ո՞ր թերություններից պիտի ձերբազատվի այս կառույցը: «Արդեն վերը նշեցի գրական չափանիշների մասին: Գրողների միությունը պետք է նաեւ ընտրություն կատարի՝ ո՞ր գրքերը այդ շենքի դահլիճներում քննարկվեն, թե չէ, ինչ լույս է տեսնում՝ շնորհանդեսի է վերածվում ու այդ շնորհանդեսներում էլ միայն գերադրական աստիճանի գովասանքներ են հնչում: Ժամանակն է շրջափակել միությունը, որպեսզի գորշ հեղեղը ներս չմտնի: Լեւոն Անանյանն էլ է սա գիտակցում, բայց ինքն ի վիճակի չէ դրա դեմն առնելու: ՀԳՄ-ն պիտի պրոպագանդի միայն շնորհալի գրողներին եւ ոչ միայն միության պատերի ներսում…»,- ասում է Ն. Ադալյանը: Դառնալով ՀԳՄ նախագահի պաշտոնի վրա աչք ունեցողներին, նա նշում է. «Մեր ժողովուրդը մի թերություն ունի՝ թագավորի աթոռը մեկն է, բայց բոլորն ուզում են նստել այդ գահին»: Իսկ ի՞նչ է տալիս ՀԳՄ նախագահի աթոռը, որ նման հավակնություններ են ծնվում: «Երկերի ժողովածուների տպագրություն… Շատերը ակնկալիքներ ունեն՝ կապված գրական հիմնադրամի հետ, ոմանք, հավանաբար, ուզում են իշխել ՀԳՄ շարքային անդամների վրա: Մի խոսքով՝ իշխանասիրություն կա այս պայքարում: Ոչ ոք չի ասում, թե Լեւոն Անանյանը Գրողների միության անբասիր նախագահ է, բայց նա նաեւ դրական գործունեություն է ծավալում, կաշվից դուրս է գալիս, որ պահպանի միությունը»,- գտնում է Ն. Ադալյանը:
Դառնալով Գրողների միության եւ Աբգար Ափինյանի «թիմակիցների» հակամարտությանը՝ մեր զրուցակիցն ասում է. «Աբգար Ափինյանին կցանկանայի, որ զբաղվեր գրականագիտությամբ եւ գրական հասարակայնությանն ապացուցեր, որ լավ գրականագետ է: Շատ ցավում եմ Ռազմիկ Դավոյանի համար: Ախր ինչո՞ւ է ուզում նորից դառնալ նախագահ: Գրողների միությունը նրան լավ գիտի… Թե նախագահ եղած ժամանակ ի՞նչ լավ բան է արել ինքը, այս պահին դժվարանում եմ պատասխանել: Կարծում եմ, իրեն հարգող տաղանդավոր որեւէ գրող չի ուզենա նախագահություն անել… Ինչ վերաբերում է Ղումաշյանին, նրան չեմ ճանաչում, թեեւ ազգանունը ականջովս ընկել է: Փաստեմ, որ նույնիսկ ստալինյան տարիներին ոչ մի գրող մյուսին դատի չի տվել, իսկ այսօր ցավով եմ տեսնում, թե ինչպես են գրականության մարդիկ իրար դատի տալիս: Ընդամենը մի անգամ է պրոցես եղել, այն էլ Տրոյկայի ժամանակ, երբ 15 րոպեանոց դատ արեց Մոսկվայից եկած զինվորական կոլեգիան, ու Թոթովենցը գնդակահարվեց: Զարմանում եմ նաեւ, որ Դավիթ Հովհաննեսի պետական մրցանակն է շահարկվում: Իմ համոզմամբ, նա մեր այսօրվա կարկառուն գրական դեմքերից մեկն է, եւ չպետք է նրան քննադատել իրերն իրենց անուններով կոչելու համար: Ի վերջո, բառարանները բառերի գերեզմանոց չեն, գրողը պիտի կենդանացնի հայոց լեզվի բառապաշարը: Կան բառեր, որոնք հնչեցնում են բանաստեղծությունը, եւ Դավիթը կարողանում է ընտրել հենց այդ բառերը»: