Հոկտեմբերի 30-ին ապօրինի խորհուրդը տնօրենի ընտրություններ կանցկացնի
«Առավոտի» սեպտեմբերի 25-ի համարում՝ «Ոստիկանի կնոջը չեն ընդունում» հրապարակման մեջ հայտնել էինք, որ Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար թեժ պայքար է գնում: Նաեւ նշել էինք, որ հավակնորդներն են Ավանի ոստիկանության բաժնի պետ Արմեն Իսրայելյանի կինը՝ ուսմասվար Հայկուշ Նիկոյանը, կազմակերպիչ Աստղիկ Թադեւոսյանը, դասվար Քնարիկ Սարգսյանը եւ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Սվետլանա Հովսեփյանը: Նույն հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ 2008-ի ապրիլին ձեւավորված դպրոցի կառավարման խորհուրդը ցրվել է եւ պիտի նորը ձեւավորվի, որն էլ հոկտեմբերի 30-ին տնօրենի ընտրություններ է կայացնելու: Մեր տեղեկություններով, Հ. Նիկոյանի ամուսնուն Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհուրդ է տվել իր հետ բարեկամությունը չշահարկել այս պատմության մեջ, դրա համար 124-ի ուսմասվարը տեղի է տվել, եւ տնօրենի պաշտոնի հիմնական հավակնորդներն այս պահի դրությամբ Ք. Սարգսյանն ու Ս. Հովսեփյանն են:
124-րդ դպրոցի հարցը հասել էր մինչեւ ԱԺ, եւ դրանով սկսել էր զբաղվել «Ժառանգություն» խմբակցության անդամ Ա. Բախշյանը: Վերլուծելով բոլոր փաստերը, պատգամավորը եկել է հետեւյալ եզրակացության. դպրոցի նոր խորհրդի կազմը անօրեն է, հետեւաբար չի կարող անցկացնել ընտրություններ: ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը, պատասխանելով Ա. Բախշյանի 07.10.2008թ. նամակին, գրել էր, որ հոկտեմբերի 3-6-ը ուսումնասիրություններ են կատարել 124-րդ դպրոցում, եւ մանկավարժների հետ կրթության պետական տեսուչների հանդիպման ժամանակ պարզվել է, որ նրանցից ոչ մեկը չի ճանաչել նախկին խորհրդի բոլոր անդամներին: Ա. Բախշյանը պնդում է, որ չճանաչելը պատճառ չէ նախկին խորհուրդը փոխելու համար: Խ. Մուրադյանի՝ պատգամավորին ուղարկած պատասխան նամակում ասվում է նաեւ, որ դպրոցի խորհրդի կազմը փոփոխելու հարցը քննարկվել է մանկավարժական խորհրդի 17.09.08 նիստում. «Մանկավարժական խորհրդի նիստին մասնակցած 34 անդամից 15-ը լքել է այն, առաջադրված թեկնածուների ընտրությունը կատարվել է խախտումներով՝ բաց քվեարկությամբ, իսկ ծնողներից մեկը՝ Կարինե Մինասյանը, չունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն»: Երեւանի քաղաքապետն էլ, հիմք ընդունելով դպրոցի մանկավարժական եւ ծնողական խորհուրդների, ինչպես նաեւ՝ Ավան համայնքի ղեկավարի որոշումներն ու քաղաքապետարանի կրթության վարչության պետի զեկուցագիրը, հաստատել է դպրոցի խորհրդի նոր կազմը:
Ա. Բախշյանը «Առավոտին» ներկայացրեց այս տարվա սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած դպրոցի մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունը, որտեղ սկզբում ասվում է, թե նիստին մասնակցել է խորհրդի 34 անդամից 18-ը, որովհետեւ բացակա ուսուցիչներից ոմանք բոյկոտել էին այն, բայց վերջում, չգիտես ինչու, դպրոցի խորհրդի նոր անդամներ են ընտրվել 34 ձայնով: Դպրոցի մանկավարժական խորհրդի արձանագրության մեջ գրված է նաեւ, որ «մանկավարժական խորհրդի անդամները ընդունել են նախկին խորհրդի անբավարար աշխատանքը եւ որոշել ընտրել խորհրդի նոր կազմ», ու 34 ձայնով դպրոցի խորհրդի նոր անդամներ են ընտրվել Իրիցյան Ելենան եւ Հարությունյան Փիրուզը: Ըստ տիկին Բախշյանի, մանկավարժական խորհուրդը չունի նման լիազորություններ. «Ըստ կանոնադրության, խորհրդի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել հիմնադրի որոշմամբ. ա) սահմանված կարգի խախտմամբ տնօրեն ընտրելու դեպքում, բ) տնօրենի՝ պաշտոնավարության ընթացքում խախտումներ կատարելու կապակցությամբ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի դադարեցմամբ որոշում չընդունելու դեպքում… Ըստ օրինակելի կանոնադրության, հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ընտրվում է 3 տարի ժամկետով, խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են առաջադրողի նախաձեռնությամբ եւ խորհրդի որոշմամբ կամ իր անդամի դիմումի համաձայն: Տվյալ պարագայում նախկին խորհրդի կազմից որեւէ մեկը հրաժարական չի տվել… Այնպես որ, մանկավարժական խորհուրդը չունի իրավասություն՝ ամբողջ խորհրդին ցրելու եւ վաղաժամկետ դադարեցնելու նրա գործունեությունը»:
Պատգամավորը նաեւ անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանի գործունեությանը: «Քաղաքապետարանը տեսչություն չէ, տեսչական իրավունքները դրված են միայն կրթության տեսչության վրա, մինչդեռ քաղաքապետարանի կրթության վարչության աշխատակիցների աշխատասենյակների վրա գրված է՝ տեսուչներ: Քաղաքապետարանի կրթության վարչությունը պարտավոր է դպրոցին մեթոդապես օգնել, պետության կողմից որդեգրված կրթության քաղաքականությունը հասցնել դպրոց, ոչ թե խանգարել դպրոցին: Թե չէ՝ հաճախ օրվա տարբեր ժամերի տնօրենին ինչ-որ թուղթ բերելու պատրվակով կանչում են քաղաքապետարան: Էլ չեմ ասում այն մասին, որ դպրոցներին չպիտի դասի հաշվին հրավիրեն ինչ-որ պաշտոնյայի հետ հանդիպման, ինչպես եղավ Մեդվեդեւի այցի ժամանակ: Այդ օրը ամբողջ ռուսական հրապարակը լցրեցին ուսուցիչներով ու աշակերտներով»,- ասաց պատգամավորը:
Խոսվեց նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի վատառողջ լինելու եւ նրա պաշտոնի հնարավոր հավակնորդների մասին: «Աստված առողջություն տա պարոն Վաթյանին, իսկ եթե նրան փոխելու անհրաժեշտություն կա, ուրեմն այնտեղ պիտի գնա մեկը, որը կրթության գիտակ է: Պարոն Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում ասում էր, որ կրթությամբ պիտի ժողովրդի կենսամակարդակը բարձրանա: Չեմ կարծում, թե նա կուզենա, որ կրթության վարչության պետ նշանակվի մեկը, որը սաբոտաժի կենթարկի իր ծրագիրը: Այլ բան է, որ այդ պաշտոնի հավակնորդների շարքում կլինեն այն դպրոցների տնօրենները եւ այն պաշտոնյաների կանայք, ովքեր լավագույնս ծառայել են ընտրություններում»: